«Նա միշտ մեզ հետ է, մեր սրտերում». Ռոբերտ Աբաջյանի հայրական տունը և «Եռաբլուրը» մարդաշատ էին

0
143

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրական տունը մարդաշատ էր: Նոյեմբերի 16-ին Արցախի հերոսի ծննդյան 20-ամյակ էին եկել շնորհավորելու նրա բարեկամները, հարազատները և ընկերները:

Կենսուրախ, հումորասեր, ընկերասեր. այսպես են նկարագրում Ռոբերտին նրա հարազատները: Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, նկարագրելով հերոսին, նշեց, որ որդու հետ ուներ ընկերական հարաբերություն. «Նա միշտ կենսուրախ էր, աշխույժ, հումորասեր: Ռոբերտին հիշում ենք այսպես: Նա միշտ մեզ հետ է, մեր սրտերում: Ծնունդդ շնորհավոր Կյաժ ջան»:

Ռոբերտի պապը՝ Գևորգ Աբաջյանը, բնութագրելով հերոսին, նշեց, որ թոռնիկը երբեք կիսատ չէր թողնի իրեն հանձնարարված գործը: «Թոռնիկս մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, բայց դրանով նա չէր բավարարվում, ուզում էր ատամնաբույժ դառնալ: Բժշկական քոլեջը ավարտելուց հետո ընդունվեց Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Կատակով ինձ ասում էր «Պապ, խելոք մնա, թե չէ ատամներդ չեմ սարքի»: Այսպես միշտ ուրախ, հումորասեր: Հանձնարարված գործը երբեք կիսատ չէր թողնում: Երևի դա էր պատճառներից մեկը, որ նա դիմեց նման հերոսական քայլի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռոբերտի պապը:

Հորաքույր Ռիտա Աբաջյանը հիշում է Ռոբերտին, որպես եզակի արժանիքներ կրող անձնավորության: «Բոլոր դրական հատկանիշները նա ուներ: Խոսքով անհնար է նրան նկարագրել: Աշխատում էր միշտ խնդիրներին արդարացի լուծում տալ»,- ընդգծեց հերոսի հորաքույր Ռիտա Աբաջյանը:

Այնուհետև հյուրերը այցելեցին Երևանի «Եռաբլուր» պանթեոն` տուրք մատուցելու Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Եռաբլուրում էր նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ռոբերտ Աբաջյանի հիշատակին տուրք մատուցելու էր եկել նաև ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով «Ռիո 2016» օլիմպիական խաղերում հաղթանակը նվիրեց Ռոբերտ Աբաջյանին և Արցախում զոհված բոլոր հայորդիներին: 

 

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
http://armenpress.am/arm/news/868163/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here