Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

0
129

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկա տվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների գործընկերների հետ ներկայիս համագործակցությունը և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նոր նախագծով վերացվում է պետական մարմինների վերահսկողությունը, փոփոխվում է կուսակցության գրանցման պահին պահանջվող անդամների թիվը,  ստեղծման պահին կուսակցության՝ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջը և այլն: Նախարարն այս մոտեցումը գնահատել է որպես կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացում և ընդգծել, որ ի սկզբանե, նախագծի մշակման հիմքում հենց այդ գաղափարախոսությունն է դրված եղել:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին տեղեկացրել է նաև, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում, ինչպես նաև Խորհրդարանում:  

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին:
http://armenpress.am/arm/news/868070/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here