ՀՀ ԱԺ նախագահը կարևորում է ՀՀ եւ ՌԴ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում

0
124

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաեւ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ հոգեւոր մտերմությունը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակ ում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչի ապացույցը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցերն են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարեւորությունը:

«Համոզված եմ, որ մեր պետությունների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ մենք պետք է հանդես գանք համակարգված եւ փոխշահավետ մոտեցումներով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերի հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին կայանալիք համատեղ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ:

Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր հենքի վրա: Նա անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ մի շարք հարցերում կարեւորել փոխադարձ աջակցությունը: Պարոն Կոսաչովի համոզմամբ՝ երկու երկրների պատվիրակությունների` տարբեր ձեւաչափերով հանդիպումները պետք է առավել հաճախակի դարձնել:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 
http://armenpress.am/arm/news/868527/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here