Հերոսներ են Սիրիայում ապրել շարունակող հայերը. Հրանուշ Հակոբյանի բացառիկ հարցազրույցը

0
119

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ապրող հայերը կրակ ու բոցի մեջ շարունակում են հայի ոգին, հայկականությունը պահել ու պահպանել: Սա չտեսնված երեւույթ է, որը հատուկ է միայն հայ ազգին: Սիրիահայերի, Սփյուռքում ապրող հայերի եւ նախարարության առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զ րուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Սիրիայում պատերազմական գործողությունների հետեւանքով Ռաքքա քաղաքից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ: Այս օրինակով կարծես փաստվում է, որ իրագործվում է Սփյուռքի նախարարության գլխավոր առաքելություններից մեկը` նպաստել հայրենադարձությանը: < /b>Շա՞տ են նման օրինակները:

-Նման օրինակները շատ քիչ են մեր իրականության մեջ: Ես կարծում եմ, որ փայլուն օրինակ է: Այս ընտանիքը հայրենասիրական մեծ պաթոսով է դաստիարակել իր զավակներին: Զավակներ, ովքեր պաշտպանում են հայրենիքի սահմանները: 

Հայաստանի իշխանությունները մի կողմից ջանք չեն խնայում Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի կեցության պայմանները մեր երկրում բարելավելու, մյուս կողմից` բոլորիս հայտնի է, որ նրանք այստեղ հանդիպում են բազմաթիվ դժվարությունների` սկսած կեցության, կրթության հարցերից, մինչեւ աշխատ անք ձեռք բերելու խնդիրը: Կա՞ ձեզ համար խնդրի լուծման ճանապարհը, որով պատրաստվում եք առաջնորդվել:

-Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան: Հայաստանում նրանք իրենց հողի վրա են, առավել ապահով են: Այստեղ կան խնդիրներ նրանց սոցիալական, մշակութային, կրթական ինտեգրման առումներով: Ես կարող եմ ասել, որ այն համակարգը, որն աÕ �սօր գործում է մեր երկրում` սիրիահայերի ինտեգրման հետ կապված մեծ գործ է կատարում: Գործում է չորս աշխատանքային խումբ եւ յուրաքանչյուր խումբ բոլոր կառույցների կողմից ներկայացուցիչներ ունի: Նրանք փորձում են հատկապես առավել կարիքավորներին օգտակար լինել:

Ինչպիսի՞ն է ձեր տեսլականը սիրիահայերի հետ կապված:

-Դեռ երկար ժամանակ է պետք Հալեպը վերականգնելու համար: Շատ ուրախ կլինենք, որ Հալեպում որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի, բայց, ցավոք, հիմքերը դեռ թույլ չեն տալիս ավելի լավատես լինել: Եթե Հալեպում խաղաղություն հաստատվի, մեր հայրենակիցներից շատերը կվերադառնան` իրենց ունեցածը վերագտնելու համար: Սակայն կարծում եմ, որ այն սիրիահայերը, որոնք հաստատված են Հայաստանում, կմնան այստեղ: Այսօր Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի նրանց հետ: Այս առումով հերոսներ են այն մարդիկ, ովքեր շարունակում են Սիրիայում ապրել: Նրանք իրենց համայնքին շատ կապված են: Սիրիայում ապրող հայերը կրակ ու բոցի մեջ շարունակում են հայի ոգին, հայկականությունը պահել ու պահպանել: Այսօր 2800 աշակերտ սովորում է Սիրիայի հայկական դպրոցներում: Բառեր չեմ գտնում ասելու այն ուսուցիչներին, ովքեր կրակե անձրեւի տակ երեխաներին այբ, բեն, գիմ են սովորեցնում, փոխանցում հայոց պատմությունն ու կրոնը:

Հալեպում իրավիճակի վատթարացման հետեւանքով` վերջին շրջանում հոսքի ավելացում նկատվո՞ւմ է: Ընդհանուր առմամբ քանի՞ սիրիահայ է ապրում Հայաստանում:

-Հայաստանում այս վերջին դեպքերից հետո ապաստան է գտել 20  հազար սիրիահայ կամ սիրիացի: Մինչեւ սեպտեմբերի 30-ը` «արյունալի ուրբաթ»-ը, Հայաստան եկել էր 428 մարդ` միջինացված ցուցանիշով յուրաքանչյուր ամիս մինչեւ 50 մարդ: Հոկտեմբերի ընթացքում 67 մարդ է Հայաստան եկել, նոյեմբերի ընթացքում` 27: Խուճապային իրավիճակ չկա: Հենց որ Սիրիայում ռումբերը պայթում են, մարդիկ մտածում են հայրենիք վերադառնալու մասին, հենց իրավիճակը հանդարտվում է, որոշում են մի քիչ էլ սպասել: Հանրապետության նախագահի հանձնարարականը հենց առաջին օրից եղել է` «օգնել սիրիահայե րին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են»: Բավականին վերջերս էր, երբ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ երկու օդանավ մարդասիրական օգնության բեռ հասավ Հալեպ: Մենք տասնյակ նամակներ ենք ստացել տեղի փոքրիկների կողմից, ովքեր շնորհակալություն են հայտնել օգնության համար եւ նշել, որ հայրենիքից եկած հագուստը իրենց ուժ է տալիս դիմանալու:

Աշխարհասփյուռ հայկական համայնքների կրթության, հայապահպանության ծրագրերից որո՞նք կառանձնացնեիք, որ եղել են առավել արդյունավետ կամ լավ արդյունքներ են խոստանում առաջիկա ամիսների, տարիների համար:

-Մենք առանձնացնում ենք չորս  գլխավոր սյուներ, որոնց վրա կառուցվում է հայ տունը. դա հայ կրթությունն է, հայ ընտանիքը, հայ լեզուն, հայ մշակույթն ու հավատքը: Հատկապես չորրորդ սերունդը շատ տեղերում կորցրել է լեզուն: Մենք ունենք խնդիրներ, երբ երեխաները արդեն չեն խոսում հայերեն, եւ դա է պատճառը, որ բոլոր հայկական համայնքների հետ աշխատելիս, առաջին տեղում մենք դնում ենք լեզվի իմացության խնդիրը: Մեր բյուջեի 1/5-ը մենք տալիս ենք դասագրքերին` առաքելու Սփյուռքի տարբեր դպրոցներ, որպեսզի  ուսուցիչները կարողանան երեխաներին կրթել Հայաստանից ստացված դասագրքերով: Մենք նաեւ ուսուցիչների վերապատրաստում ենք իրականացնում:

Ես շնորհակալ եմ Սփյուռքի հայկական բոլոր կառույցներին, որովհետեւ նրանք աշխատանքից զատ զբաղվում են հայապահպանությամբ: Համայնքը հայ պահելով մտահոգ մարդկանց պետք է գնահատել ու ոգեւորել, որպեսզի նրանք շարունակեն իրենց հայապահպան գործունեությունը: Մեր առաջիկա խնդիրներից է հզորացնել «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, որը ձեւավորվեց լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ժամանակ, քանի որ Ղարաբաղը մեր գլխավոր մտահոգության առարկան պետք է լինի, մենք պետք է Ղարաբաղի դատը պաշտպանենք եւ մինչեւ վերջ հասցնենք եւ դա պետք է արվի նա եւ Սփյուռքի ջանքերով ու ուժերով: 

Ի՞նչ այցեր եք կատարել կամ պլանավորում դեպի տարբեր երկրների հայկական համայնքներ:

-Ցավոք այս տարի ընդամենը երկու այց եմ ունեցել հայկական համայնքներ եւ 40-ից ավելի հրավերներ եմ ստացել: Հավանաբար, մինչև տարեվերջ երկու այց էլ կունենամ: Այցերի սակավությունը, սակայն, փորձում ենք լրացնել հեռակապի միջոցով: Մենք գրեթե ամեն շաբաթ կապվում ենք  հայկական համայնքների հետ, խոսում ծրագրերից, համայնքի խնդիրներից:

Լինելով ՀՀ Սփյուռքի առաջին նախարարը` ըստ ձեզ ո՞րն է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների այն ամենամեծ խնդիրը, որը մինչեւ այժմ իր լուծումը չի ստացել:

-Սփյուռքում ամենամեծ խնդիրը վստահության պակասն է: Հայրենիքն այսօր կարիք ունի մեր հայրենակիցների եւ օգնությանը, եւ աջակցությանը: Մենք չենք ասում եկեք բարեգործություն արեք  մեր երկրում: Եկեք, ներդրումներ արեք, շահ ունեցեք`  գործազրկությունն  ու արտագաղթը նվազեցնելով: Հայրենիքն այսօր ունի օրենսդրական բոլոր պայմանները` բիզնես սկսելու համար: Մեր միասնությունը չպետք է թուլանա, մեր միասնությունը դեպքից-դեպք չպետք է երեւա: Մենք ամեն օր պետք է մտածենք հայը հային մեծարելու, հայը հայով առաջ գնալու, հայը` հայրենիքի կողքին, հայրենիք` Սփյու ռքի կողքին լինելու բանաձեւերով:

Հարցազրույցը` Անի Դանիելյանի
http://armenpress.am/arm/news/868647/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here