Սփյուռքի նախարարը պարգևներ հանձնեց Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի լրագրողներին

0
133

Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին անվանի լրագրողներ, Հանրային հեռուստաընկերության և Հայրային ռադիոյի աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրանց Հայկական հեռուստատեսության 60 և ռադիոյի 90 ամյակների առթիվ և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց: Նա մասնավորապես նշեց. «Այսօր փոքրիկ հանդիսություն ենք կազմակերպել՝ արժևորելու մեր սիրելի հեռուստատեսության 60-րդ եթերաշրջանը: Տարին հոբելյանական է, և առիթն օգտագործելով շնորհավորում եմ Հանրային հեռուստատեսության հոբելյանը, որը ես բաժանում եմ երկու մասի՝ 35 գումարած 25: Որպես Խորհրդային Հայաստանի միակ հեռուստատեսություն 35 տարի կայացման ճանապարհ է անցել, և 25 տարի անկախ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը փորձել է բազմաթիվ անկախ հեռուստատեսությունների մեջ մնալ առաջինը: Ուզում եմ մաղթել, որ Հանրայինը կարողանա իրականացնել հասարակության բոլոր սպասելիքները: Սփյուռքի նախարարության գոյության առաջին օրվանից Հանրայինը շատ հիմնահարցեր է բարձացրել, լծվել է Սփյուռքի հայկական համայնքների խնդիրների, Հայաստան-Սփյուռք առնչությունների սրտացավ ու ճշմարտացի լուսաբանմանը: Շնորհակալ եմ, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանին, ստեղծագործական խմբին՝ Սփյուռքում կատարած մեծ աշխատանքի և մեզ հետ սերտ համագործակցության, մեր ծրագրերին մասնակցելու համար: Նրանց շնորհիվ մենք կարողանում ենք մտնել աշխարհի ամենահեռավոր անկյուններում ապրող հայի տուն, ծանոթանալ նրա խնդիրներին ու ցանկություններին: Արփեն Մովսիսյանի, Արթուր Բախտամյանի հեղինակային հաղորդումների, Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի շնորհիվ Սփյուռքն ավելի է մոտենում Հայաստանին, իսկ Հայաստանը՝ Սփյուռքին: Նրանց շնորհիվ է նաև, որ մեր ծրագրերը համահայկական են դառնում»:

Բարձր գնահատելով Սփյուռք-Հայաստան գործակցության զարգացման ու լուսաբանման ուղղությամբ կատարված աշխատանքը, Հանրային հեռուստատեսության հոբելյանի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ հանձնեց հայկական հեռուստատեսության առաջատարներին:

Հեռուստալրագրողներ Արփեն Մոսիսյանը և Արթուր Բախտամյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի ղեկավար Ռուզան Առաքելյանը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով:

Նախարարության պատվոգրեր ստացան Հանրային հեռուստատեսության ռեժիսորներ Մարինե Սահակյանը, Մարինե Բլբուլյանը և Հասմիկ Մարգարյանը:

Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին բարձր գնահատանքի համար: Հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը նշեց. «Քանի որ մեր ամբողջ լսարանը Սփյուռքում է, ես այս պարգևը համարում եմ մասնագիտական մրցանակ և գիտակցում եմ, որ ավելին պետք անենք»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here