Հայաստանում Ապրող Նախկին Թորոնթօհայը Չի Հասկանում Այն Հայերին, Ովքեր Լքում Են Հայաստանը. Լարա Չոլաքեանը Կանադա Վերադառնալու Ցանկութիւն Այլեւս Չունի

0
173

Վարեց՝ ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Տորոնտոյում ծնուած եւ մեծացած Լարա Չոլաքեանի առօրեան Երեւանում ծանրաբեռնուած է: 3 երեխաների մայրը որքան հոգատարութեամբ զաւակների խնամքն է ապահովում, նոյնքան խնամքով վերաբերում է աշխատանքին, որով զբաղւում է արդէն 9 տարի: Նա «Վիւասել-Էմ.Թի.Էս.» ընկերութեան մարդկային ռեսուրսների վարչութեան պետն է:

Ամուսնու՝ Րաֆֆի Տուտաքլեանի նախաձեռնութեամբ ընտանիքը 12 տարի առաջ տեղափոխուեց Հայաստան: Օտար միջավայրում մեծացած Լարան հիմա իր կեանքը չի պատկերացնում առանց Հայաստանի:

Երեւանը հիւրընկալել ու լաւ ապրելու հնարաւորութիւն է տուել բոլոր այն կանադահայերին, ովքեր ձգտել են վերադառնալ հայրենիք: Շատերն այստեղ ապրում են երկար տարիներ, ու հիմա, երբ հայ ընտանիքները լքում են Հայաստանը, հայրենադարձների մօտ դա առնուազն զարմանք է առաջացնում՝ ինչպէ՞ս կարող են թողնել հայրենիքն ու ապահովութիւն փնտռել օտար հողում: Noranor.ca-ն զրուցել է Լարա Չոլաքեանի հետ հայրենադարձութեան, օտար հողում ապրելու դժուարութիւնների եւ այլ հարցերի շուրջ:

Այլ երկրներում կարելի է ձեռք բերել միայն սոցիալական բարեկեցութիւն, բայց հոգեկան հանգստութիւնը, ընտանիքի ու ընկերների միջավայրը վայելելու բերկրանքը միայն կարելի է ունենալ Հայաստանում, համոզուել են Տուտաքլեան ամուսինները: Լարան հիացմունքով է խօսում ամուսնու հայրենասիրութեան մասին: Մինչ նրա հետ ծանօթանալը նրա համար Հայաստանը հեռաւոր հայրենիք էր, որտեղ ապրելու մասին անգամ չէր մտածել, աշխատելու համար գուցէ այցելեր Հայաստան:

«Ասում է՝ մի ժողովուրդ չի կարող գոյատեւել, եթէ իր հողի վրայ չապրի: Ես որ Կանադա ծնուել, մեծացել եմ, ու իմ կեանքը եղել է շատ օտարաշունչ, նա շատ հեշտութեամբ ինձ համոզեց, որ մեր կեանքը հայրենիքում կազմակերպենք», պատմում է Լարան, ով Կանադայում ապրած իր տարիները բնութագրում է որպէս դժուար, երբ ստիպուած է եղել օտար միջավայրում պահպանել հայեցիութիւնը: Ծնողները, որ հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչներ են, իրենց փորձել են հայեցի մեծացնել, այնինչ հոգեբանօրէն դժուար է եղել օտարութեան մէջ պայքարել ինքնութեան պահպանման համար, ներկայացնում է կինը:

«Այստեղ չկայ մէկը, որ ինձ ստիպի հայերէն խօսել, ամէն ինչը հայերէն է: Մէկը չկայ, որ ստիպի օտար ընկեր չունենամ, բայց Կանադայում ամէնքը օտար էին, այսինքն՝ հակասական է, երբ քո ինքնութիւնը ուզում ես պահել օտար երկրի մէջ», համոզուել է նա:

Ամուսնու առաջարկը հոգեհարազատ էր այնքան, որ անմիջապէս ընդունեց: Այն ժամանակ աշխատում էր միջազգային զարգացման ծրագրերում եւ հերթական ծրագիրը ներկայացրեց Հայաստանի համար: Յաջողուեց ինչպէս իր, այնպէս էլ ամուսնու աշխատանքը: Րաֆֆի Տուտաքլեանը աշխատանքի անցաւ «Թուֆէնքեան» հիմնադրամում՝ որպէս գործադիր տնօրէն, իսկ ինքը՝ Լարան, նախ աշխատեց «Եւրասիա» հիմնադրամում՝ որպէս տարածաշրջանային տնօրէն, իսկ յետոյ տեղափոխուեց «Վիւասել-Էմ.Թի.Էս.» ընկերութիւն:

Աշխատասիրութեան շնորհիւ ամուսիններին յաջողւում է երեխաների համար սոցիալական նորմալ պայմաններ ապահովել, իսկ առաջնայինը նրանց համար Հայաստանում ապրելու ցանկութիւնն ու հնարաւորութիւնն էր:

«Ես մի րոպէ չեմ փոշմանում, որ տեղափոխուել եմ Հայաստան, որովհետեւ ընտանիքիս կեանքի որակը, կեանքի արժէքը, զարգացնելու հնարաւորութիւնը փոխուել է. Հայաստանը տուել է այն, ինչ Կանադան չի տուել: Ես չեմ ասում՝ Կանադան վատ երկիր է. Կանադան տուել է տնտեսական հնարաւորութիւններ, որ կարող է այստեղ դժուար լինի, բայց մենք չենք փնտռում տնտեսական արժէքներ միայն», պատմում է երիտասարդ կինը, ում ծնողները ապրում են Կանադայում: Նրանց այցելելիս էլ ձգտում է հնարաւորինս շուտ վերադառնալ տուն, իսկ երբ այստեղ արդէն լսում է, որ իր գործընկերները ձգտում են լքել Հայաստանը, չի կարողանում հասկանալ նրանց որոշումը:

«Ինչո՞ւ է ժողովուրդը գնում, յատկապէս այն մարդիկ, ովքեր լաւ եկամուտ ունեն: Չեմ խօսում աշխատանք չունեցողների մասին, այլ լաւ եկամուտ ունեցող մեր գործընկերների մասին: Իրենք ասում են՝ մեր երեխաների ապագայի մասին ենք մտածում, իսկ ես հակառակն եմ տեսնում, որ էստեղ ինչ էլ որ անես, կարաս ապագան իրականացնել, կարաս հանգիստ, ապահով երեխայ պահել», նշում է 3 զաւակների մայրը, ով նախկինում որոշ թերահաւատ վերաբերմունք ունէր Հայաստանի նկատմամբ:

Օրինակ՝ առողջապահական հաստատութիւնների վերաբերեալ այդ թերահաւատութիւնը պատճառ եղաւ, որ իր առաջին զաւակը 11 տարի առաջ ծնուի Կանադայում: Հիմա արդէն բոլորովին այլ կարծիքի է.

«Այն ժամանակ վախեցայ այստեղ ծննդաբերել, էստեղի պայմանները կարող է լաւ չլինեն, մասնագէտները չկարողանան օգնել, յղի վիճակով վերադարձայ Կանադա ու էնտեղ ծննդաբերեցի: Շատ փոշմանեցի, որովհետեւ էնտեղի մասնագէտներն աւելի լաւ չէին, քան մեր էստեղի մասնագէտները: Դրա համար միւս երկու երեխաներս ծնուեցին այստեղ»:

Իսկ այդ երեխաների համար հիմա ապահով կեանք, յետագայում էլ ապահով ապագայ է ցանկանում տեսնել, թէեւ ասում է՝ նրանց փոխարէն չեն որոշի, բայց քանի դեռ Հայաստանում ապրելու պայմաններ ունեն, չեն մտածի հայրենիքը լքելու մասին:

«Աստուած չանի, որ ստիպուած լինենք Կանադա վերադառնալ: Այսինքն՝ ոչ մի կոնկրետ եկամուտ չկարողանանք ապահովել, ոչ մի հնարաւորութիւն չունենանք, որ ապրենք: Չեմ կարծում, որ էդ աստիճանի կը հասնենք, որովհետեւ մենք աշխատասէր ենք, եւ ինչ էլ լինի, ձեւը կը գտնենք, որ այստեղ մնանք», համոզուած է «Վիւասել-Էմ.Թի.Էս.» ընկերութեան աշխատակիցը, ով շնորհակալ է ճակատագրին նրա համար, որ հանդիպել է իր ամուսնուն ու վերադարձել Հայաստան: Եթէ այդ հնարաւորութիւնը չլինէր, չէր բացառւում, որ օտարերկրացու հետ ամուսնանար, անկեղծանում է Լարան:

«Երախտապարտ եմ, որ նա օգնեց այդ որոշումը կայացնելու: Եւրոպա որ ապրել եմ, չեմ պատկերացրել կեանքս ուրիշ տեղ: Մենք ազատ էինք եւ հանգիստ էինք զգում: Մեր ինքնութիւնը զարգացել է շնորհիւ մեր հայրենիքի», ասում է ինքնութեան համար 29 տարի պայքարած կինը, ում երազանքները եւս, ամուսնու նման, հիմա միայն հայրենի հողի հետ են կապուած:

 

«ՆՈՐԱՆՈՐ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here