Դինքի մահն արթնացրեց մարդկանց խիղճը. Ռագըփ Զարաքոլուի մեկնաբանությունն «Արմենպրես»-ին

0
108

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքի սպանությունը պատճառ դարձավ մարդկային խղճերի արթնացման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն:

«Անգամ այն ժամանակ, երբ գիտեր, որ սպանվելու է, ասաց` ինձ չեք կարող վախեցնել: Հանցագործությունը պատճառ դարձավ մարդկանց խղճերի արթնացման համար»,- նշեց մտավորականը:

Նրա համոզմամբ` հենց Հրանտի մահը սկիզբ դրեց թուրք-քրդական հաշտեցման գործընթացին, որը, սակայն, ներկայում տապալված վիճակում է: «Հրանտը սպանվեց ազգային համաձայնությամբ»,- ասաց Զարաքոլուն` ընդգծելով, որ այսօր Թուրքիայի քաղաքական կյանքի երեք հիմնական կուսակցությունները միավորվել են և ժխտում են Հայոց ցեղասպանությունը:

Մտավորականը հիշեցրեց, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդները ներկայում կալանավորված են, իսկ երկրի արևելյան շրջաններում այդ կուսակցության անդամ քաղաքապետերը հայտնվել են վտանգի տակ: «Հրանտը սպանվեց, քանի որ դեմ էր այս ամենին»,- եզրափակեց Զարաքոլուն:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներիÕ ¶ պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Արաքս Կասյան
http://armenpress.am/arm/news/875245/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here