Թուրքիայի մեջլիսը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական փոփոխությունների առաջարկի ևս չորս հոդված

0
120

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել են Սահմանադրական փոփոխությունների առաջարկի ևս չորս` 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

8-րդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին, որոնք ընդլայնվում են: Նախագահն ունենում է գործադիրի լիազորություններ: Նա հնարավորություն է ստանում նշանակել փոխնախագահներին և նախարարներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև իր ցանկությամբ դադարեցնել նրանց պաշտոնավարումը: Նախագահն իրավունք է ձեռք բերում Մեջլիսի օրենքները հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ դիմել Սահմանադրական դատարան` դրանք չեղյալ հայտարարելու հարցով:

Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Նա սահմանելու է երկրի ազգային անվտանգության քաղաքականությունը, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքները դնելու է ժողովրդի քվեարկությանը: Լինելու է թուրքական զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձանց պատիժը թեթևացնելու կամ հանելու լիազորություն է ունենալու:

9-րդ հոդվածը վերաբերում է երկրի նախագահին պատասխանատվության ենթարկելուն: Ըստ նախատեսվող փոփոխության` հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահին դեմ կարող է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների ամբողջ թվի բացարձակ մեծամասնության առաջարկով:

10-րդ հոդվածը կապված է երկրի փոխնախագահների հետ: Դրանում նշվում է, որ փոխնախագահներին ընտրում է երկրի նորընտիր նախագահը: Նախագահի պաշտոնի թափուր մնալու պարագայում 45 օրվա ընթացքում նոր ընտրություններ պետք է իրականացվեն: Քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել, նախագահի լիազորություններն անցնելու են փոխնախագահին: Երկրի նախագահի հիվանդ լինելու կամ արտերկրում գտնվելու պարագայում ևս փոխնախագահը կատարելու է երկրի ղեկավարի լիազորությունները: Փոխնախագահները պետք է մեջլիսում երդում տան:

11-րդ հոդվածը վերաբերում է մեջլիսի և նախագահի ընտրություններին: Փոփոխության համաձայն` մեջլիսի անդամների 3/5-րդի պահանջով կարող են նոր ընտրություններ հրավիրվել: Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նախագահի ընտրությունների հետ նույն օրը: Եթե նախագահը պաշտոնավարման երկրորդ շրջանում է և մեջլիսը նոր ընտրությունների որոշում է կայացնում, նա կարող է ևս մեկ անգամ առաջադրվել: Թե նորընտիր խորհրդարանի, թե երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի:

Թուրքիայի մեջլիսում հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել էին Սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին յոթ հոդվածները:
http://armenpress.am/arm/news/875320/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here