Թուրքիայի մեջլիսի կին պատգամավորները ծեծկռտուքի են բռնվել

0
132

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Սահմանադրական փոփոխությունների առաջարկի երկրորդ ընթերցման ժամանակ ծեծկռտուք է սկսվել կին պատգամավորների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անկախ պատգամավոր Այլի Նազլըաքան գնացել է մեջլիսի ամբիոնի մոտ և ինքն իրեն ձեռնաշղթայով կապել ամբիոնի խոսափողից: Նա չի ենթարկվել ձեռնաշղթաները հանելու և քննարկումները բնականոն հունով շարունակելու կոչին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձ է արել բռնի կերպով հանել: Բախում է սկսվել իշխող կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավորների միջև: Մի քանիսը սկսել են քաշքշել միմյանց վարսերը: Օզդողան Էնչը տեղափոխվել է հիվանդանոց:

Ծեծկռտուքի ժամանակ կրծքավանդակին հարված է ստացել քրդամետ կուսակցության ներկայացուցիչ, մեջլիսի փոխխոսնակ Փերվին Բուլդանը: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կռվի ժամանակ գետնին է ընկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեյը, ում ձեռքի պրոթեզը դուրս է եկել: Նրան ոտքի են կանգնեցրել կուսակիցները:

Մեջլիսի քննարկումները հնարավոր է եղել վերսկսել երեք ժամվա դադարից հետո: 

http://armenpress.am/arm/news/875348/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here