Սամվել Մկրտչյանը դասախոսություն է կարդացել Լիբանանի կառավարման ազգային դպրոցում

0
103

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է Լիբանանի Կառավարման ազգային դպրոց և հանդիպում է ունեցել դիվանագիտական դասընթացի ունկնդիրների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դպրոցի խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ժորժ Լաբակին և «Լիբանանի դիվանագիտական ծառայությունն ավարտած դեսպանների ասոցիացիայի» նախագահ Ասսեմ Ժաբերը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Զուգահեռներ են անցկացվել Հայաստանի և Լիբանանի անվտանգության միջավայրերի միջև:

Դեսպանը նաև անդրադարձել է դիվանագիտական ծառայությանը և դիվանագետի մասնագիտությանը բնորոշ առանձնահատկություններին, երկկողմ և բազմակողմ դիվանագիտության ընդհանրություններին և տարբերություններին:

Այնուհետև, պատասխանելով ներկաների հարցերին, դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության նպատակն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքները, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ գործընկերային փոխգործակցությունը: 

Քննարկման թեմա են դարձել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ընթացող իրադարձությունները, սիրիահայ համայնքի վրա դրանց ազդեցությունը, երկրում խաղաղության հաստատման հեռանկարները: 

Տեղեկանք Վեցամսյա դասընթացները կազմակերպվում են դիվանագիտական ծառայության երիտասարդ անդամների համար Լիբանանի Կառավարման ազգային դպրոցում: Դասընթացները համակարգվում են «Լիբանանի դիվանագիտական ծառայությունն ավարտած դեսպանների ասոցիացիայի» կողմից, որը ներկայումս ունի 103 անդամ:

http://armenpress.am/arm/news/875403/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here