Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է

0
130

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է հունվարի։ Նա ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականին։ Հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ որդին մեծ ոգեւորությամբ է գնացել բանակ, շատ նվիրված էր։

«Գոռս միշտ խելոք երեխա է եղել, աչքաբաց, հասկացող, ամեն ինչում առաջինն է կանգնած եղել։  Ես Ռուսաստանում էի աշխատում եղբորս հետ, կարճ ժամանակով ինձ մոտ էր եկել, չսիրեց, չհարմարվեց։ Ուզում էի՝ ինձ մոտ մնա, ինչ արեցի, ասաց՝ չէ, պիտի գնամ, ծառայեմ։ Եղբայրն էլ էր ծառայել։ Մի քանի անգամ եկել եմ իր մոտ, միշտ լավ բաներ էր ասում, բոլորի կողմից սիրված, հարգված զինվոր էր։  Զորամասում միակ արհեստավոր երեխան էր, որ ամեն ինչից խելքը հասնում էր»,-«Արմենպրես»ի հետ զրույցում պատմում է Գոռի հայրը։

Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, զորամասում էլ մեքենաներն էր  վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ Ապրիլյան պատերազմի օրերին հենց սնունդ հասցնելու ճանապարհին է զոհվել։

«Էդ կռիվների մեջ Գոռս հաց է տարել դիրքերում գտնվող ընկերներին։ Զանգեցի՝ ասեմ, որ ուզում ենք ես ու եղբայրը գնալ իր մոտ, իր կողքին լինել, մեզ խաբեց, ասաց՝ մյուս տեղերում է անհանգիստ, իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Ամսի 6-ին իմացանք, բայց մեզ ասել էին՝ վիրավոր է, այդ հույսով գալիս էինք Հայաստան։ Օդանավակայանում էինք, երբ զոհվածների նկարների մեջ Գոռինն էլ տեսանք»,- ասում է Կարապետ Կիրակոսյանը։

Որդու հետ կապված հիշողությունները հերոսի հորը տանում են անցյալ ու եւս մեկ անգամ հիշեցնում, որ Գոռը ընտանիքի պարծանքն էր, բայց հայրն ասում է՝ «Հիմա էլ է այդպես»։

Գոռի հայրը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 14։00-ին, Արմավիրի մշակույթի տանը տեղի կունենա հերոսի հիշատակին նվիրված միջոցառում։ 

Սյուզի Մուրադյան
http://armenpress.am/arm/news/875484/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here