Լույս է տեսել «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը

0
149

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսն անցկացվեց հունվարի 23-ին Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:Հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված՝ Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։ «Այս գրքում անդ րադարձել եմ 103 հերոսի: Նրանցից 30-ը Սիսիանից են, իսկ 73-ը Հայաստանի տարբեր բնակավայրերից: Արցախի հերոսների մասին գրելու եմ 11-րդ հատորում, եթե Աստված ինձ ուժ և կարողություն տա շարունակելու այս աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գոհար Մարտիկյանը:

Հեղինակի խոսքով` իրեն սիրում և գնահատում են հերոսների ծնողներն ու հարազատները: «Ելնելով այդ հանգամանքից`ենթադրում եմ, որ կատարել եմ մի աշխատանք, որը պետք է ապրեցնի տղաների ծնողներին և նրանց հպարտանալու առիթ տա»,-ընդգծեց Մարտիկյանը:

Հատորը հեղինակը նվիրեց տղաների հարազատներին. դրանց մի մասը տրամադրվելու է տարբեր ուսունական հաստատություններին և զորանոցներին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակական կազմակերպություններին տրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանն ասաց, որ պատահական չէ, որ այս հատորը վերաբերում է արցախյան ազատամարտի հերոսներին և անմահներին, քանի որ հերոս սերունդը հերոսներ ծնեց և հենց նման աշխատանքներն են օղակում սերունդերին: «Սա արժանի նվեր է  հայոց բանակին իր տարեդարձի առթիվ»,-շեշտեց Մանուկյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր-տնօրեն Ալեքսանդր Տեր Հովակիմյանի խոսքով` անհնար է առանց հուզմունքի խոսել գրքի մասին: «Մատենաշարի յուրաքանչյուտ տողում սեր, պարծանք, հպարտություն կա: Շատ կցանկանամ, որ Գոհար Մարտիկյանը կանգ չառնի և անդրադառնա նաև մերօրյա կենդանի հերոսներին»,-նշեց տնօրենը: 

Հանրային ռադիոյի գործադիր-տնօրեն Արման Սաղաթելյանի համոզմամբ`ամեն սխրանք և հաղթանակ իր մարմնավորումն ունի և անձնավորված երևույթ է: «Խորհրդային տարիներին մի քարոզչական կարգախոս կար. «Հայրենիքը պետք է ճանաչի իր հերոսներին»: Դա առավել արդիական է մեր օրերում: Գոհար Մարտիկյանն ահռելի աշխատանք է կատարել` ստեղծելով այս գիրքը: Սա պատմություն է, փաստաթուղթ գալիք սերունդների համար»,-ասաց գործադիր- տնօրենը:

Շնորհանդեսին ներկա էին քառօրյա պատերազմին մասնակցած և հերոսացած մի շարք տղաների հարազատներ: Հուզմունքն ակնհայտ էր:

Գոհար Մարտիկայնը տարիներ շարունակ կյանքի է կոչում հայրենանվեր ու շնորհակալ մի գործ. մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուրի հետ վերապրելով սեփական վիշտը։ Նրա որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը, Արցախյան պատերազմում հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:
http://armenpress.am/arm/news/875660/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here