ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան թեման, ըստ 2016թ.ին Կալիֆորնիայի Կրթութեան վարչութեան ընդունած նոր ուսումնական ծրագրի, հանրային դպրոցների Պատմութիւն եւ ընկերային ուսումնասիրութիւններ (social studies) առարկաների մաս է կազմում:
Ցեղասպանութեան մասին ուսուցիչներին կրթելու եւ առաւել մանրամասն տեղեկութիւններ տրամադրելու նպատակով, Գլենդելի Միացեալ կրթաշրջանը նախաձեռնել էր երկօրեայ սեմինար: Յունուարի 17ին եւ18ին, Գլենդելի Աւագ դպրոցում անցկացուած ձեռնարկին մասնակցում էին շուրջ հինգ տասնեակ ուսուցիչներ տարբեր դպրոցներից: Կրթաշրջանի խորհրդի նախագահ Արմինա Կարապետեանը յայտնեց, որ դասընթացը նախատեսուած էր յատկապէս 7րդ եւ 10րդ դասարաններում անգլերէն, պատմութիւն եւ ընկերային գիտութիւն դասաւանդող ուսուցիչների համար: «Հայոց Ցեղասպանութեան թեման շատ զգայուն ու միաժամանակ բարդ թեմա է եւ կարիք ունի մանրամասն պատրաստուածութեան: Ուսուցիչները պէտք է հնարաւորինս տեղեկացուած լինեն, որ կարողանան աշակերտներին ճշգրիտ մատուցել մեր պատմութեան այս էջը: Իւրաքանչիւր կրթաշրջան ինքն է որոշում, թէ ինչպէս իրականացնի ուսուցումը, եւ հիմնականում ուսուցիչներն են կազմում ծրագիրը: Նրանց առաւել տեղեկութիւններ տրամադրելու եւ ուղղորդելու նպատակով, մեր խորհուրդը որոշեց կազմակերպել կրթական-տեղեկատուական այս սեմինարը», յայտնեց Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի նախագահ Կարապետեանը, ում նախաձեռնութիւնը միաձայն հաստատուել էր գործընկերների կողմից:
Սեմինարի ծրագիրը կազմել էր եւ անցկացրեց «Ցեղասպանութեան կրթութեան նախագիծ» (GenEd) կազմակերպութիւնը, որի գործադիր տնօրէն Ռոքսան Մաքասջեանը պատմեց, որ ուսուցիչներին ներկայացուել է բազմապիսի տեղեկատուութիւն Հայոց Ցեղասպանութեան մասին, ինչը նրանք կարող են կիրառել իրենց դասընթացի ծրագիրը կազմելիս: «Մեր երկօրեայ նախաձեռնութիւնը բաւական յագեցած էր. հրաւիրել էինք խօսնակների, ովքեր Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացրին մանրամասնօրէն, տարբեր կողմերից՝ ներառելով իրականացման բոլոր փուլերը՝ խտրականութեան դէպքերից մինչեւ բնաջնջում եւ հերքում, որպէս ժամանակակից ցեղասպանութիւնների նախադէպ: Մենք կարեւորում ենք նաեւ վերապրածների վկայութիւնների միջոցով Եղեռնին անդրադարձը, եւ ցուցադրեցինք փաստավաւերագրական ֆիլմեր, տեսանիւթեր: Ուսուցիչներին տրամադրեցինք բոլոր հնարաւոր աղբիւրները՝ կայքեր, գրականութիւն, նաեւ՝ անհատների ու կազմակերպութիւնների տուեալներ, որ կ՛օգնեն անհրաժեշտ տեղեկութիւններ ստանալու: Ընդհանուր առմամբ, ներկայացրինք մեթոդաբանութիւնը, որով նրանք կ՛առաջնորդուեն դպրոցական դասընթացը կազմելիս»:
Ձեռնարկի բանախօսները խօսել են նաեւ ցեղասպանութիւնների կանխարգելման հնարաւորութիւնների մասին՝ ներկայացնելով անհատների ու կազմակերպութիւնների մարդասիրական ջանքերը, որոնց շնորհիւ բազմաթիւ հայեր վերապրել են: Բանախօսների թւում էին լրագրող եւ գրող Դոն ՄըքՔինին, («Հարիւր Տարուայ Քայլք. Հայկական Ոդիսականը»), Էնթընի Սլայդը («Յօշոտուած Հայաստան» շարժապատկերի ստեղծման պատմութիւնները), ռեժիսոր Նարէ Մկրտչեանը («Տան Միւս Կողմը»), մանկավարժ, գրող եւ ռեժիսոր Քէյ Մուրադեանը («Մօրս Ձայնը»):
Ռոզ եւ Ալէք Փիլպոս Ազգային վարժարանի տնօրէնուհի, դոկտոր Ալին Դորեանը ներկայացրել է «Ովքեր են ձեր հայ աշակերտները» բանախօսութիւնը՝ խօսելով Սփիւռքի բազմազան շերտերի մասին, Մեսրոպեան վարժարանի պատմութեան բաժնի ղեկավար Պերճ Բարսեղեանն էլ ներկաներին ծանօթացրել է Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը: Բազմաթիւ արխիւային վկայութիւններ է ներկայացրել «Ցեղասպանութեան կրթութեան նախագծի» եւ «Շօա» հիմնադրամի ներկայացուցիչ Սարա Քոհենը: «Մուսա լերան հերոսամարտը շատ մեծ նշանակութիւն ունի Հայոց Ցեղասպանութեան ընդհանուր ծիրում», նշեց բանախօսներից, դոկտոր Վահրամ Շէմմասեանը՝ տեղեկացնելով, որ «Մուսա Լերան Քառասուն Օրը» վէպն այսօր էլ ակտիւօրէն քննարկւում է միջազգային գիտաժողովներում, եւ այնտեղ պատգամ կայ ուղղուած համայն մարդկութեանը:
Աշխատանոցին ներկայ ամերիկացի մանկավարժները մեծ ոգեւորուածութեամբ էին մասնակցում ձեռնարկին: «Շատ տպաւորուած եմ ծրագրից: Նախկինում աշխատել եմ որպէս պատմութեան ուսուցիչ, ու իմ երկարատեւ գործունէութեան ընթացքում, շատ քիչ գրականութեան ու տեղեկութիւնների եմ հանդիպել Հայոց Ցեղասպանութեան մասին: Այս աշխատանոցը լաւագոյն առիթ էր մեր ուսուցիչներին տրամադրելու նիւթեր, որոնք նրանք կ՛օգտագործեն: Հայոց Ցեղասպանութեան մասին կրթութիւնն անհրաժեշտ է՝ նաեւ յետագայում նման յանցագործութիւնները կանխելու համար: Միաժամանակ, ուրախ եմ, որ այս սեմինարի ընթացքում ստացայ հայերի պատմութեան ու համայնքի մասին օգտակար տեղեկութիւններ», նշեց Գլենդելի Աւագ դպրոցի տնօրէն, դոկտոր Բենջամին Վոլֆը: Նոյն դպրոցի պատմութեան ուսուցիչ æոզեֆ Բենքուիչն էլ նշեց, որ ընդհանուր գծերով էր ծանօթ հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջին. «Այս երկու օրերին այնքան արժէքաւոր տեղեկութիւններ ստացայ, ծանօթացայ վերապրածների վկայութիւնների՝ անձնական պատմութիւններ, որոնք շատ հետաքրքիր կը լինեն մեր աշակերտներին», յուզմունքով պատմեց Բենքուիչը: Քլարք Մագնետ Աւագ դպրոցի պատմութեան ուսուցիչ Քրիս Դեւիսն էլ ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան թեման շատ զգայուն է ու որպէս դասընթաց ներկայացնելու համար կարիք ունի ուսումնասիրութեան: «Այս աշխատանոցի ժամանակ ձեռք բերեցի բաւական տեղեկութիւններ՝ գեղարուեստական գրքերի, շարժապատկերների, յաւելեալ աղբիւրների մասին, որոնց միջոցով կարող ենք աւելի ընդհանրական ձեւով Հայոց Ցեղասպանութեան թեման ներկայացնել մեր աշակերտներին»:
Ձեռնարկը ուսուցողական համարեցին նաեւ հայ մանկավարժները: «Ծրագրի շրջանակներում բանախօսը ներկայացրեց Ցեղասպանութեան հետեւանքներից մէկի՝ հայկական Սփիւռքի բազմամշակութային լինելու երեւոյթի մասին, ինչն առաւել օգտակար կը լինի այլազգի ուսուցիչների համար հայ աշակերտների հետ աշխատելիս: Նրանց համար հետաքրքիր էր տեղեկանալ, որ լինելով հայ, բայց Ամերիկա գալով տարբեր երկրներից՝ հայերն ունեն որոշակի տարբերութիւններ, քանզի կրում են տուեալ երկրի մշակոյթը, կենսակերպը: Հայ ուսուցիչների համար էլ շատ հետաքրքիր էր. ես՝ լինելով հայ, թէեւ շատ լաւ տիրապետում եմ թեմային, սակայն բաւական նոր տեղեկութիւններ ստացայ Հայոց Ցեղասպանութեան, տեղեկատուութեան նոր աղբիւրների մասին», նշեց Հուրի Մանջիկեանը:
«Ես Գլենդելի Միացեալ կրթաշրջանում աշխատում եմ արդէն 30 տարի, եւ առաջին անգամ է, որ նման խորութեամբ աշխատանոցի ներկայ եղայ: Մեզ համար շատ կարեւոր է, որ օտարներին տեղեկացնենք Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ հիմա, մանաւանդ որ ուսումնական ծրագրում կայ: Շատ կարեւոր է, որ աշակերտները հասկանան, որ սա նաեւ համամարդկային հարց է: Շնորհակալ ենք կազմակերպիչներին նման առիթի համար, ինչի շնորհիւ մեր ուսուցիչները կը ստանան տեղեկութիւններ, նաեւ՝ կը փոխանցեն գործընկերներին», յայտնեց Քլարք Մագնետ Աւագ դպրոցի տնօրէն Լենա Քորթոշեանը:
Կազմակերպիչները յոյս ունեն, որ այս ձեռնարկը շարունակական կը լինի եւ օրինակ՝ միւս կրթաշրջանների համար: