«Արմենպրես»-ն ու իսպանական EFE-ն համագործակցության նոր կամուրջ են ստեղծում

0
110

ՄԱԴՐԻԴ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի և Իսպանիայի EFE գործակալության միջև գործակցության սերտացման հեռանկարները եղել են հունվարի 24-ին երկու գործակալությունների ղեկավարների հանդիպման օրակարգում: Մադրիդում կայացած հանդիպմանը Հայաստանի և Իսպանիայի լրատվական գործակալությունների ղեկավարները՝ «Արմենպր ես»-ի տնօրեն Արամ Անանյանը և EFE-ի նախագահ Խոսե Անտոնիո Վերա Խիլը, կարևորել են լրատվամիջոցների միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես տեքստային, լուսանկարչական տեղեկությունների տարածման և լրատվության այլ ոլորտներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մադրիդից, Արամ Անանյանը ներկայացրել է գործակալության աշխատանքները, պատմությունը, զարգացման ուղիները, արժեհամակարգն ու առաջընթացի տեսլականը: Ներկայացվել է նաև համագործակցության շրջանակային հուշագրի նախագիծ, որը կհավելվի իսպանական կողմի առաջարկներով:  

«Մենք բաց ենք համագործակցության համար: Ժամանակակից աշխարհում լրատվական գործակալությունների միջև կապերի ամրապնդումը խիստ կարևոր է, քանզի ներկայում որևէ հասարակություն չի կարող զարգանալ, որպես մեկուսացված կղզի: Համոզված եմ, որ լրագրողների մասնագիտական կապերի համար սահմանափակումներ չեն կարող լինել»,- նշել է «Արմենպրես»-ի տնօրենը:

Կողմերն աշխատանքային ընթացակարգով կամբողջացնեն և ստորագրման կնախապատրաստեն գործակցության հիմքերն ամրագրող փաստաթուղթը:

EFE-ն իսպանական միջազգային լրատվական գործակալություն է, որը ստեղծվել է 1939թ.: Այսօր այն Իսպանիայի և իսպանախոս աշխարհի ամենախոշոր լրատվական գործակալությունն է: Տեղեկատվության արտադրման ծավալով այն աշխարհում չորրորդն է «Ասոշիեյթեդ պրես»-ից, «Ռոյթեր»-ից ու «Ֆրանս-պրես»-ից հետո:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:
http://armenpress.am/arm/news/875962/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here