Հովիկ Աբրահամյանը հայտարարություն տարածեց՝ վերահաստատելով ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը

0
129

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշումը և շեշտելով, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությամբ Աբրահամյանը հանդես է եկել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ,

Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ: 
Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել:
Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: 
Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: 
Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի:
Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»,- նշել է նախկին վարչապետը:
http://armenpress.am/arm/news/875990/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here