Հարազատ Գրիչ, Սիրառատ Գրիչ (Գրիշ Դաւթեանի «Օրաւուր» Գրքի Շնորհանդէս)

0
172

Ռ. ԿՈՐԻՒՆ

Ամէն անգամ ուրախութեամբ եմ ներկայանում գրքի ներկայացման, հեղինակին շնորհաւորում եմ, գիրքը գնում եմ, այսպիսով նրան ոգեւորում եւ քաջալերում եմ, որպէսզի շարունակի իր նուիրուածութիւնը մեր դպրութեանը եւ մշակոյթին:

Մշակոյթի մէկ կարեւոր ճիւղն է գրականութիւնը, մեր մտքի ու հոգու գանձարանը, Ս. Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած դպրութիւնը դարերի թաւալումով հարստացած ու ճոխացած է անմահ գրիչների մագաղաթներով եւ ստեղծագործութիւններով: Այդ գանձարանը Ս. Մեսրոպ Մաշտոցի անուամբ մկրտուած մեր Մատենադարանն է, մեր հայ ժողովրդի պարծանքը, յաւերժութեան երթի ճամբան:

Այս անգամ ներկայ գտնուեցի բանաստեղծ Գրիշ Դաւթեանի նոր բանաստեղծական ժողովածու «Օրաւուր» գրքի շնորհանդէսին Հինգշաբթի, Յունուարի 19, 2017թ., գլենդելեան ձմրան եղանակի գաղջ մի օր, երեկոյեան ժամի 7։30ին, «Ապրիլ» գրախանութի յարկի ներքոյ գեղեցիկ սրահում՝ զարդարուած հրաշալի կերպարուեստի վարպետ Սիրունի մի շարք ստեղծագործութիւններով:

Երեկոյի մեկնարկը կատարեց Առնօ Երէցեանը: Նա հակիրճ բառերով անդրադարձաւ գրքին եւ հեղինակի կենսագրութեանը, ասելով. «Այս բանաստեղծական «Օրաւուր» գիրքը տպագրուել է Երեւանում, 2015ին, բաղկացած՝ 214 էջերից, խմբագրութեամբ՝ Անի Փաշայեանի, սա հեղինակի եօթերորդ գիրքն է: Գրիշ Դաւթեանը ծնուել է Իրանում, տարրականը եւ միջնակարգը աւարտելուց յետոյ բարձրագոյն ուսումն ստացել է Իրանում եւ Անգլիայում՝ վկայակոչուելով տնտեսագիտութեան, պատմութեան, արուեստից եւ վարչարարութեան վկայականներով: Նա, շնորհիւ իր գրականութեան, մշակութային եւ ազգային-հասարակական ծառայութիւնների, արժանացել է գնահատագրերի եւ շքանշանների, վերջինը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան կոնդակով Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ շքանշանը՝ յանձնուած ձեռամբ առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի»:

Գրքի ներկայացումը կատարեց տաղանդաւոր արձակագիր Պօղոս Գուբելեանը, շուրջ տասնչորս գրքերի հեղինակ, ճանաչուած դէմք մամուլում հրապարակած հասարակական յօդուածներով: Նա գրականագէտի արժանաւորութեամբ գնահատեց Գ. Դաւթեանի գրականութիւնը՝ շեշտը դնելով սիրոյ հրայրքի վրայ. «…Անոր գլխաւոր թեման գլխագիր Սէրն է՝ իր համամարդկային, տիեզերական իմաստով, զոր ճիշդ պիտի ըլլար միայն երկու սեռերու միջեւ գոյութիւն ունեցածով սահմանել…»: Նա մի այլ պարբերութեամբ ասաց. «…Սիրերգակ բանաստեղծի կողքին, գոյութիւն ունի նաեւ Դաւթեան մշակութային ու գրական գործիչը, որուն ազգանուէր գործունէութեան դաշտը տարածուած է աշխարհով մէկ՝ Իրանէն Անգլիա եւ Ամերիկա, անշահախնդիր աշխատանքով…»:

Սրտի ջերմ խօսք ասելու համար հրաւիրուեց արձակագիր Ռ. Կորիւնը, նա շնորհաւորելով գրքի ծնունդը, բովանդակութեան անդրադառնալով՝ ասաց. «…Մեր սիրելի Գրիշը սիրերգակ է՝ սիրային խոր, զգացումային բանաստեղծութիւններով, հայրենաերգակ է՝ հայրենասիրական գրութիւններով, մարդերգակ է՝ մարդկային արժէքները բարձր դասող քերթուածներով: Նրա գրականութեան մէջ առատ բանաստեղծական բառերի գործածութիւն է նկատւում, որոնցից իւրաքանչիւրը գրական պատկեր է արտայայտում եւ ընթերցողի համար ուսանելի դառնում…»:

Ռ. Կորիւնը գրքից ընթերցեց թոռներին եւ զաւակներին ձօնուած հեղինակի բանաստեղծութիւնից մէկ հատուած.

Եւ յուզւում եմ իմ տենչերով,

Հիանում եմ խոր սիրով,

Որ Աշխարհքը ինչ հրաշք է,

Այս կեանքը ինչ առեղծուած է,

Որ հիւսել եմ ժամանակը

Իմ անցեալից մինչ հիմա,

Որ կցում են զաւակներս

Ներկայից առ ապագայ…

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ սիրուած բանաստեղծ, երգիծագիր եւ Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսագրի խմբագիր Ներսէս Տէր Մեսրոպեանը։ Նա յուշեր պատմեց իրենց ժամանակի Իրանահայ գրողների միութեան մասին, թէ ինչպէս ինքը եւ Գրիշը անդամակցում էին, ուր տիրում էր աշխոյժ գրական-ստեղծագործական մթնոլորտ, նաեւ անդրադարձաւ «Ալիք» օրաթերթի «Գրական էջ»ին, որը խմբագրւում էր Գրիշի միջոցով:

Արձակագիր Կիմա Կիրակոսեանը շնորհաւորեց Գրիշի նոր գիրքը եւ կատարեց մի քանի ընթերցումներ:

Այնուհետեւ բեմ հրաւիրուեց գրքի հեղինակը։ Նա սկսեց շնորհակալական խօսքերով՝ ելոյթ ունեցողներին եւ սրահում ներկայ լսարանին: Նա կենսագրական հետաքրքիր յուշեր պատմեց, կարդաց «Աստուածապաշտութիւն» խորագրով բանաստեղծութիւնը, որի անգլերէն տարբերակը իտալական մրցանակի էր արժանացել Միլանօ քաղաքում, որը հրատարակուել է բացիկի վրայ համահունչ գեղանկարով: Նա ուշադրութեան յանձնեց կարեւոր հանգամանք մեր ուղղագրութեան մասին. «Ես նոր ուղղագրութիւնով եմ գրում գրքերս, հետեւում եմ հայրենիքին, քանի որ նա է մեր կենտրոնը, մեր յոյսն ու հաւատքը, թող վերջ տանք մի քանի տեսակ ուղղագրութիւններին…»: Հեղինակն իր գրքից ընթերցեց բանաստեղծութիւններ:

Ներկաները օգտուեցին հիւրասիրութեան համեստ սեղանից:

Գնահատելի եւ հետաքրքիր ձեռնարկ, ջերմ եւ տպաւորիչ մթնոլորտ:

Յունուարի 20, 2017

Սանլանդ, Լոս Անջելես

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here