Պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին բանակ դարձրեց. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

0
148

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է ոգեկոչի այն անմահներին, ովքեր կյանքը տվել են հանուն հայրենիքի սահմանների անխախտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո իր ելույթում այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք մեր ողջ ժողովրդով կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման խոսքեր: Տղաներն ընկան` պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհավորեց դահլիճում ներկա զինծառայողներին, ովքեր հայկական զինված ուժերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: «Իմացեք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ: Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը: Այժմ ձեր ներկայությամբ ես դիմում եմ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձով` հայկական բանակի օրվա կապակցությամբ»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Շնորհավորելով հայ ժողովրդին հայկական բանակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահն ընդգծեց, որ հայկական բանակը ստեղծվել է պետականության վերականգմանը զուգընթաց: «Սակայն բանակի կազմավորումը սկսվել է ավելի վաղ: Այն սկսվել է ոչ թե վերևից, այլ ներքևից` ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերադարձրեցին մեր պատմական հիշողությունը` կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցվա ծ կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն պարիսպը, որի վրա պիտի բարձրանար հայկական մի բռունցք` հայկական բանակը: Մենք` որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները, ավելին` այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ: Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում, իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառիս բունս իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն: Մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհան ոց, ապա կռվելով, նահանջում է հյուրասենյակ, հետո նորից հետ է գրավում ազատագրում է իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ, սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ պարտադրված պատերազմը ողջ հայ ժողովրդին դարձրեց բանակ: Նրա խոսքով` այդ տարիներին կարիք կար արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին տիրապետող կադրային սպաների: «Մեզ հաջողվեց անցնում կերպով ներդաշնակորեն միավորել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը իր ողջ հերոսականությամբ հանդերձ այլևս հեռանկարային չէ, եկել է կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը»,- ասաց նախագահ Սարգսյանը:

Նախագահը շեշտեց, որ քառորդ դար առաջ Վազգեն Սարգսյանի հրամանով հայկական բանակը դարձավ պետական հաստատություն: «Այդ օրերից սկսած գրվում էր հայկական զինված ուժերի նոր և փառավոր  տարեգրությունը: Այդ տարեգրության բազմաթիվ դեպքեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին` այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այն մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը»,- նշեց ՀՀ Նախագահը:
http://armenpress.am/arm/news/876483/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here