Եվրոպա, արաբական երկրներ, Ավստրալիա. ընդլայնվում է Արցախում ներդրողների աշխարհագրությունը

0
133

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ գործարարները հետաքրքված են Արցախում ներդրումներ կատարելու ծրագրերով: «Artsakh Roots Investments» (ARI) ներդրումային կազմակերպությունը, որը զբաղվում է Արցախում ներդրումներ կատարելու աշխատանքով, ընդլայնում է ջանքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Artsakh Roots Investments» (ARI) կազմակերպության տնօրեն խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը նշեց, որ Արցախում ներդրումային ծրագրերով հետաքրքրվողների թիվն ավելանում է:

«Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկեր՝ անասնապահության և հողագործության զարգացմանը նպաստելու նպատակով: Այս ծրագրում ներդրումներ կատարողները մարդիկ են սփյուռքի տարբեր համայնքներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Լիբանան, եվրոպական երկրներ: Այժմ հետաքրքրություն կա Ավստրալիայից, ԱՄՆ-ից»,-ասաց Բենիամին Պչաքճեանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են այցելել տարբեր հայկական համայնքներ և ներկայացնել Արցախի ներդրումային ծրագրերը: Ակնկալվում է, որ Արցախ պետությունը զարգացնելու ներդրումային ծրագրին կմիանան նոր գործարարներ:

2010-2016թթ. կազմակերպության տրամադրած մատչելի պայմաններով վարկային միջոցներից օգտվել է ավելի քան հազար ընտանիք: Բենիամին Պչաքճեանը նշեց, որ 2016 թվականի առաջին հատվածում ապրիլյան պատերազմով պայմանավորված գործընթացը փոքր-ինչ դանդաղեց, սակայն տարվա երկրորդ կեսին արդեն որոշակի ակտիվություն նկատվեց: 2010-2016 թթ. Արցախը Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում շուրջ 3.5 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել գյուղատնտեսության զարգացման համար:

«Մենք Արցախում ունենք մեր ներկայացուցիչը, ով հետևողական մոնիտորինգ է իրականացնում: Գոհունակություն կա, որ այդ վարկերն իրենց նպատակին են ծառայում: Ընթացիկ տարվա մարտին նախատեսում ենք Լիբանանում կազմակերպել ընդհանուր ժողով, որպեսզի հաշվետվություն ներկայացննեք մեր գործունեության մասին: Արցախի վարչապետին նույնպես կհրավիրենք»,-ասաց Բենիամին Պչաքճեանը:

Այն հարցին, թե արդյո՞ք սահմանափակվելու են միայն գյուղատնտեսության ոլորտով, Բենիամին Պչաքճեանը նշեց, որ ծրագրում են Արցախում փոքր արտադրամասեր ստեղծել, վարկավորել այդ գործընթացը, բայց ծրագրի համար լուրջ ուսումնասիրության կարիք կա, որը պետք է պետությունն անի:

Կազմակերպությունը չի սահմանափակվում ներդրումային բիզնես ծրագրերով: Այն իրականացնում է նաև բնակարանաշինության ծրագիր: 2016 թվականին բնակարանաշինության ծրագրով 25 տուն արդեն տրամադրվել է շահառուներին: Մնացած 25-ն արդեն պատրաստ է, շինարարական աշխատանքներն ավարտված են, այս տարի դրանք կհանձվեն տերերին: Բնակարանները տրվում են անձանց, որոնք ապրում են Արցախում, և իրենց տները կորցրել են, մարդկանց, ովքեր վերաբնակեցվել են, ինչպես նաև զինվորականներին: Ծրագիրն իրականացվում է բացառապես կազմակերպության միջոցներով, իհարկե, իր ներդրումն է ունեցել Արցախի կառավարությունը ենթակառուցվածքների ստեղծման առումով: Բնակարանաշինության ծրագիրը շարունակական է լինելու:
http://armenpress.am/arm/news/876686/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here