Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Աթալյանը բուժվում է, սովորում և աշխատում

0
166
ԳԱՎԱՌ,2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչ, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի մասնակից Անդրանիկ Աթալյանը փետրվարի 2-ին դարձավ 21 տարեկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շատջրեքի գյուղապետ Զոյա Գեւորգյանը, Հայկական բանակի ժամկետային զինծառայողը ծանր վիրավորում ստանալուց հետո, ամիսներ շարունակ բուժվելով ու գտնվելով բժիշկների հսկողության տակ, այժմ սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում եւ, ուսմանը զուգահեռ, աշխատում մայրաքաղաքի կազմակերպություններից մեկում: 

Անդրանիկ Աթալյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Շատջրեք գյուղում Ռոման եւ Արեգա Աթալյանների ընտանիքում 1996 թվականին: Գյուղի մյուս բնակիչների պես Ռոման եւ Արեգա ամուսիններին ադրբեջանական բռնակալների քմահաճության ալիքը քշել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններից: Անդրանիկի հայրն ու մայրը իրենց ծնողների հետ տեղափոխվել են Ադրբեջանի Կասում-Իսմայիլովի շրջանից եւ հաստատվել Շատջրեքում, որտեղ էլ տարիներ անց հանդիպել են եւ ստեղծել իրենց ընտանիքը: Անդրանիկի ծնողները ընտանիքի կարիքները հոգում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Չունեն սեփական բնակարան եւ հիմա ապրում են իրենց բարեկամներից մեկի տանը: «Այսպես, քարից հաց քամելով, հազար ու մի  դժվարություններով նրանք սնել ու մեծացրել են իրենց քաջ որդուն եւ դստերը՝ Լյուդմիլային: Անդրանիկը, դպրոցում սովորելու ընթացքում զբաղվել է տարբեր մարզաձեւերով եւ հիմնականում՝ քիքբոքսինգով: Հաղթել է Վարդենիսի տարածաշրջանում կազմակերպված միջդպրոցական տարբեր մարզական միջոցառումներում: Նա  իր քաջությամբ եւ մարտունակությամբ աչքի է ընկել նաեւ բանակում, մարտական պարապմունքներում,  միջբանակային բազմաթիվ մրցու յթներում: 2014 թվականի ամռանն Անդրանիկը բանակ զորակոչվեց: Նա Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնավարժարանում 6 ամիս վերապատրաստվեց որպես տանկիստ, նշանառու օպերատոր եւ ծառայության անցավ Արցախի պաշտպանության բանակի շարքերում: Իր 20 ամսվա ծառայության ընթացքում նա հասել է տարբեր հաջողությունների. դարձել է «Պահակային ծառայության գերազանցիկ», արժանացել  «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, արժանացել «Զորամասի լավագույն զինծառայող» կոչումը: Արցախի պաշտպանության նախարարի կողմից, որպես օրինակելի զինվորի, պարգեւատրվել է զինվորական ար ձակուրդով: Բայց նրա զինվորական կենսագրության ամենադժվարին, փորձություններով ու անհավանական մաքառումներով լի պահերը եղան Ապրիլյան հերոսամարտերի ընթացքում»,- պատմեց համայնքի ղեկավարը: 
«Արմենպրես»-ը զրուցեց Անդրանիկ Աթալյանի հետ՝ շնորհավորելով հայ հերոս մարտիկին ծննդյան օրվա առթիվ եւ խնդրեց ներկայացնել ապրիլյան հերոսամարտերի ժամանակ մղված մարտերի պատկերը, որոնք վերապրելը նրա համար դժվար էր:
«Այդ օրը պահակախմբում մարտական ծառայության էի, վերակարգում էի: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան ժամը 6-ից ադրբեջանցիները սկսեցին իրենց «Գրադ» կայանքներից խփել մեր զորամասի ուղղությամբ: Ողջ զորամասով տեղափոխվեցինք Ջաբրայիլ, եւ պատրաստվեցինք ռազմական գործողությունների: Կազմել էինք մարտական ճակատ, դիրքավորվել, եւ մեզ հարձակման հրաման տվեցին: Մենք տանկերով առաջ էինք գնում, մեր տանկը առաջնային դիրքում էր: Հակառակորդը մեր տանկը նկատեց անմիջապես ու հակատանկային զենքով խոցեց այն: Տանկի մեջ ես էի՝ տանկի նշանառու օպերատորս, հրամանատարը եւ մ եխանիկ -օպերատորը: Հարվածից մի պահ շշմեցի, գլուխս ու դեմքս այրվում էր, ձախ աչքս վնասվեց, աչքերս արյուն լցվեց, և ես արդեն ոչինչ չէի տեսնում: Բայց սթափ էի, հասկանում էի, որ վայրկյան կորցնել չի կարելի, ընկերս վիրավոր էր, զենքը վնասել էր տանկը, եւ եթե չկարողանայի ժամանակին բացել տանկի դռնակը, մեքենան կայրվեր: Շոշափելով՝ փորձեցի գտնել տանկի ելքը, առաջին փորձս չստացվեց: Մեկ էլ վերեւից արեւի լույսն ուղիղ ընկավ աչքիս, և գտա դուռը: Արմունկով հրեցի, դուռը բացվեց ու սկսեցի վիրավոր հրամանատարիս դուրս քաշել տանկից: Հրամանատարիս թեւերը վնասվել էին բեկորն երից, եւ, երեւի իմ այրվող դեմքն ու գլուխը տեսնելով, նա ավելի էր  շփոթվել: Այդ ընթացքում մեր վարորդը փորձում էր տանկն այնպես վարել, որ խուսափեր ուղիղ նշանառությունից, տանկն ու մենք ավելի չվնասվեինք: Ճանապարհից դուրս եկանք, եւ, չնայելով ու չզգալով վիճակս, մեխանիկ-վարորդի օգնությամբ քաշեցի հրամանատարին բլրի մոտ: Տանկի վարորդը կապվեց կենտրոնի հետ, որ վնասված տանկ կա, վիրավորներ կան,  եւ օգնություն է հարկավոր: Ջաբրայիլից զինվորները մեզ օգնության հասան: Գլխիս ջուր լցրեցին, քանի որ մազերս դեռ խանձվում էին: Խնդրեցի, որ կապ տան եւ ինձ տանկ տրամ ադրեն, որ գնամ ու խոցեմ ինձ ու ընկերներիս վիրավորած հակառակորդին: «Ինձ տանկ տվեք, ես մինչեւ վերջ պիտի պայքարեմ»,-գոռում էի ես: Մեզ օգնության  եկած հրամանատարը փորձում էր ինձ ուշքի բերել, ես մարտական տրամադրվածությամբ ուզում էի մարտի մեջ մտնել: Նա նույնիսկ բռնեց ուսերիցս ու թափահարեց ինձ, որ  ուշքի գամ, քանի որ դիմադրում էի, երբ ինձ համոզում էին, որ պիտի Ջաբրայիլ տեղափոխեն՝ ապաքինվելու: Ինձ ու հրամանատար Ռազմիկին Ջաբրայիլի զորամասում ցուցաբերեցին առաջին օգնությունը. Ռազմիկի թեւերն էին վնասվել, վիրակապեցին: Իմ աչքն էր վնասվել, գլ ուխս, դեմքս, թեւերս: Փորձում էին արնահոսությունը կանգնեցնել»,- իր եւ զինակիցների հետ կատարված դաժան փորձությունը վերհիշեց Անդրանիկը:
Այստեղից շտապօգնության բրիգադով Անդրանիկին տեղափոխում են Ստեփանակերտ: Այնտեղ վիրավոր Անդրանիկի բերանից ու շրթունքներից գնդակի բեկորներ են հանում, քանի որ նրա բերանից դեռ արյուն էր հոսում, խոսել չէր կարողանում: 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներն են մշակում, դեմքը, գլուխը եւ ուղարկում Երեւան՝ բուժումը շարունակելու: Մուրացանի զինվորական հոսպիտալում հետազոտում են Անդրանիկին եւ ուղեգրում Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 6-ին վիրահատում են նրա վնասված աչքը: Բեկորներից Անդրանիկի աջ աչքի ցանցենին պատռվել էր: Հիվանդանոցում կարում են Անդրանիկի աչքի ցանցենին, նոր ոսպնյակ են և սիլիկոնե պաշտպանիչ են տեղադրում զինվորի աչքի մեջ: Այստեղ Անդրանիկը բուժումներ է անցնում շուրջ քսան օր: Նրա աչքից հանում են 5 մեծ, 3 փոքր եւ ավազի հատիկի մեծության բեկորներ: Անդրանիկը պատմում է, որ ավելի մանր բեկորներ կան, որոնք հանել հնարավոր չէր,  եւ դրանք մնացել են աչքի մեջ:
Մուրացանի զինվորական հոսպիտալում երկար հետազոտությունների է ենթարկվում Անդրանիկը, գլխի ցավերը չէին անցնում, գլխի հեմատոմա ուներ, հարվածից քթի միջնապատն էր թեքվել, որը հիվանդանոցում բժիշկները կարողացան ուղղել: Բայց մինչեւ կվիրահատեին գլուխը, հետազոտում էին գլուխը, որ հասկանային, թե բեկորները ինչ չափի են, հեռացնելու ենթակա են, թե՝ ոչ: Այսօր էլ Անդրանիկի քթի մեջ, մարմնի ամենատարբեր մասերում, նյարդային հանգույցների վրա մանր բեկորներ կան, որոնք վիրահատության միջոցով հեռացվելու ենթակա չեն:
Մայիսի 26-ին Անդրանիկի գլուխը վիրահատում են, որ հեմատոման հեռացնեն, բայց այդ ժամանակ բժիշկները պարզում են, որ նրա գանգոսկրը վնասված է, որը վերականգնելու համար այն փոխում են եւ սիլիկոն տեղադրում: Դարձյալ հետվիրահատական շրջան, ցավեր, կարերի մշակումներ: Անդրանիկը 4 ամիս անցկացնում է հիվանդանոցում՝ մինչեւ հիմնական ապաքինումը: Բայց այդքանից հետո էլ դարձյալ նա շարունակում է գտնվել  բժիշկների հսկողության տակ:
Անդրանիկի մայր Արեգայի ներկայացմամբ՝ իր վիրավոր որդին շատ ծանր է տարել, երբ իմացել է, որ իր ծառայակից երկու ընկերները՝ Վլադիմիր Ալիխանյանը, Տիգրան Աբգարյանը եւ դասակի հրամանատար Բենիամին Եղոյանը զոհվել են: Մայրը պատմում է, որ ընկերների զոհվելու մասին նա պատահաբար է իմացել, հարազատները փորձել են թաքցնել, որ կորստյան ցավից ու հոգեկան ծանր ապրումներից  հեռու պահեն Անդրանիկին: Ընկերների մահվան մասին Անդրանիկը միջանցքում է լսել, երբ գնացել է աչքի վիրակապը փոխելու:
«Այդ վիրավոր աչքով ոնց էր արտասուք թափում, ինչպես էր տղաս սրտամորմոք ողբում ընկերների կորուստը»,- պատմեց Արեգան՝ միաժամանակ  ներկայացնելով մայրական այն ծանրագույն ապրումները, տագնապներն ու հույզերը, որ անձամբ ապրել է այդ ողջ մղձավանջային օրերի ընթացքում:
«Ապրիլյան այդ գիշերը, երբ դեռ չգիտեինք, թե ինչ է կատարվել, անհանգիստ էի, վատ կանխազգացում ունեի, ատամներս չխկչխկում էին, ու չկարողացա գիշերը աչք փակել, մի կերպ լուսացրի: Ի՞նչ իմանայի, թե որդուս ինչ է պատահել: Առավոտյան արդեն, երբ լուրեր տարածվեցին, որ Արցախում վիճակը լարված է, էլ հեռուստացույցից չհեռացա: Ժամերս անցան հեռուստացույցի առաջ, ուժ չունեի նստելու, ցավից ու լարվածությունից ծնկած էի մնացել: Երբ իմացա, որ հայկական տանկ է խոցվել, փլվեցի, ամեն ինչ մթագնեց ու կորավ աչքիս առջևից: Անհույս սպասում էի որեւէ նորության: Այնինչ, երբ որդուս Արցախից տեղափոխում են Երեւան, ճանապարհից զանգում է հորեղբորը, տեղեկացնում իր վիճակի մասին: Ամուսնուս եղբայրը մոր հետ քննարկում է, թե ինչպես կատարվածի մասին  տեղեկացնեն մեզ: Տագրս եկավ մեր տուն, ամուսնուս դուրս կանչեց: Զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Լարվածությունից ուշագնաց եղա…Երբ գնացինք հիվանդանոց, մտա Անդրանիկիս հիվանդասենյակ, հուզվում էի, չէի կարողանում ուշքի գալ, Անդրանիկս սաստեց ինձ՝  մա՛մ, կամ քեզ հավաքի, կամ էլ՝ տուն գնա՛: Ի՜նչ օրեր ու ապրումներ ունեցանք հիվանդանոցում, երբ որդիս փորձում էր հաղթահարել ցավերը, ֆիզիկական ու հոգեկան տառապանքները: Այն ամենն, ինչ ապրեցի, չեմ ցանկանա ոչ մի ծնողի: Բայց  հպարտ եմ իմ որդով, իմ քաջ Անդրանիկով, իմ փրկիչ զավակով: Անդրանիկս իր գիտակից քայլով, իր սխրանքով փրկեց իր կյանքն էլ, ընկերներինն էլ: Իմ լույսն է, իմ արեւն է իմ Անդրանիկը… Պատահական չէր, որ նորածին որդուս հերոս զորավար Անդրանիկի անունով  կոչեցինք»,-հպարտանում է Արեգան:
 
 Խոսրով Խլղաթյան

 
http://armenpress.am/arm/news/877092/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here