Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների առաջարկն ուղարկվել է նախագահին

0
240

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը հաստատման համար ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրի նախագահն առաջարկը հաստատելու կամ հետ վերադարձնելու համար ունի 15 օր: Հաստատելու դեպքում հանրաքվեի մասին որոշումը կհրապարակվի թուրքական Պաշտոնաթերթում, ապա դրան հաջորդող 60-րդ օրվանից հետո առաջին կիրակի օրը կանցկացվի հանրաքվե: Ակնկալվում է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին կամ 16-ին:

Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:  

Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:

Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն:  Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:

Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here