Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը

0
105

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 15-28-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Ավանդական դարձած երաժշտական այս նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնի նպատակն է երաժշտասեր հասարակայնությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը։

Փառատոնն ամեն տարի նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։ 2017-ին այն նվիրված է լինելու Հարո Ստեփանյանի 120-ամյակին և անվանվելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ»: Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Կամերային և սիմֆոնիկ 5 համերգների ընթացքում ներկայացվելու են Հարո Ստեփանյանի, Գրիգոր Հախինյանի, Հարություն Դելալյանի, Էդուարդ Հայրապետյանի, Աշոտ Զոհրաբյանի, Արթուր Ահարոնյանի, Վաչե Շարաֆյանի, Ժիրայր Շահրիմանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։  Կլինեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չհնչած սիմֆոնիկ և կամերային մի շարք ստեղծագործություններ, որոնք գտնվում էին կոմպոզիտորի արխիվում:

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորեց այն փաստը, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրված է Հարո Ստեփանյանին։

«Հարո Ստեփանյանը մեր մեծ կոմպոզիտորներից է, ով թողել է հիանալի ժառանգություն։  Ցավոք, այդ ժառանգությունը հաճախ չի հնչում մեզանում։ Փառատոնը ևս մեկ առիթ է՝ հնչեցնելու մեր հիանալի կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Ընդհանրապես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այս նախաձեռնությունը շատ բարձր եմ գնահատում, քանի որ կատարվում են հայ կոմպոզիտորների նորագույն ստեղծագործություններ։ Կուզենայի, որ մեր հասարակությունն ավելի մոտ կանգնի այս համերգներին և անպայման ներկա լինի դրանց, քանի որ համերգային ծրագրերում կան շատ արժեք ավոր, մնայուն գործեր»,- ասաց Վարդան Աճեմյանը։

 Փետրվարի 24-ին «Հարո Ստեփանյան-ֆեստ»-ի կամերային համերգին կատարվելու է նաև Վարդան Աճեմյանի Կվինտետը պիկոլո ֆլեյտայի, տուբայի, վիբրաֆոնի, կոնտրաբասի և դաշնամուրի համար։ Վարդան Աճեմյանի տեղեկացմամբ՝ այս ստեղծագործությունն ինքը գրել է շվեյցարական մի խմբագրության պատվերով, և այն Հայաստանում հնչելու է երկրորդ անգամ։

 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անց է կացվում 2010 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կյանքի է կոչվում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here