Դինքի ընկերները դատական նիստից առաջ հանդես են եկել արդարության պահանջով

0
121

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստից առաջ նրա ընկերները հավաքվել են դատարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Bianet գործակալությունը:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի առջև հավաքված Հրանտի ընկերները հայտարարել են, որ եկել են պահանջելու արդարություն: Հավաքվածների անունից ելույթ ունեցած Բյուլենթ Այդընն ասել է. «Հանցագործությունից հետո 10 տարի է անցել: 10 տարի է` արդարության ենք սպասում»:

Հիշեցնելով, որ փետրվարի 6-ի նիստում շարունակվելու է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի պաշտպանությունը`Այդընը նշել է. «Մյուս կասկածյալների նման Յըլմազերն էլ մեղադրեց բոլորին՝ իրենից բացի: Սակայն նա չհստակեցրեց, թե ինչու հետախուզական բաժինը բացարձակապես ոչինչ չարեց Հրանտ Դինքին պաշտպանելու համար»:

Հայտարարություն անելուց հետո Դինքի ընկերները նիստի աշխատանքներին հետևելու նպատակով մտել են դատարան:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:
http://armenpress.am/arm/news/877480/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here