ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանական վաղաժամկետ ազատման կարգը բարելավող նախագիծը

0
122

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը: «Կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում: Դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Կատարված դիտարկումը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, որոնցից է, օրինակ` գործող համակարգի բարդացված կառուցվածքը, գործընթացին մասնակցող պատասխանատու մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, օրենքների անհստակությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող ոչ հստակ չափորոշիչները. պետք է առկա լինի դատարանի համոզվածությունը, որ պատիժը կրող անձի ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարծիք չկա` հաշվի առնելով նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցման հանգամանքը, ինչով պայմանավորված էլ կայացված որոշումները դառնում են քննարկման առարկա: Փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը:

Նախագծերով փորձ է կատարվել նախատեսել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման այնպիսի համակարգ, որը կունենա օրենսդրական կայուն հիմք և կնպաստի գործուն և արդյունավետ պրակտիկայի ձևավորմանը:
http://armenpress.am/arm/news/877660/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here