«Արծվաբույն» ներկայացումը համալրեց Սունդուկյան թատրոնի խաղացանկը

0
130

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990-ականների՝ արցախյան պատերազմից մինչ մեր օրերը պատմող «Արծվաբույն» ներկայացման առաջնախաղը  տեղի ունեցավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Այս գործը գեղարվեստական ստեղծագործություն է բոլորիս հայտնի իրադարձությունների վերաբերյալ՝ հավաքական կերպարներով: Նրանում կա ցավ, տառապանք, բայց միևնույն ժամանակ մե ր ազգային բնավորությանը բնորոշ հումոր և լավատեսություն: Բազմիցս ասել եմ և չեմ վախենում կրկնել, որ այս ներկայացումը հուշակոթող է, երկրպագություն մեր մայրերին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց բեմադրության ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

Գլխավոր դերակատար Անդրանիկ Զաքարյանի խոսքով՝ այս ներկայացումն ավելի վաղ պետք է հանձնվեր հանդիսատեսի դատին, սակայն երբեք ուշ չէ: «Երկու տարի ծառայել եմ հայոց բանակում. իմ մարմնավորած կերպարն ինձ շատ հարազատ է: Նա վիրավոր երիտասարդ է, որը ցանկանում է կանգնել իր ընկերների կողքին և վայելել հաղթանակի ուրախությունը»,-ասաց դերասանը:

Ներկայացումը դեբյուտային էր  երիտասարդ դերասան Մեսրոպ Աբտոյանի համար: «Թատրոնում հանդես եմ եկել մասսայական տեսարաններում և մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս դերին: Բեմադրության միջոցով սահմանում գտնվող տղաներին ցանկանում ենք ասել,  որ իրենց հետ ենք, իրենց կողքին»,-շեշտեց Աբտոյանը:

«Շատ սիրում եմ իմ կերպարը: Նա կրում է բոլոր մայրերի մորմոքը, կարոտը, ցավն ու հպարտությունը: Պատերազմում կորցնելով որդուն և ամուսնուն՝  80-ամյա կինը հոգ է տանում սահմանում կռվող զինվորներին՝ ուժ, արիություն ներշնչելով նրանց»,-ասաց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:

Դահլիճում ներկաները հուզմունքով և բուռն ծափողջյուններով արձագանքեցին ներկայացմանը:

«Արծվաբույն» ներկայացման իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում սահմանամերձ մի գյուղում: Բեմադրության մեջ ընդգրկվել է 13 դերասան: Կերպարները բազմազան են և հետաքրքիր՝ զինվորներ, մայրեր…Բեմադրության մեջ արտացոլված են պարզ մարդկային հարաբերություններ: Այն կարողանում է որոշակիորեն ներկայացնել մեր 25 տարվա հոգսերն ու աղերսները:
http://armenpress.am/arm/news/877759/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here