Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության աջակիցներն ավելանում են

0
134

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայատառ գրելու նախաձեռնության հեղինակը փաստում է, որ նախաձեռնության իրականացմանն աջակցողներն ավելանում են առաջին իսկ օրից: Ոլորտի փորձագետները կարծում են, որ հանրային իրազեկման ծրագրերը, ընթերցանությունը և դպրոցներում երեխաներին համակարգչով հայատառ տպագրել սովորեցնելը ևս կխթանեն այս նախաձեռնությանը:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և նախաձեռնության հեղինակ, մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

«2012-ին նույնիսկ շատ հայտնի օգտատերեր, քաղաքական գործիչներ սոցիալական ցանցերում գրառումները կատարում էին լատինատառ հայերենով: 2012-ին հայատառ չգրելու հիմնական խնդիրներից էր տեխնիկական հնարավորությունների բացակայությունը: Սակայն, այսօր՝ հինգ տարի անց, վստահաբար կարելի է ասել, որ այդ խնդիրը լուծված է, համացանցին միացող բոլոր սարքերն ունեն հայատառ գրելու հնարավորություն, իսկ համապատասխան ծրագրերը կարելի է ներբեռնել անվճար: Նախաձեռնությունն առաջին իսկ օրից ունեցավ բազմաթիվ արձագանքներ ու աջակցություններ: Նախորդ տարի, նույնիսկ, բջջա յին օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեց կարճ հաղորդագրություններն իր բաժանորդներին հայատառ ուղարկել: Կարևոր է նաև այն կայքերի առկայությունը, որոնք արգելում են լատինատառ մեկնաբանություններն իրենց էջերում»,-ասում է Զոհրաբ Եգանյանը:

Սամվել Մարտիրոսյանն առանձնացնում է համացանցում դեռ շատերի հայատառ չգրելու մի քանի պատճառներ. կան իներցիոն խնդիրներ՝ իբր հայատառ շատ երկար գրել հնարավոր չէ: Ինտերնետ-հանրությունը պարզապես սովորել է գրել այլ այբուբենների կիրառմամբ: Լատինատառ հայերեն գրելը շատերի համար ոչ թե տեխնիկական, այլ գրագիտության հարց է: Այն թաքցնում է շատ սխալներ: Բացի այդ՝ հայատառ ստեղնաշարով ավելի դժվար է աշխատելը, քանի որ հայերեն տառերն ավելի շատ են: Սակայն փորձագետը փաստում է, որ լատինատառ հայերենը ստանդարտ չէ և, հետևաբար, դժվար ընթեռնելի է, բացի այդ այն իր ո չ ուղղակի, բայց լուրջ ազդեցությունն ունի սփյուռքի համայնքների՝ միմյանցից անջատման հարցում: Արևմուտքում ապրող ու լատինատառ գրող հայը չի հասկանա ռուսատառ գրող հային: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս դեպքում դպրոցներն ունեն խնդիր՝ ավելի արդյունավետ ու պրակտիկ օգտագործել ինֆորմատիկայի դասաժամերն ու երեխաներին սովորեցնել համակարգչով հայատառ տպագրել: Նաև պետք է ավելացնել ընթերցանությունը, որպեսզի օգտատերերն իրենց գրառումներն առավել վստահ կատարեն հայերեն տառերով:

Աննա Գրիգորյան
http://armenpress.am/arm/news/877672/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here