ՌԱԿ-ը չի կիսում ՀՌԱԿ-ի գործելաոճը. պարզաբանում երկու կողմերից

0
146

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռամկավար ազատական կուսակցությունում բորբոքվել են կրքերը Հայաստանի ու Սփյուռքի կառույցների միջև: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները պատճառ են դարձել քաղաքական ուժի տարբեր թևերի միջև տարաձայնությունների ի հայտ գալուն: Փետրվարի 7-ին Երևանում հրավիրված ասուլիսում ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանը հայտարարեց, որ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) որևէ կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ։ «Այս պահին նրանք մեզ հետ կապ չունեն, եղել է ժամանակ, երբ մենք աշխատել միասին, համագործակցել ենք, սակայն վերջին տարիներին ոչ մի համագործակցություն չկա, քանի որ նրանց կողմից եղել են աշխատանքային, գաղափարախոսական շեղումներ։ Մենք նրանց չենք կարող ասել՝ միանան կամ չմիանան այս կամ այն դաշինիքին։ Եթե նրանք ցանկանում են, կարող են միանալ «Ծառուկյան» դաշինքին։ Մեր հարցն այն է, որ հանդես չգան ավանդական ՌԱԿի անունից։ Մեր կուսակցության 19 շրջանակներից միայն 3-Õ « անդամներն են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿին աջակցելու հարցին»,- նշեց Պլըքյանը։ 

Փոխարենը ասուլիսին անակնկալ հայտնված ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը,  արձագանքելով ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետի խոսքին, ասաց, որ իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը և ոչ ոք չի կարող իրենց արգելել։ «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իրավական բոլոր հիմքերն ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն դաշինքին միանալու հարցում։ Դա մեր իրավասությունն է, դրսի կառույցները կարող են իրենց խոսքն ասել, սակայն որևէ բան արգելել չե ն կարող»,– պնդեց Ավետիքյանը։ 
Այդուհանդերձ, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետը տեղեկացրեց, որ քաղաքական ուժը մտադիր չէ ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի  մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ 
«Մեր ասուլիսն ուղղված չէ որևէ անձի կամ դաշինքի դեմ։ Մենք ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանն արդեն անդրադարձել է կատարվածին՝ մերժելով դաշինքի մեջ ընդգրկել աշխարհասփյուռ ՌԱԿը չներկայացնող ուժին։ Ողջունում ենք հայրենիքի մեջ տեղի ունեցող ամեն միջոցառում և շեշտում, որ ՌԱԿն առայժմ քաղաքական կառույց չունի հայրենիքում և չի մասնակցի 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։ 

Իսկ Ավետիքյանն իր հերթին, հակադարձելով Պլըքյանին, նշեց, որ ասուլիսը հրավիրած սփյուռքահայ գործիչները եկել են Սիրիայից, բայց նույնիսկ այնտեղ Ռամկավար ազատական կուսակցությունը իրավաբանորեն գրանցված չէ: «Հիմա առաջիկայում Լիբանանում ընտրություններ են` ես կարո՞ղ եմ այնտեղի կառույցին ասել ի՞նչպես մասնակցեն դրանց կամ մասնակցե՞ն, թե՞ ոչ: Կամ գրանցվեք Հայաստանում ու խոսեք իրավական տեսանկյունից կամ հայտնվեք դիտողի դերում»,-ընդգծեց Ավետիքյանը՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել ընտրությունների առնչությամբ իրենց դիրքորոշումը:
http://armenpress.am/arm/news/877708/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here