ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են երեք դիտորդական առաքելություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, դրանք են «Ժողովրդավարական իրավունքի միջազգային կենտրոն»-ը (133 դիտորդ), «Միացյալ առաջնորդների պալատ»-ը (137 դիտորդ) և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն (189 դիտորդ):
Դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունների օրը նշանակելուց հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցման գործընթացը սկսել է 2016 թ. դեկտեմբերի 30-ին և կավարտի մարտի 18-ին:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 2-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը: