ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

0
122

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 101 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 7-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Փաթեթը վերաբերում է հիփոթեքային վարկերի տրամադրմանն ու հարակից հարցերին: Նախատեսվում է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Այնուհետև պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը միտված է ԱՊՀ անդամ-պետությունների ինտեգրված արժութային շուկայի ստեղծմանը:

Խորհրդարանը քննարկել է նաև 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը, որով կողմերը հիմնում են ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում: Համաձայնագրին միացել է 123 երկիր:

Ժամը 16:30-ին կառավարության անդամները խորհրդարանում կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here