Թուրքիան պետք է շարժվի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ֆրանսիայի նախագահ

0
130

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախաձեռնություններին, այդ թվում և Թուրքիայում, որն ի վերջո պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և այս հարցում շեշտել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի և ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դերակատարությունը: «Դուք մշտապես տարբերակում եք դրել այս հարցում թուրքական պետության և թուրք ժողովրդի միջև, և դուք ճիշտ եք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Այս առնչությամբ Օլանդը հիշատակել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի համարձակությունը այդ կառույցում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու հարցում: Անդրադառնալով Թուրքիայում զարգացումներին՝ Օլանդը հիշատակել է, որ այս տարի լրանում է Հրանտ Դինքի սպանության 10 տարին, ում այրուն Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր Թուրքիա կատարած այցի ընթացքում:

«Այսպիսով, որն է մեր՝ Ֆրանսիայի պարտականությունն այս հարցում: Մենք պետք է աջակցենք Ցեղասպանության ճանաչմանն օժանդակող բոլոր նախաձեռնություններին, որտեղից էլ դրանք գան, ինչպիսին էլ լինեն: Եվ կարևոր է, որ այս հարցը շարունակվի բարձրացվել հենց Թուրքիայում, որը պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Այս հարցն առաջ մղելու հարցում բազմաթիվ այլ երկրներ մեզ հետ են»,– նշել է Օլանդը: 
http://armenpress.am/arm/news/878083/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here