Հայաստանում հեղինակային իրավունքներն ավելի շատ խախտվում են երաժշտության ոլորտում

0
120

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեղինակային իրավունքներն ավելի շատ խախտվում են երաժշտության ոլորտում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, ոլորտը նախորդ տարիների համեմատ կարգավորվում է, սակայն խախտումները դեռ շատ են:

«Մասնավորապես, նման խնդիրների ենք հանդիպում ռեստորաններում, սրճարաններում: Հնչում է որևէ ստեղծագործություն` առանց հեղինակի հետ համաձայնության: Այնինչ, պարտավոր են համաձայնեցնել, ինչպես նաև վճարել որևէ հեղինակի ստեղծագործությունները հնչեցնելու դեպքում»,-ասաց Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով՝ հեղինակային իրավունքի հետ կապված առավել նպաստավոր իրավիճակ է թատրոններում, հեռուսաընկերություններում: Այդտեղ հիմնականում հեղինակային իրավունքները պահպանվում են:

Ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական դաշտը բավական լավ հիմքերի վրա է և այն դեռ կատարելագործվում է: Մտավոր սեփականության գործակալության  Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը նշեց, որ մշակվել է նոր օրենքի նախագիծ, որը կարգավորում է մի շարք հարցեր:

«Բավական մեծ փոփոխություններ են կատարվել գույքային իրավունքները կառավարող կազմակերպությունների մասին հոդվածներում, որտեղ արդեն սահմանվել է հավատարմագրման գործընթաց: Ինչպես նաև նախատեսվել են հավատարմագրման պայմանները: Օրենքն ընդունելուց հետո, այսուհետ, կառուցները պետական լիազոր մարմնում անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո միայն հավատարմագիր կստանան և կկարողանան գործել տվյալ ոլորտում»,-ասաց Քրիստինե Համբարյանը:

Նոր օրենքի նախագծով սահմանվում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ազատ վերարտադրել որևէ գիրք` առանց հեղինակին վճարելու: Դա հնարավորություն կտա ուսանողներին թանկ դասագրքեր չգնել և ներքին ցանցի միջոցով միմյանց փոխանցել վերարտադրված գիրքը:

Օրենքը կա, դաշտը կարգավորվում է, սակայն սեփական իրավունքի գիտակցումն է պակասում: Փաստաբան Արտակ Գարոյանը ներկայացրեց մի վիճակագրություն: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններն ընդունել են 93 հազար 699 հայցադիմում, որից վարույթ է ընդունվել 86 հազար 633-ը: Մտավոր սեփականության մասով ներկայացվել է 11 դիմում, որից  վարույթ ընդունվել է 9-ը: Այդ դիմումներից որևէ մեկը է չի բավարարվել:

«Պատկերացնո՞ւմ եք,  86 հազար 633 դիմումից միայն 9-ն է վերաբերում մտավոր սեփականության իրավունքներին: Ի՞նչ է սա նշանակում: Գուցե հեղինակային իրավունքի դաշտում ամեն ինչ փայլո՞ւն է: Տեսնում ենք, որ այդպես չէ: Երկրորդ` հեղինակային իրավունքը խախտված անձը պարզապես չի դիմում դատարան»,-ասաց փաստաբանը: Դատարան դիմելն արդյո՞ք միակ լուծումն է, հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ մինչդատական վարույթում վեճերն ավելի արդյունավետ են կարգավորվում, քան դատական փուլում:
http://armenpress.am/arm/news/877913/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here