Մարքեթինգը զրո է. Արմեն Ամիրյանը չի ցանկացել անբավարար գնահատել ազգային կինոկենտրոնի աշխատանքը

0
149

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի տարեկան հաշվետվությունից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ չի ուզում գնահատել անբավարար, որովհետև դա կունենա իր ծանր հետևանքը: «Թույլ տվեք պարզապես՝ մի քիչ էլ մտածեմ»,-նշել է նախարարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից`հաշվե տվության ընթացքում ավելի շատ հարցեր են հնչել, քան պատասխաններ: 

Օրինակ` «Քանի՞ մարդ է դիտել այն ֆիլմերը, որոնց ստեղծման համար 2016-ին ծախսվել է 300 միլիոն դրամ: Պետական միջոցներով ստեղծված այդ ֆիլմերի ցանկում կա՞ն արդյոք ազգային ու համաշխարհային արժեք ներկայացնող գործեր, ֆիլմեր, որոնք պետք է սերունդ կրթեն ու ոգևորեն մեր հասարակությանը, ի վերջո՝ որքա՞ն գումար են բերել այդ ֆիլմերը Հայաստանի պետական բյուջեին»,-նախարար Ամիրյանի հարցադրմանն ի պատասխան Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգյանն արձագանքեց. «Մինչ օրս մենք ֆիլմարտադրությունը չենք դիտարկել բիզնեսի տեսանկյունից: Պետությունն, ի դեմս Կինո կենտրոնի, ֆիլմ չի նկարում. միայն աջակցում է, այն էլ՝ շատ քիչ գումարով»: 
«Բայց պետությունը քաղաքականություն է մշակում, ըստ որի, պետք է ստեղծվի հասարակությանն առաջ մղելու գաղափարախոսությունն իր մեջ կրող, ազգային արժեք ներկայացնող կինո, որը և կձևավորի մեր վաղվա օրը, ֆիլմեր, որոնք մրցանակներ կբերեն միջազգային հեղինակավոր կինոփառատոններից: Դուք կինոարվեստի զարգացման քաղաքականություն պետք է վարեք Հայաստանում»,-ասաց նախարարը:

Հաշվետվության ընթացքում պարզվեց, որ Ազգային կինոկենտրոնի հաստիքացուցակում կան փառատոնի ավագ մասնագետներ, ավագ վարորդներ, վարորդ-մեխանիկներ, նկարահանման տեխնիկան սպասարկողներ (չնայած Կինոկենտրոնի հաշվեկշռում նկարահանման տեխնիկան բացակայում է), կան ուշագրավ այլ հաստիքներ ևս, բայց չկա կինոյի մարքեթինգով զբաղվող իրական որևէ մասնագետ. «Այսինքն, մարքեթինգը զրո է»,-նկատեց նախարարը, իսկ Կինոկենտրոնի տնօրենը չհերքեց: 
Ըստ Արմեն Ամիրյանի, հենց սա է պատճառը, որ Մալյանի անվան թատրոնի արտաբյուջեն այսօր ավելի մեծ է, քան Կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի հասույթից գոյացած արտաբյուջեն. «Եվ խոսքը միայն արտաբյուջեի մասին չէ. որտե՞ղ է մեր ժամանակի՝ ձեր ստեղծած հերոսը»:

«Թատրոնը տոմս է վաճառում, պարոն նախարար»,-նկատեց Գևորգ Գևորգյանը: «Իսկ կինոյում տոմս չի՞ վաճառվում: Կինոն այսօր աշխարհի թիվ մեկ բիզնեսն է՝ ի տարբերություն թատրոնի»,-արձագանքեց նախարարը: 
Բուռն քննարկման վերածված հաշվետվությունից հետո Արմեն Ամիրյանն ասաց.«Պետք է վերատեսության ենթարկել ամեն բան, այսպես շարունակել չի կարելի: Սա պարզապես պետական միջոցների վատնում է»:
http://armenpress.am/arm/news/877909/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here