Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան դատապարտել է ավստրալական SBS-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

0
142

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բաց նամակ է գրել Ավստրալիայի Ազգային հեռարձակողների ցանցի (SBS) ղեկավար Մայքլ Էբայդին՝ դատապարտելով SBS-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Նամակն իսկական սառը ցնցուղ է SBS-ի խմբագրական քաղաքականության վրա, որը խուսափում է որակել Հայոց ցեղասպանությունը իրական անունով: «Ցեղասպանության ժխտումը պատմություն չէ, սա գաղափարական հարց է: Մենք հիասթափված ենք, որ նման հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է SBS-ը, ընտրել է այս ուղին»,- ասվում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նամակում:

2017 թվականի մայիսին Ավստրալիայի խորհրդարանական քննարկումների ժամանակ Կանաչների ներկայացուցիչը Էբայդին խնդրել էր հստակեցնել The Australian-ում հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումները: Հոդվածում մասնավորապես ասվում էր, թե SBS-ը հատուկ քաղաքականություն ունի Հայոց ցեղասպանության հարցում, որով արգելում է լրագրողներին կատարվածին տալ ճիշտ որակավորում՝ փոխարենն առաջարկելով «հայերի զանգվածային կոտորած» տարբերակը:

Ի պատասխան հնչեցված հարցադրման՝ Էբայդն ասել էր. «SBS-ում մենք կատարվածն անվանում ենք «հայերի զանգվածային կոտորած, որը ոմանց կողմից ընդունվում է որպես ցեղասպանություն»: Կարծում եմ, նման կերպ մենք մեր ընթերցողներին թույլ ենք տալիս հասկանալ, որ սա վիճելի հարց է, որի շուրջ ողջ աշխարհում պատմաբանները տարակարծություններ ունեն»:

Էբայդին ուղղված բաց նամակում Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը «հայկական իրադրություն» անվանելը, ինչպես նա արել էր Սենատի լսումների ժամանակ, նույնն է, ինչ Հոլոքոստը «հրեական իրադրություն» անվանելը:

«Որպես ցեղասպանագետներ՝ մեզ համար հատկապես կարևոր կետ էր Ձեր փաստարկներում այն, որ ակադեմիական աշխարհում ճանաչված պատմաբանները վիճաբանում են ցեղասպանության հարցի շուրջ: Դա բացահայտ կեղծիք է: Կան ցեղասպանությունը ժխտող մի խումբ պատմաբաններ, ովքեր, սակայն, ցեղասպանագետների մեծամասնության կողմից չեն ընդունվում որպես ակադեմիական ոլորտի ծանրակշիռ գիտնականներ»,- ասել է Էնդրյու Վուլֆորդը: Նա հորդորել է SBS-ին վերանայել քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
http://armenpress.am/arm/news/895823/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here