«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում յուրահատուկ ֆիլմեր են ընդգրկվել

0
101

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին: Այն կտևի մինչև հուլիսի 16-ը։

Կինոփառատոնի մրցութային ծրագրերն են` «Միջազգային խաղարկային մրցույթ», «Միջազգային վավերագրական մրցույթ», «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ», որը ներառում է խաղարկային լիամետրաժ, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր: Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:

«Խաղարկային ֆիլմերի մրցույթում 12 կինոնկար են ներկայացված: Զետեղվել են ֆիլմեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրներում»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ`նշեց «Միջազգային խաղարկային մրցույթ»-ի համակարգող Միքայել Ստամբոլցյանը:

Այդ բաժնում ներկայացված են Մոհամադ Ռասուլոֆի «Ազնիվ մարդը», Զեքի Դեմիրքուբուզի «Անթեղ», Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը», Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»,  Յուլիուս Շեվչիկի «Մասարիկ» և այլ ֆիլմեր:

 «Մասարիկ»-ն անցյալ տարի Չեխիայում բազմաթիվ կինոմրցանակների է արժանացել:

Ստամբոլցյանի խոսքով` մի քանի տարի է, ինչ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում նշմարվում են կնոջ ճակատագրին անդրադարձող թեմաներ: Այդ թեմայով կինո են նկարահանում ինչպես կին, այնպես էլ տղամարդ ռեժիսորները:

Վավերագրական մրցույթի համակարգող Արա Խանջյանն ասաց, որ վավերագրական մրցույթում 16 ֆիլմ են ներկայացված: «Հայաստանից կա երկու ժապավեն` Արա Մնացականյանի «Դատավարություն»-ը, որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին, և Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» լիբանանա-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը: Այն մեր հայրենակիցների մասին է, ովքեր տեղափոխվում են Մարսել: Ընդգրկված է նաև թուրքական ֆիլմ, որը պատմում է հայ կնոջ մասին, ով ապրելով Թուրքիայում, փորձում է պահել հայկական ինքնությունը: Ֆիլմը կոչվում է «Դերդո մայրիկը և ընկուզենին»,-նշեց Խանջյանը:

Միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված են Տոմազո Կոտրոնեի «Արյուն և լուսին», Ռաթի Օնելի  «Արևի քաղաքը», Ցվետան Դրագնևի «Գյուղացիներ», Ռաեդ Անդոնի «Ուրվականների որս» և այլ ֆիլմեր:

«Հայկական համայնապատկեր» մրցույթին մասնակցում են հայ կամ հայաստանցի ռեժիսորներ,: Ընդգրկված են պրեմիերաներ: Այս մրցույթը բազմաթիվ հետաքրքիր հայ ռեժիսորների է բացահայտում: Ընդգծեմ, որ կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան նաև քննարկել ֆիլմերը ռեժիսորների հետ»,-շեշտեց «Հայկական համայնապատկեր»  մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում ներկայացված են Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ», Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայները», Աշոտ Մկրտչյանի «Ծնունդ», Հայասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց», Գրիգոր Պողոսյանի «Ու՞ր ենք գնում» և այլ կինոնկարներ:

Փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոժապավենը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:
http://armenpress.am/arm/news/896533/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here