Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել

0
112

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում շատ կարեւոր աշխատանքներ են իրականացվում, որոնք արժանի են ուշադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հավաստիացրեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները մեծապես նպաստում են Արցախի տնտեսության զարգացմանը:

«Արցախում երեք տասնյակից ավելի ՀԷԿ-եր կան, եւ դրանց քանակը գնալով ավելանում է:  Ընդամենը մի քանի տարի առաջ էներգիա ներկրող երկրից այն դարձել է էներգիա արտահանող երկիր: Պարենամթերքի, հացահատիկի տեսակի առումով Արցախը ինքնաբավ է:  Մնացած բոլոր տնտեսական խնդիրների առումով եւս բավականին լուրջ առաջընթաց կա, վերջին 10 տարիների ընթացքում, ըստ էության, Արցախը միջին հաշվով կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ամիս ու կես, երկու ամիս առաջ սկսեցին հյուսիսային ճանապարհի աշխատանքները, ներքին ճանապարհը բավականին վատ վիճակում էր, եւ կարծում եմ՝ շատ շուտով վերականգնման աշխատանքները կավարտվեն:  Շատ կարեւոր են Հայաստանի կողմից իրականացվող ներդրումները»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ կարեւոր աշխատանքներ նաեւ իրականացվում են սահմանում պայմանների բարելավման ուղղությամբ:

«Որոշ ժամանակ առաջ հանձնարարվեց առաջին գծում եղած դիտակետերում, խրամատներում ապահովել խմելու մաքուր ջուր, որպեսզի մեր զինվորները նորմալ կենցաղային պայմաններ ունենան: Կառուցվում են շատ կարեւոր  ապաստարաններ, որոնք հնարավորություն  են տալիս, որ նույնիսկ ամենադաժան ռմբակոծման ժամանակ զինվորները գտնվեն ապահով վիճակում: Հասել ենք նրան, որ շուրջօրյա մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն ունենք գիշերային եւ ցերեկային տեսախցիկներով, եւ անհրաժեշտություն չկա, որ այդ ընթացքում մեր զինվորը բարձրանա անմիջապես խրամատ: Լավ կլիներ, որ հայաստանյան մամուլը բացի այն դժբախտ դեպքերից, որոնք իհարկե շատ ցավալի են, կարողանա նաեւ ներկայացնել իրականացվող դրական աշխատանքները»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:  

 
http://armenpress.am/arm/news/896564/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here