Պոլսո Հայոց պատրիարքարանը պետության հետ բանակցություններում արդեն կներկայացնի տեղապահ Բեքչյանը

0
122

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում եկեղեցական ընդհանուր ժողովի կողմից հունիսի 28-ին կայացված որոշումն այն մասին, որ դադարեցվում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ամենակարճ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետարանի միջոցով կփոխանցվի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է փաստաբան Սեպուհ Ասլանգիլը:

«Ներքին գործերի նախարարությունն այսուհետ կգործի համաձայն կայացված որոշման: Այսինքն, երբ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ զարգացում լինի, պետությունն ուղղակիորեն գրագրության մեջ կլինի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Պատրիարքարանն արդեն ներկայացնում է տեղապահը»,– ասել է Ասլանգիլը՝ նշելով, որ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսին կլինի պետության դիրքորոշումը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Այս մասին պատրիարքարանը հանդես է եկել հայտարարությամբ:


http://armenpress.am/arm/news/896900/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here