Միհրան Պողոսյանը ողջունում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը

0
328

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ողջունում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ինքն այդ հարցում դրոշակակիր է, կողմ է այդ հանձնաժողովի գործունեությանը և այն մարդկանցից է եղել, ովքեր բարձրացրել են նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: «Դա նաև նրա համար է, որ մատնացույց անի իրավական համակարգի բոլոր բացերը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միհրան Պողոսյանը:

Հարցին, թե արդյոք այսուհետ իր կարողության հրապարակման հարցում ավելի անկեղծ է լինելու՝ հաշվի առնելով իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, Պողոսյանն ասաց. «Շատ ավելի անկեղծ եմ, քան կարծում եք»:

Հարցին, թե ինչպես է ինքը հարստացել, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20 տարեկանում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն  և այլն»:

Միհրան Պողոսյանը նաև հերքեց մամուլում տարածված լուրեն այն մասին, որ ինքը մտադիր է քաղաքապետի պաշտոնի համար մրցել Տարոն Մարգարյանի հետ:

Նա համաձայն չէ  պնդման հետ, որ ինքն աթոռ ծանրացնող պատգամավոր է և գործ չի անում: «Ես որոշել եմ ազգիս պիտանի լինել այս ճանապարհով: Ազգային ժողովում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով և բարձրացնելու եմ հասարակության ձայնը»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հունիսի 9-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքներում կատարվող փոփոխությունների ու լրացումների փաթեթը։ Փաթեթն ընդունվել է միաձայն. կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

 

 
http://armenpress.am/arm/news/897138/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here