«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
160

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Արցախի զինված ուժերի հաղորդագրության տեսանյութը փաստում է, որ հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակից հետո է հայկական կողմը պատասխան կրակ է բացել: ՊԲ հաղորդագրությունը նշում է, որ որ Ադրբեջանը իր կրակակետերը.« սովորության համաձայն… տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկությունը ՊԲ զինծառայողների վիրավորվելու վերաբերյալ: ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում»: Հայկական ռազմական մասնագիտացում ունեցող Razm.info կայքը պատրաստել է քարտեզ, որտեղ երևում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց հենակետերը տեղակայել են ադրբեջանական բնակավայրերի մոտ՝ այդտեղից սադրիչ գործողությունների դիմելով հայկական զինուժի նկատմամբ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին:

Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան, ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին: Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան»։ Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների անունից հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց: Համանախագահների հայտարարության մեջ հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարվում է սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները: «Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- նշել են համանախագահները:
Արցախի հարավային ուղղությամբ Ադրբեջանը հուլիսի 7-ին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից: Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հայաստան և աշխարհ
Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին: ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տապալել այս նախաձեռնությունը և բանաձևի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը: Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի ամրագրման հայկական կողմի նախաձեռնությունը ստացավ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնության ձայները:
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի` արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։ Վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ`«Կայուն»:
2016 թվականին, երբ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները շարունակում էին կրճատվել, Հայաստանի առևտրաշրջանառությունն աճում էր: Այս մասին հուլիսի 6-ին «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` 2016 թվականին Հայաստանից արտահանումները ԵԱՏՄ տարածք աճել են ավելի քան 50 տոկոսով` այն էլ բավական դժվար տնտեսական իրավիճակի պայմաններում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 4-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:

ՌԴ ԱԳՆ-ն նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ: «Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացու արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Որպես կանոն, նրանք մի քանի ժամ պահվել են Բաքվի օդանավակայանում (որոշ դեպքերում առանց սննդի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում դեպքերից մեկն առնչվում է չորսամյա երեխայի հետ մի կնոջ), այնուհետև բռնի կերպով հետ են ուղարկվել իրենց իսկ հաշվին: Որպես նմանօրինակ ծաղրանքի «հիմնավորում» է ներկայացվել այն, որ մեր քաղաքացիներն ունեն հայկական ազգանուններ, անուններ կամ հայրանուններ: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են՝ գտնելու «հայ նախնիներին»: Այս ամենը խիստ վայրենի էություն ունի՝ չխոսելով այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում՝ որը հակասում է ռուս-ադրբեջանական բարեկամության համաձայնագրի ոգուն ու տառին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ներհայաստանյան զարգացումներ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրելպետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: Նա մասնավորապես նշել է. «Սահմանադրությունը ձեզ տվել է անհրաժեշտ և բավարար բոլոր գործիքները՝ է՛լ ավելի բարձրացնելու դատախազության ու դատախազի նկատմամբ հանրային վստահությունը: Գտնում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների ներքո մշակվող Դատախազության մասին նոր օրենքը լրացուցիչ երաշխիքներ կտա ձեր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև կարծում եմ, որ ձեր հաջողություններն ու անհաջողությունները մեծապես պայմանավորվելու են ոչ այնքան տվյալ օրենքի լուծումներով, որքան ձեր առաքելության հանդեպ դրսևորած մոտեցմամբ և ձեր աշխատանքի որակով»:
ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թվային օրակարգի մշակման և իրագործման ծրագրին և տվեց հանձնարարական: Վարչապետը նշեց, որ կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ՝ հստակ ժամկետներով, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունմամբ: «Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,- ասաց վարչապետը:

ՀՀ կառավարությունը 2018-2020 թվականներին նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ 2018-2020 թվա¬կանների պե-տական միջնաժամկետ ծախ¬¬¬¬սերի ծրագ¬րին, որով էլ կանխատեսվում են առաջիկա տարիների տնտեսական ցուցանիշները: Ակնկալվում է, որ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնա¬կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: 2017 թվականի համար կանխատեսվում է 3.3 տոկոս, իսկ 2018-2020 թվականներին՝ համապատաս-խանաբար 4.7, 5.4 և 5.7 տոկոս տնտեսական աճ:
ՀՀ ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀՀ 2016թ, պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 53, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Բոլոր տուժած գյուղացիների նկատմամբ լինելու է անհատական մոտեցում: Ես ունեմ բոլոր այն 9 համայնքների տվյալները, որոնք տուժել են կարկուտից: Այդ համայնքներում վնասները կազմում են 25-75 տոկոս»,- ընդգծեց նա:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 3-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ը ներկայացրել է ամբաստանյալների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
Սփյուռք
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Չելյաբինսկի լճում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերը հայեր են: Լճի մոտ հավաքվել են մեծ հայկական ընտանիք և ընտանիքի ընկերները. 25 մարդ տոնել է իններորդ դասարանցի աղջկա ավարտականը: Երեկոյան 9-ի սահմաններում չորս մարդու համար նախատեսված նավակ է նստել ութ երեխա և մեկ մեծահասակ: Երբ նավակը խորտակվել է, երեխաներից չորսին հնարավոր է եղել փրկել, այդ թվում և ավարտող աղջկան: Նրա հայրը և ևս մեկ տղամարդ, ովքեր նետվել են նրանց փրկելու, մահացել են: Նրանց հետ մահացել են նաև նավի վրա գտնվող 2, 8, 15 տարեկան տղաները, 10 տարեկան մի աղջիկ և նրանց նավով զբոսանքի տարած տղամարդը: Բոլոր մահացածները բարեկամներ են եղել:
Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան է ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը: Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը: Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:
Միջազգային խճանկար
Գերմանիայի կառավարությունը ելնում Է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած Էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են: Այս մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը: Նրա խոսքով՝ կանցլեր Անգելա Մերկելն իրազեկված Է ողբերգության մասին եւ ցավակցություններ Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին: Ավելի վաղ Բավարիայի ոստիկանությունում հայտնել են 18 կորածների մասին։ Ընդամենը տուրիստական ավտոբուսում, որը Սաքսոնիայի դաշնային երկրամասից մեկնում Էր Բավարիայի Նյուրնբերգ քաղաք, գտնվել է 46 ուղեւոր եւ երկու վարորդ: Իրավապահների տվյալներով՝ 30 մարդու հաջողվել Է փրկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հուլիսի 3-ին Բավարիայում տեղի ունեցած՝ զբոսաշրջիկների ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։ Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացրել է բացառիկ հարցազրույց Գայտանջիևայի հետ: Նա նշել է. «ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ահաբեկչությանն օժանդակելու գործում: Տխրեցնող է այն ճշմարտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամներն էլ ներգրավված են ահաբեկչությանն աջակցելու գործում: Նրանք դա անվանում են օգնություն չափավոր ընդդիմությանը: Սիրիայում ընթացող պատերազմը ես լուսաբանում եմ սկսած նրա մեկնարկից և 2014 թվականից ի վեր այնտեղ ոչ մի չափավոր ընդդիմություն չեմ տեսել: Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չափավոր լինել, երբ այն ծանր զինված է և գլխատում է ժողովրդին»:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձեւի նախագիծը: Նախագիծը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը։
Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի: Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում առկա իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարին և կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր: «Ես շատ երկարատև զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահի հետ: Կուտակվել են բազմաթիվ հարցեր. այնտեղ և Ուկրաինան է, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք կրկին վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարին, կիբեռանվտանգությանը»,- ասել է Պուտինը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 7-ին ունեցած հանդիպումն անվանել է փառահեղ: Այդ մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է G20-ի շրջանակում Համբուրգում հուլիսի 8-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած երկկողմ հանդիպումից առաջ: «Երեկ ես փառահեղ հանդիպում ունեցա նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը: Թրամփի և Պուտինի հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե, չնայած ի սկզբանե հանդիպման համար նախատեսված էր կես ժամ:

Կատարի իշխանություններն անիրատեսական են համարում Դոհայի հետ հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների ներկայացրած պահանջները: Այս մասին ասել է Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Տանին: «Այդ պահանջներն անիրատեսական են և չեն կարող կյանքի կոչվել: Դրանք խախտում են երկրի սուվերենությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Կատարն, այնուամենայնիվ, պատրաստ է երկխոսության: Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ճգնաժամը հաղթահարելու և կարգավորման հասնելու հնարավորություն տեսնում է Քուվեյթի միջնորդությամբ: Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին: Արաբական երկրները հայտնել են, որ պատասխանը կհրապարակեն իր ժամանակին: «Այնտեղ խոսք է գնում ոչ թե ահաբեկչության, այլ ԶԼՄ-ների անկախության սահմանափակման, ինքնիշխանության խախտման և ներքին գործերին միջամտության մասին»,- նշել է Կատարի ԱԳ նախարարը: Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Կատարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին: Այս մասին հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը:
Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը: Դրանում ներառված է նաև առանձին գլուխ Թուրքիայի հետ Թեպետ նախընտրական ծրագրում շեշտադրված է Թուրքիայի հետ համագործակցության ոգին, սակայն Մերկելն իր քաղաքական թիմով դեմ է արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:
Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող նորաբաց գիրք-տնակը կխթանի ընթեցանության զարգացումը: ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի անունը կրող գիրք-տնակը: «Ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրմամբ: Տարվա ընթացքում նախատեսել ենք տասը գրատնակ տեղադրել Երևանի տարբեր փողոցներում: Ընդգծեմ, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը վեց միլիոն դրամ է. ընդհանուր առմամբ վաթսուն միլիոն դրամի ներդրում է անհրաժեշտ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Ամիրյանը: Նա հավելեց, որ ծրագրի նպատակը ընթերցողին գրականությանն ավելի մոտեցնելն է ու հույս հայտնեց, որ գրատնակներ հետագայում կտեղադրվեն նաև ՀՀ մարզերում:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Ծնվեց մահկանացու, իր մասին թողեց անմահ հիշատակ» խորագիրը կրող ցուցադրություն, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200- ամյակին։ Ներկայացվել են ծովանկարչի հայտնի կտավների լուսանկաների արտատպությունները՝ «Իններոդ ալիք», «Սև ծովը», «Նավաբեկություն», «Ծովափ» և այլն։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը JVC Kenwood Victor Entertainment Corporation-ի հետ համատեղ թողարկել է ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացած խտասալիկ, որը, ըստ հրատարակողների տվյալների, բավականին մեծ վաճառք ունի Ճապոնիայի խանութներում և առցանց:
Սպորտ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: «Աշխատելու ենք, որպեսզի Ֆեդերացիայի հաջորդ կոնֆերանսին շախմատում ունենանք նոր հաջողություններ: Համոզված ենք, որ մենք 5 նոր շախմատի դպրոց ենք ունենալու մեր մարզերում: Մենք ուղղակի պարտավոր ենք մինչև հաջորդ կոնֆերանս աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում ունենալ 5 գրոսմայստեր: Ժամանակն է նաև, որ ունենանք շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,-ասաց ՀՀ Նախագահը:
Շախմատային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցում էր 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Տիգրան Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Անդորրական «Սանտա-Կոլոմա»-ի դեմ պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով «Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը ՉԼ-ում: Հաջորդ փուլում Աբրահամ Խաշմանյանի սաները կմրցեն բելառուսական ԲԱՏԷ-ի դեմ: Եվրոպայի լիգայի առաջին իսկ փուլից դուրս մնացին «Գանձասար-Կապան»-ը, որը զիջեց Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ»-ին, «Փյունիկ»-ը, որը պարտություն կրեց «Սլովան»-ից, և Գյումրու «Շիրակը», որը երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով զիջեց «Գորիցա»-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Այն 73-րդ հորիզոնականում է:

http://armenpress.am/arm/news/898027/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here