«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
159

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի։ Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: «Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Սա թիվ մեկ երաշխիքն է և ամենավստահելի երաշխիքը: Մենք ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա՝ կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «փոքր եղբորը»՝ կարծիք հայտնելով, թե հիմնախնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հուլիսի 4-ին «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությունից:
Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին:
Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 10-ի ժամը 17:40-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, հուլիսի 11-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Նախարարներն անդրադարձան երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Բրյուսելում հուլիսի 11-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են Նախագահներին փոխանցել իրենց առաջարկը այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Դատախազն առաջարկել է Լապշինին դատապարտել 6 տարի և 6 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա նշել է նաև, որ պատժի կրումից հետո Լապշինը պետք է արտաքսվի Ադրբեջանից՝ համաձայն այդ երկրի քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի:
Հայոց ցեղասպանության դատապարտում
Թուրքիայի մեջլիսում պատգամավորները կարող են պատժվել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա հետ համագործակցող «Ազգային շարժում» կուսակցությունը ներկայացրել են խորհրդարանում պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթ: Փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:
Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի Քուինսլենդի համալսարանում մեկնարկած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 13-րդ կոնգրեսում կայացել են ղեկավարության ընտրությունները: ՑՄԸ խորհրդի անդամ է ընտրվել նաև Սուրեն Մանուկյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հայաստան և աշխարհ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Հանրապետության Նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին: Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Հայաստանում նախատեսվում է հիմնել գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծումը կլինի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում։ IDS ընկերության կողմից նախատեսում է կատարել մինչև 10 մլն եվրո ներդրում։ Սկզբնական շրջանում աշխատանքներ կիրականացվեն Թի-Էս-Դի արտադրամասի R&D հետազոտական կենտրոնում, հետագայում՝ ծավալի մեծացմանը զուգընթաց կհիմնվի առանձին կենտրոն։
Yandex.Taxi ընկերությունը, որը ղեկավարում է հայազգի գործարար Տիգրան Խուդավերդյանը, համաձայնագիր է կնքել նմանատիպ փոխադրումների ոլորտի համաշխարհային առաջատար Uber ընկերության հետ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում օնլայն ուղևորությունների բիզնեսները միավորելու մասին: Բիզնեսի ծավալը գնահատվում է 3.725 միլիարդ դոլար:
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է ՀՀ երկու քաղաքացի: Տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»:
Ներհայաստանյան զարգացումներ
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել է նաև առաջնագծում հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած այդ զինվորներից Սարգիս Ստեփանյանին և Գոռ Դարմանյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը: Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Նա նշել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, և ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում և´ ստեղծվող հնարավորություններին, և´ ռիսկերին: Այս տարի համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը 79-րդ տեղում է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: «10 տարվա ընթացքում տատանումներից հետո մենք նույն տեղում ենք հայտնվել»,- ասել է նա:

Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Սփյուռք
Սփյուռք
Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը հուլիսի 12-ի առավոտյան հրապարակել է պաշտոնական զեկույց Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի դիվանի կազմության մասին: Զեկույցի բովանդակության կարևորագույն մասն այն է, որ պատրիարքի ընտրության գործընթացի այս փուլի բոլոր մանրամասները Ստամբուլի նահանգապետարանի միջոցով փոխանցվել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ հուլիսի 12-ին համապատասխան տեղեկությունները պաշտոնապես փոխանցվելու են Ստամբուլի նահանգապետարանին:
Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։ Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորեցին հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան» և այլն։ Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down։
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել: Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում է, թե արդեն դրա սահմաններից դուրս է եկել՝ Նիշանյանը նշել է. «Ես էլ չգիտեմ որտեղ եմ: Տարոսը բռնությանը զոհ գնացած բոլոր մարդկանց»: Թուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար:

Միջազգային խճանկար
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը՝ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի գործունեությունը, Բուլղարիայի թե պետական, թե հասարակական շրջանակների կողմից ուշադրության չեն արժանացել: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:

Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ Աբադին հուլիսի 9-ին Իրաքին և հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է Մոսուլում «մեծ հաղթանակի» առթիվ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ: Այս մասին հայտարարել է կուսակցության խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը: Հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթ»-ն ավարտվել է հուլիսի 9-ին Ստամբուլի Մալթեփե շրջանում: Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցներն այդ օրերի ընթացքում անցել են 436 կմ ճանապարհ: Ուշագրավ է, որ Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե հանրահավաքին մասնակվել է ընդամենը 175 հազար մարդ:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գերմանական կողմը սկսել է իր զորքը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու գործընթացը:
Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ: Շվեդիայի խորհրդարանի հինգ անդամներ երկրի դատախազությանը հայց են ներկայացրել ընդդեմ Էրդողանի՝ մատնանշելով նրա ունեցած դերակատարությունը 2015 թվականից այս կողմ թուրքական ուժերի և քուրդ զինյալների միջև արյունալի հակամարտության գործում:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին:
Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ – Ուկրաինա ասոցիացման համաձայնագրին:
Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին։ Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին: Աստղերի բացման հանդիսավոր արարողութունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ (Իրան): Միջազգային խաղարկային մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ցանկալի Դուրգան» կինոնկարը, ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):
Բելառուսում մեկնարկած «Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի:

Սպորտ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը եւ Լոս Անջելեսը: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը:
Իսպանիայում ավարտված «Բարբերա օփեն» միջազգային մրցաշարում 7 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիում 9 հնարավորից հավաքեց 4,5 միավոր և կիսեց 10-13-րդ տեղերը:
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը: 16-ամյա Աննա Ասլանյանը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ամենաարդյունավետ խաղացողներից մեկն էր, ով միջինը մեկ խաղում վաստակեց 18,8 միավոր։ Օղակից անդրադարձած գնդակին Աննան տիրել է միջինը 16 անգամ: Հավաքականի մեկ այլ անդամ` Ինգա Մանուչարյանը միջինը մեկ խաղում վաստակել է 24 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է նրա համար։
Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ Կասպիյսկ քաղաքում մասնակցել են Ալի Ալիեւի հուշամրցաշարին: Մրցումային առաջին օրը գորգ մտել են Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ եւ Գեորգի Կետոեւը՝ 97 կգ: Առաջին երկուսն անմասն են մնացել մրցանակային տեղերից, իսկ Կետոեւը դարձել է բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, մեկնարկային գոտեմարտում պարտվել է։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների նոր դասակարգման աղյուսակը: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշային կարգում 7-րդ տեղում է, իսկ 71 կգ քաշում Վարշամ Բորանյանը` 19-րդ: 75 կգ քաշային, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ, իսկ Կարապետ Չալյանը` 9-րդ հորիզոնականներում են: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը գրավել է 15-րդ տեղը, իսկ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միայն 2-րդ տեղում է:
Հայաստանի սամբոյի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին: Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:
Հարձակվող Արշակ Կորյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հետ: Կորյանը հոլանդական «Վիտես»-ի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 40 խաղ` դառնալով 17 գոլի հեղինակ: Գյումրիի «Շիրակ»-ի 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը IBO վարկածի չեմպիոնական գոտու համար «Ուեմբլի» մարզահամալիրում կայացած մենամարտում, մրցավարների միանձնյա որոշմամբ միավորներով պարտվեց պարտվեց Քրիս Յուբենք կրտսերին։

http://armenpress.am/arm/news/898842/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here