Ունինք Ժամանակակից Գրողներ, Որոնց Գործերու Տպաքանակը Սպառած Է

0
141

ԵՐԵՒԱՆ.- «Վեց–եօթ տարի առաջ, եթէ մարդու ձեռքը չէր գնում ժամանակակից գրողի գիրք ձեռք բերել, մտածում էին ինչ պէտք է գրի, ապա այսօր ունենք ժամանակակից գրողներ, ովքեր կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակը», այս մասին յայտնեց գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեան Երեքշաբթի, 1 Օգոստոսին, լրագրողներու հետ հանդիպման ընթացքին:

Գրականագէտը նշեց, որ հարցը, թէ կա՞յ արդեօք ժամանակակից հայ գրականութիւն, վաղուց արդէն աւելորդ է: Ըստ անոր, գրադարանային տուեալներով՝ այսօր հայ արդի գրողներէն ամէնէն ընթերցուողը Լեւոն Խեչոյեանն է, որ վերջերս մահացաւ:

«Սիրուած արձակագիրներից են Գուրգէն Խանջեանը, Յովիկ Չարխչեանի գրքեր են շատ կարդում, Արամ Պաչեան, Գրիգը, Հրաչեայ Սարիբէկեանը, նրանց գրքերը շատ են կարդում եւ դա արտացոլւում է վաճառքի ցուցանիշների վրայ», յայտնեց Նիկողոսեան, պարզաբանելով՝ որ գիրքերը ընդհանրապէս կը տպագրուին 500 օրինակով, երբեմն միայն՝ աւելի մեծ տպաքանակով:

«Օրինակ՝ Գրիգի «Յիսուսի Կատուն» կը սպառուի եւ երկրորդ հրատարակութիւնը կը սկսուի: Գնահատում եմ մեր ձեռքբերումները եւ վստահ եմ, որ ապագայում աւելի շատ կաճեն թուերը», ըսաւ ան:

Ըստ գրականագէտին՝ ցաւալի է, որ մարդիկ բանաստեղծութեան գիրքեր չեն գներ: «Սրա մեղքը, իհարկէ, սոցիալական ցանցերն են եւ տարբեր կայքերը, տարածութիւնը պօէզիայի փոքր է, արագ դնում են, կարդում են, սիրում, տարածում, եւ արդիւնքում շատ քիչ է վաճառւում», ըսաւ Նիկողոսեան եւ նշեց, որ կան բանաստեղծներ, որոնք միջինը 10-20 գիրքէն աւելի կը վաճառեն, հասցնելով 80-100 գիրքի, ինչպէս օրինակ Յուսիկ Արայի գիրքերը:

Գրականագէտը յայտնեց, որ կայ բանաստեղծական մէկ գիրք, որ դարձած է «պեսթսելլըր». անիկա Արմէն Սարգսեանի «Չկարդացած Գրքերի Փոխարէն»ն է:

«Շուտով առաջին տպաքանակը կ՛աւարտուի, որը բացառիկ բան է նորագոյն պօէզիայի պատմութեան մէջ, որ պօէզիայի քանակն աւարտւում է», ըսաւ Նիկողոսեան:

Գրականագէտը նկատած է, որ երբ հասարակութեան մէջ հեղինակութիւն ունեցող մարդիկ խօսին իրենց հաւնած գիրքին մասին, այդ գիրքը արագ սպառում կ՛ունենայ: Ան օրինակ բերաւ անցեալ տարի դերասան Սամուէլ Թադեւոսեանը, որ հարցազրոյցի մը ընթացքին յայտնած էր, որ ինք կը կարդայ Միլան Քունտերայի «Կեցութեան Անտանելի Թեթեւութիւնը» վէպը, այդ գիրքի հանդէպ հետաքրքրութիւնը մեծցած է: Տուեալները խօսուն եղած են:

«Եթէ վեց ամսում վաճառուել էր 200-250 օրինակ, ընդամէնը 15 օրում վաճառուեց 200 հատ, եւ ստիպուած նոր տպաքանակ տպագրեցին եւ յետոյ եւս մէկ տպաքանակ», ըսաւ Նիկողոսեան:

«Եթէ տարեկան Հայաստանում տպագրւում է 2 հազար անուն գիրք, այդ 2 հազար անուն գրքից էլ բազմաթիւ գրքեր հասնում են գրադարաններ, իսկ գրախանութներում էլ տեսնում ենք, թէ ինչպէս են դրանցից որոշները 100ից աւել տպաքանակով սպառւում, ինչը միջինով գալիս է մօտ հազար գիրք սպառման տեսնակիւնից, ապա կարծում եմ՝ ընթերցողներ կան: Այլ հարց է, որ ընթերցանութեան մասշտաբները մեզ չեն գոհացնում», եզրակացուց Արքմենիկ Նիկողոսեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here