Իրանը դիտարկում է մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու Հայաստանի ցանկությունը

0
160

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային գազային ընկերությունը դիտարկում է Հայաստանին գազի մատակարարումներն ավելացնելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին theiranproject.com-ին տված հարցազրույցում ասել է ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն։

«Իրանական գազն էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան արտահանելու առավելագույն քանակն այժմ օրական մեկ մլն խորանարդ մետրից պակաս է: Հայկական կողմը պահանջել է ավելացնել Իրանից արտահանումն օրական 2 կամ 2,5 մլն խմ-ի: Մենք դիտարկում ենք այդ հարցը: Մենք նախընտրում ենք Հայաստանի հետ ստորագրել գազի արտահանման ծավալների ավելացման ուղիղ համաձայնագիր, որպեսզի վճարը ստանանք ուղիղ, առանց էլեկտրաէներգիայի: Եթե կողմերի միջև ձեռք բերվի համաձայնություն, գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկվի, այն ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև ու կպահպանվի։ Սակայն ընկերությունը ցանկանում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր կնքել ու գազի մատակարարումների դիմաց գումար ստանալ»,- ասել է Բաբազադեն:

Հարցին՝ արդյոք նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել առանձին համաձայնագիր՝ Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցչը դրական պատասխան է տվել և ավելացրել, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթացել: «Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի գինը, որն ավելի ցածր է, սակայն այն մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- նշել է Բաբազադեն:

Անդրադառնալով Վրաստանի հետ գազի մատակարարման բանակցություններին՝ Բաբազադեն ասել է, որ Վրաստան գազի մատակարարումների մասին պայմանագիրը ստորագրվել է, բայց չի լրամշակվել։ «Պատճառն այն է, որ գազը պետք է անցնի Հայաստանով, մինչդեռ Վրաստանի ու Հայաստանի միջև բանակցությունները չեն ավարտվել»,- ասել է նա:

http://armenpress.am/arm/news/901940/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here