Խոսրովի Անտառի Վերականգնման Համար Լիւքսեմպուրկցի Հայ Բարերարը Կը Նուիրէ 100,000 Եուրօ

0
287

ԵՐԵՒԱՆ.- Լիւքսեմպուրկի մէջ հիմնադրուած Adibe-kyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպութիւնը, որուն հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբէկեան, Խոսրովի անտառի հրդեհներուն հետեւանքներու վերացման նպատակով փոխանցած է 100,000 եուրօ:

Հրդեհին հետեւանքով այրած է իւրայատուկ արգելոցի հարիւրաւոր հեկտար տարածք, որուն բուսական աշխարհը կ՛ընդգրկէ բարձրակարգ բոյսերու շուրջ 1800 տեսակ, որոնցմէ 24ը վտանգուած են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիւ տեսակներ արձանագրուած են Հայաստանի «Կարմիր գիրք»ին մէջ. յովազներ, լուսանները, մուֆլոններ, բեզոարեան այծեր, ինչպէս նաեւ գայլեր, աղուէսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազէներ, արծիւներ, վայրի աղաւնիներ եւ այլն:

«Այսօր, երբ Խոսրովի անտառ իւրայատուկ արգելոցի ճակատագիրը եւ մէկ ամբողջ մարզի էկոլոգիան (բնապահպանական միջավայրը-Խմբ.) վտանգուած են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագոյն հիմնախնդիրների հանդէպ: Հրդեհներից յետոյ անտառների վերականգնումը երկարատեւ ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի միջոցներ է պահանջում: Ես հաւատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարաւոր կրճատել այդ հրաշալի ու առանձնայատուկ բնութեան արգելոցի վերականգնման ժամանակը», նշած է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպութեան հիմնադիր Գագիկ Ադիբեկեան:

Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպութեան գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններէն է Հայաստանի փոքր քաղաքներու՝ Դիլիջանի եւ Մասիսի, տարածքներու համալիր զարգացման ծրագիրներու իրականացումը:

«AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների եւ բնակիչների աջակցութեամբ բարելաւել քաղաքային միջավայրը եւ ստեղծել մարդկանց կեանքի յարմարաւէտ պայմաններ այդ քաղաքներում: Այս ծրագրի շրջանակներում, 2016 թուականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծուել են եւ յաջող գործունէութիւն են ծաւալում Մասիսի զարգացման հիմնադրամը եւ Երիտասարդական կենտրոնը, կանոնաւոր իրականացւում են մի շարք քաղաքային սոցիալական եւ մշակութային միջոցառումներ, կրթական եւ մշակութային ծրագրեր, աջակցութիւն է ցուցաբերւում երիտասարդական նախագծերին եւ նախաձեռնութիւններին», կը հաղորդէ «Արմէնփրէս» լրատու գործակալութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here