«Ուռուցքաբանութեան Ազգային Ինստիտուտը Կարող Է Հայաստանում Դառնալ Քաղցկեղի Հետազօտման Առաջատար Հետազօտական Կենտրոն»

0
216

Հայաստանի քաղաքացիներն արժանի են առողջապահութեան այնպիսի համակարգ ունենալու, որը կը ձգտի ուռուցքաբանական ծառայութիւնների գերազանցութիւնն ապահովել բոլոր երեւոյթներու մէջ, կարծում է Մեծ Բրիտանիայի առողջապահութեան նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր, բժշկութեան եւ վիրաբուժութեան ոլորտում աւանդի համար Բրիտանական կայսրութեան ասպետ, լորդ Արա Դարզին, որը ղեկավարելու է Ուռուցքաբանութեան զարգացման ռազմավարութեան մշակման Հայաստանի յանձնաժողովը:

Նրա խօսքով՝ ռազմավարութեան առանցքային թեման անվտանգ եւ արդիւնաւէտ բուժման մատչելիութեան բարելաւումն է: Արա Դարզին ռազմավարութեան եւ դրա նպատակների իր տեսլականի մասին պատմեց «Նիուզ»ի (NEWS.am Medicine) հետ հարցազրոյցում:

«ՆԻՈՒԶ».- Լորդ Դարզի, մեզ յայտնի է, որ դուք ղեկավարելու էք Հայաստանի Ուռուցքաբանութեան զարգացման ռազմավարութեան մշակման յանձնաժողովը: Ի՞նչ էք ծրագրում այս պաշտօնում անել: Արդէն պատկերացում ունէ՞ք, թէ Հայաստանում ինչպէս եւ ինչ ուղղութեամբ պէտք է զարգանայ ուռուցքաբանութիւնը:

ԼՈՐԴ ԱՐԱ ԴԱՐԶԻ.- Իւրաքանչիւր երկրում առողջապահութեան ռազմավարութիւնը մշակելիս առաջին հերթին հարկաւոր է ուշադրութիւն դարձնել բնակչութեան պահանջմունքներին: Հայաստանի քաղաքացիներն արժանի են առողջապահութեան այնպիսի համակարգ ունենալու, որը կը ձգտի օնկոլոգիական ծառայութիւնների գերազանցութիւնն ապահովել բոլոր ասպեկտներում:

Այս հարցում մեծ դերակատարում ունեն իրենք հիւանդները, մենք, որպէս առողջապահութեան ոլորտի առաջնորդներ եւ դարմանագէտներ, պէտք է բարելաւենք մեր հիւանդների հետ փոխգործակցութիւնը, որպէսզի նրանց ծառայութիւններ մատուցենք, որոնց կարիքը նրանք իսկապէս ունեն: Եթէ մենք աւելի լաւ հասկանանք մեր հիւանդների պահանջմունքները, կը կարողանանք բուժծառայութիւնների բարձր որակ երաշխաւորել, որոնք մարդկանց կեանքի վրայ նշանակալի եւ դրական ներգործութիւն կ՛ունենան:

«ՆԻՈՒԶ».- Դուք ինչպէ՞ս կը գնահատէիք Հայաստանի ուռուցքաբանութեան այժմեան վիճակը: Ձեր կարծիքով՝ քաղցկեղի կանխարգելումը, ախտորոշումը եւ բուժումը որքա՞ն լաւ են կազմակերպուած: Հայաստանում այս ոլորտում ինչպիսի՞ յաջողութիւններ եւ ի՞նչ խնդիրներ կան:

ԼՈՐԴ ԱՐԱ ԴԱՐԶԻ.- Հայաստանի կառավարութիւնը քաղցկեղի բուժմանը եւ կանխարգելմանը առաջնահերթ ուշադրութիւն է յատկացնում: Ինչպէս առողջապահական գրեթէ բոլոր համակարգերը, Հայաստանը եւս պէտք է շարունակի օնկոլոգիական հիւանդութիւնների կանխարգելմանը, ախտորոշմանը եւ բուժմանը առաջնահերթ ուշադրութիւն դարձնել, ինչպէս նաեւ ապահովել այս բոլոր միջոցառումների միջեւ համաձայնեցուածութիւնը:

Ես կարծում եմ, որ քաղցկեղային հիւանդութիւնների կանխարգելման եւ քաղցկեղի վաղ յայտնաբերման նպատակով հետազննութիւն լաւագոյն ծրագրերի մշակման համար Հայաստանին դեռեւս շատ աշխատանք է սպասւում: Անհրաժեշտ է բնակչութեանն իրազեկել, քաղցկեղի ախտանիշների մասին տեղեկատուութիւն տարածել եւ մարդկանց խրախուսել այս ախտանիշների առաջացման դէպքում բժշկի դիմել:

Ուռուցքաբանութեան զարգացման նոր ռազմավարութիւնը պէտք է նաեւ ներդրումներ կատարի ծառայութեան ամրապնդման ու զինուածութեան եւ առողջապահութեան աշխատակիցների համար, որ նրանք կարողանան որակեալ ախտորոշում կատարել: Ռազմավարութեան առանցքային թեման է անվտանգ եւ արդիւնաւէտ բուժման մատչելիութիւնը: Այս հարցում կարեւոր նշանակութիւն ունի դեղերի մատչելիութիւնը, որն առանձնապէս կարեւոր է ամոքիչ օգնութիւն ստացող հիւանդների համար:

Կեանքի վերջին շրջանում հիւանդների մի մասը բախւում է ցաւի եւ այլ ախտանիշների, եւ դրանց լաւագոյն վերահսկողութեան շնորհիւ մենք կը կարողանանք նուազագոյնի հասցնել երրորդական բուժօգնութեան օգտագործումը, հետեւաբար՝ ընդհանրապէս ծախսերը նուազեցնել: Այս ռազմավարութեան շրջանակում անհրաժեշտ է աւելի լաւ հասկանալ պալիատիւ օգնութեան կարիք ունեցող հիւանդների պահանջմունքները, ռազմավարութեան մէջ պէտք է ընդգրկուեն նաեւ պալիատիւ ծառայութիւնները եւ պալիատիւ օգնութեան տրամադրման ոլորտում բժշկական կրթութեան մակարդակի բարձրացումը:

Հայաստանում ռազմավարութեան անխափան աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է տոմար ներդնել, որը կը հաւաքի օնկոհիւանդների (ուռուցքով հիւանդներու-Խմբ.) մասին տուեալները եւ բուժման արդիւնքները վերլուծելու հնարաւորութիւն կը տայ:

«ՆԻՈՒԶ».- Քաղցկեղի բուժումը բաւականին թանկարժէք է, եւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը չի կարող այն իրեն թոյլ տալ: Ձեր կարծիքով՝ քաղցկեղի բուժման ֆինանսաւորումը ինչպէ՞ս պէտք է կազմակերպուի այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Ո՞վ պէտք է վճարի քաղցկեղով հիւանդների բուժման համար՝ պետութի՞ւնը, ապահովագրական ընկերութիւննե՞րը, ինքը հիւա՞նդը, թէ բարեգործական հիմնադրամները:

ԼՈՐԴ ԱՐԱ ԴԱՐԶԻ.- ԱՀԿ հրահանգների համաձայն՝ անձնական կամ ֆինանսական դժուարութիւնները չպէտք է ծառանան օնկոհիւանդների ճանապարհին: Հայաստանի կառավարութիւնը պէտք է գտնի երկրի համար առաւել յարմար ֆինանսաւորման մոդել՝ լինի դա պետական ֆինանսաւորում՝ ապահովագրական ընկերութիւնների կամ բարեգործական հիմնադրամների մասնակցութեամբ կամ ոչ, կամ այլ տարբերակ:

«ՆԻՈՒԶ».- Մեծ Բրիտանիայում ինչպէ՞ս է ֆինանսաւորւում օնկոհիւանդների բուժումը:

ԼՈՐԴ ԱՐԱ ԴԱՐԶԻ.- Մեծ Բրիտանիայում Առողջապահութեան ազգային համակարգը (NHS) հիմնականում ֆինանսաւորւում է ընդհանուր հարկման եւ ազգային ապահովագրութեան անդամավճարների հաշուին: Ամէն տարի Կենտրոնական կառավարութիւնը ծախսերի վերլուծութիւն է կատարում՝ համոզուելու համար, որ NHS-ն անհրաժեշտ ֆինանսաւորում է ստանում:

Հիւանդները նաեւ կարող են բուժման համար ինքնուրոյն վճարել մասնաւոր կամ կորպորատիւ ապահովագրութեան միջոցներից:

«ՆԻՈՒԶ».- Երկար տարիներ Հայաստանի Ուռուցքաբանութեան ազգային ինստիտուտը պետութեանն էր պատկանում, եւ այժմ պատրաստւում են այն սեփականաշնորհել: Ձեր կարծիքով՝ առողջապահութեան նման ոլորտը, ինչպիսին ուռուցքաբանութիւնն է, կոմերցիայի (շահադիտական ձեռնարկի-Խմբ.) վերածելը վտանգաւո՞ր չէ: Սա չի՞ կարող երկրի քաղաքացիների մեծ մասի համար քաղցկեղի բուժումը պակաս մատչելի դարձնել:

ԼՈՐԴ ԱՐԱ ԴԱՐԶԻ.- Ուռուցքաբանութեան զարգացման ռազմավարութիւնը մշակելիս սա պէտք է հաշուի առնել: ԱՀԿ ցուցումների համաձայն՝ օնկոլոգիական հիւանդութիւնների բուժումը եւ հիւանդների խնամքը պէտք է լայնօրէն հասանելի լինեն՝ անկախ այն հանգամանքից, թէ

կլինիկան ում է պատկանում՝ պետութեանը, թէ մասնաւոր հատուածին:

Ուռուցքաբանութեան ազգային ինստիտուտը կարող է Հայաստանում դառնալ քաղցկեղի հետազօտման առաջատար հետազօտական կենտրոն, այս պատճառով որոշ բաժանմունքներ, եթէ ոչ ամբողջ կլինիկան, պէտք է սեփականաշնորհուեն, քանի որ այս ոլոտի հետազօտութիւնների համար լուրջ ֆինանսաւորում է պահանջւում:

Անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ այն հարցի վրայ, որ ուռուցքաբանութեան զարգացման ռազմավարութեան ֆինանսաւորումը մեծացուի եւ կայուն լինի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here