«Դուք՝ Սփիւռքի Հայերդ, Մեզ Ինչո՞ւ Էք Արեւմտեան Հայաստան Կոչում. Այն Վայրը, Որտեղ Մենք Ապրում Ենք, Էրգիր Է Կոչւում». Դիարբեքիրի Բնակիչ Կարօտ Սասունեանի Բողոքը Էրգրից

0
189

«ՆՈՐԱՆՈՐ»Ի ԶՐՈՅՑԸ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ԲՆԱԿԻՉ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆԻ ՀԵՏ

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Ծնունդով սասունցի, այժմ Դիարբեքիրում կամ, ինչպէս ինքն է ասում՝ Տիգրանակերտում բնակուող լուսանկարիչ, UPS բեռնափոխադրման ընկերութիւնում վաճառքի շրջանային տնօրէն Կարօտ Սասունեանը կարծում է, որ մէկ դար առաջ Մայր հայրենիքը թողած հայերի սերունդները աշխարհի տարբեր ծայրերից պէտք է վերադառնան Էրգիր, բոցավառեն, մոխիրներից վեր հանեն ու վերակենդանացնեն իրենց, եթէ յանկարծ Թուրքիայի կոպիտ բռնաճնշումների տակ ձուլման վտանգ տեսնի, բայց վստահեցնում է, որ դա չի լինի:

Երբ Սասունեանին խնդրում ես պատմել իր մասին, յիշատակում է բնակավայրի յայտնի մարդկանց, որոնցով հպարտանում է, օրինակ՝ յայտնի ֆիդայի, ուսուցիչ, գրող եւ քաղաքական գործիչ Կարօ Սասունին Ահարոնք (Հընզէ) գիւղից է: Այս գիւղն էլ կից էր Փասուրի համայնքին, որը մինչեւ 1915թ.ը երբեմն եղել է տարածաշրջանի բնակավայրերի վարչական կենտրոնը, ունեցել է երկու եկեղեցի, ժամանակին հայերի համար կարեւոր ուխտատեղի եղել, ունեցել է հայկական դպրոց, որին Մեծ Եղեռնից յետոյ տիրացել են մուսուլմանները եւ դարձրել բնակելի տուն: Աւերել են նաեւ եկեղեցիները:

Աւելի քան մէկ դար այս նոյն ճակատագրին է արժանանում Թուրքիայում հայկական ցանկացած եկեղեցի կամ դպրոց, մշակութային ու պատմական արժէք, Կարօտ Սասունեանն այսօր ուսումնասիրում է այդ արժէքները, իր միջոցներով փորձում գնահատել մնացած ու աւերակ դարձած հայակականութեան հետքերը Թուրքիայում:

0817garodsassounian2Մէկ ամիս առաջ՝ Յուլիսի 14ին, պոլսահայ մտաւորական, գրող, ճարտարապետ Սեւան Նշանեանը, փախչելով թուրքական բանտից, գրել էր. «Թռչունը թռաւ. Տարոսը մնացած 80 հազարին»՝ ակնարկելով Թուրքիայում մնացած միւս հայրենակիցներին: Ինչպէս փախուստից յետոյ «Արեւելք»ին տուած հարցազրոյցում էր նա յայտարարել, Թուրքիայում բոլորն են բանտարկուած, Թուրքիան սարսափելի բանտ է: Իսկ թէ արդեօք այնտեղ ապրող բոլոր հայերն են ուզում փախչել այդ բանտից, նա վստահ չէ:

Այն, որ Թուրքիայում ապրող հայութեան վիճակը, մեղմ ասած, անտանելի է, իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքը չի փոխուել 1915թ.ից ի վեր, հաստատում են բոլորը, իսկ թէ արդեօք բոլորն են ուզում հեռանալ Թուրքիայից, թէ ընդհակառակը, կարծում են, որ պէտք է բոլորը վերադառնան Էրգիր, այս հարցում տարակարծութիւններ կան:

49ամեայ Կարօտ Սասունեանը երազել է, բայց հնարաւորութիւն չի ունեցել հայերէն սովորելու, «Նորանոր»ին տուած հարցազրոյցում պատմում է, թէ ինչպէս իրենց պապերն արգելել են դա՝ վախենալով նոյնիսկ սերունդներին պատմել իրենց հայ լինելու մասին:

ՊԱՊԻԿՍ ՀԱՅԵՐԷՆ ՉՍՈՎՈՐԵՑՐԵՑ

«Պապիկս մեզ մեր մայրենի լեզուն չսովորեցրեց, որպէսզի դրա պատճառով չտուժէինք: Սակայն ես նրան անընդհատ ստիպում էի ինձ հայերէն սովորեցնել: Մեր գիւղում ոչ դպրոց կար, որտեղ կարելի էր հայերէն սովորել, ոչ էլ ուսուցիչ: Այն մի քանի հոգին էլ, որոնք կարողացել էին ողջ մնալ, վախից հայերէն չէին խօսում: Երբեմն պապս եւ իր հօրեղբայրը այգում գաղտնի խօսում էին: Ես նրանց լսում էի, բայց չէի կարողանում հասկանալ: Երբ ինձ նկատում էին, անմիջապէս դադարում էին զրուցել: Այսինքն, Արեւմտեան Հայաստանում չկայ ակտիւ գործող ոչ դպրոց, ոչ էլ եկեղեցի: Այդ պատճառով ցաւով նշում եմ, որ մեր մայրենի լեզուով չենք կարողանում խօսել, որովհետեւ Թուրքիայում անգամ պարզապէս հայ լինելն ինքն իրենով յանցանք է», պատմում է Սասունեանը:

5-6 տարեկանում, երբ իմանում է հայ լինելու մասին, այդ օրուանից հանգիստ չունի, հետաքրքրուել է, թէ ովքեր են հայերը, ովքեր են իսլամացած հայերը, փնտռել է, հարցրել, իմացել: Նրա յիշողութիւններում դեռ թարմ են վիրաւորանքները, որ որպէս հայ՝ կրել են մուսուլմանների կողմից, իզուր էին ինքնութիւնը թաքցնելու փորձերը, մուսուլմանների մէջ գտնւում էին մարդիկ, ովքեր ճանաչում էին, եւ դա բաւարար էր նրանց վիրաւորելու համար:

«Մեր վզին մի արաբերէն այբբենարան էին կախում ու մզկիթ ուղարկում: Երբ շուկայով անցնում էինք, չալմա կապած քուրդ մուսուլման խանութպանները մեր յետեւից ձայն էին տալիս. «Ալթէի (Ալթունի), Կրպոյի (Կարպիսի) թոռը Ղուրան է կարդալու, իմամ է դառնալու, ես էլ իր յետեւում նամազ եմ անելու, հա՞», յիշում է ու շարունակում պատմել, թէ ինչպէս դեռ մանուկ հասակից ճնշել են իրենց, քիչ լինելու պատճառով յաղթել մանկական կռիւներում, յետագայում բռնի ամուսնացել հայ աղջիկների հետ, իսկ արդէն զինուորական ծառայութեան ժամանակ ամենավատ պայմաններում ծառայութիւն անցնում, իսկ պետական հիմնարկներում չէին կարողանում պաշտօն ստանձնել, չէին կարող աշխատել անվտանգութեան հետ կապուած ոլորտներում: Մէկ դարի ընթացքում Թուրքիայի իշխանութիւնների վերաբերմունքի մէջ, ասում է, ոչինչ չի փոխուել:

0817garodsassounian1 «Թուրքիայում ե՛ւ այլազգիների, ե՛ւ հայերիս՝ այս հայրենիքի տէրերի հանդէպ վերաբերմունքը երբեք չի փոխուել: Ընդհակառակը, 1915ից յետոյ շարունակել է աւելի ու աւելի վատը դառնալ: Արդէն էլ հայ չի մնացել, ում կարելի է սպաննել: Նրանք էլ ունեցուածք չունեն, որը կարելի է զաւթել: Հիմա արդէն գերեզմաններում մեր ոսկեայ ատամներն են փնտռում», ներկայացնում է Տիգրանակերտի բնակիչը:

Այսօր Կարօտ Սասունեանն իր միջոցներով ուսումնասիրութիւններ է կատարում՝ փորձելով գնահատել հայկական պատմական ու մշակութային արժէքները Թուրքիայում, որն ինքը անուանում է Էրգիր, այլ ոչ Թուրքիա կամ Արեւմտեան Հայաստան: Ցաւ է ապրում, երբ նման կերպ են արտայայտւում Սփիւռքում ապրող հայրենակիցները Էրգրի մասին, մի բնակավայրի, որտեղից իրենց հայրերն ու պապերը հեռացել են: Նա բողոքում է, դժգոհում, հարց ուղղում իր հայրենակիցներին.

«Դուք՝ Սփիւռքի հայերդ, մեզ ինչո՞ւ էք Արեւմտեան Հայաստան կոչում: Մենք ոչ արեւմուտք ենք, ոչ հիւսիս, ոչ էլ հարաւ: Այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, Էրգիր է կոչւում: Ահա՛, մեր ապագան այս կախարդական բառի մէջ է թաքնուած: Մենք ուղիղ 100 տարի է՝ սպասում ենք մեր հայրերին, մայրերին, քոյրերին, եղբայրներին, այսինքն ձեզ՝ Էրգրից հեռացածներիդ: Սպասում ենք, որ գրկախառնուենք, յաղթահարենք կարօտը: Մեզ՝ Էրգրում ապրող հայերիս մի ասէք՝ ինչո՞ւ էք մուսուլման, ինչո՞ւ մեր լեզուով չէք կարողանում խօսել: Եկեղեցի կա՞ր՝ չէինք գնում: Մեր գերեզմանների վրայ Ատուածաշունչ կարդացող տէր հայր կա՞ր, որ քրիստոնեայ լինէինք: Մեզ դո՞ւր էր գալիս, որ չալմայով մարդասպանները մեր գերեզմանին անհասկանալի լեզուով, անհասկանալի գրքից բառեր էին ասում: Ես օրս սկսում եւ աւարտում եմ սովորածս երկու բառով. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո»: Ինչքան մենք ձեզանից հեռու ենք, դուք նոյնքան մեզ մօտ էք… Եթէ մենք լինենք ձեր երազանքները, դուք կը լինէք մեր ապագան», յուզմունքով նշում է Սասունեանը:

Նա ցաւով է նշում, որ իրենք այլեւս ինքուրոյնութիւն չունեն, համարւում են, ինչպէս ինքն է ասում, «մայր հայրենիքում, ձեր կոչած Արեւմտեան Հայաստանում, թուրքերի ու քրդերի ունեցուածքը: Մեր կեանքն էլ է իրենցը, այգին էլ, եկեղեցին էլ: Օգտագործում են՝ ինչպէս ցանկանում են»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է

Լուսանկարիչն, այսօր ուսումնասիրելով հայկական արժէքները, տեսնում է, թէ ինչպէս են հայկական եկեղեցիները գոմ դարձել մուսուլմանների անասունների համար, հայկական գերեզմանները՝ զուգարան: Պատմում է.

«Աւերակ դարձրին նաեւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը բազմաթիւ դժուարութիւնների գնով էինք նորոգել: 100 տարի անց սկսել էր խունկի բոյրը տարածուել, դա էլ չթողեցին վայելել: 2 տարի է՝ արգելուած է եկեղեցի գնալը: Այն թաղամասը, որտեղ գտնւում է եկեղեցին, գեաւուրների, այսինքն հայերի թաղամաս է կոչւում: Այդ թաղամասում հայերի հարիւրաւոր տներ կային: Տասնեակ բաղնիքներ, աղբիւրներ, խանութներ եւ այլն… Այդ ամէնը տանկերի ու հրացանների կրակի ներքոյ հողին հաւասարեցրին: Դեռ արգելուած է մտնել այդ թաղամաս: Վերջերս էլ Վանում, այն թաղամասում, որտեղ Արշիլ Գորկին է ծնուել, հայկական գերեզմաննոցի վրայ զուգարան են կառուցել: Այսինքն՝ Ցեղասպանութիւնը չի աւարտուել… Այն շարունակւում է…»:

0817garodsassounian3 Անկախ այս իրավիճակից, նա հաւատով է լցուած Թուրքիայի 80 հազար հայերի ճակատագրի հանդէպ, չեն ձուլուի, չեն վերանայ, կը մնան ու կ՛ապրեն, եթէ շունչ ու կենդանութիւն հաղորդեն, ուժ տան աշխարհում ապրող 10 միլիոն հայերը:

««Մի օր, երբ ողջ աշխարհը կը լինի Հայաստան, արի՛ իմ գերեզմանին, ասա, որ ողջ աշխարհը Հայաստան է դարձել: Հէնց այդ ժամանակ ոսկորներս կենդանութիւն կ՛առնեն»: Մենք մեր սասունցի պապերի այս խօսքով ենք մեծացել: Եւ եթէ ուղիղ մէկ դար անց ես տակաւին կարողանում եմ այդ խօսքը ասել, եթէ դեռ մեր երեխաների անունները կարողանում ենք Սասուն ու Արտակ դնել, մենք երբեք, երբեք, չենք ձուլուի: Մայր հայրենիքի պահակներն ենք մենք: Երբ դուք՝ Սփիւռքում ապրող, սակայն չձուլուած հայերդ մի օր հայրենիք վերադառնաք, մենք ձեզ գրկաբաց կը դիմաւորենք: Մենք մոխրի տակ գտնուող վառուող ածուխի նման ենք. երբ ժամանակը գայ, նորից կը բոցավառուենք: Միայն թէ դուք եկէք ու փչէք…», կոչ է անում Էրգրի հայը:

Նա կարծում է, որ այնպէս, ինչպէս ապրել են 100 տարի, կը շարունակեն գոյութիւն ունենալ, թէեւ ժամանակն է նաեւ երազանքներն իրականացնելու.

«Արդէն ինչ-որ բաներ անելու ճիշդ ժամանակն է… Միշտ յետաձգում ենք մեր երազանքները… Երբ մի բան 100 տարեկան է դառնում, արդէն հնութիւն է: Մենք էլ արդէն մէկ դարն անցել ենք: Իսրայէլցիները ցեղասպանութիւնից 4 տարի անց ազատ երկիր հիմնեցին: Մենք՝ Էրգրում ապրողներս, մեր գործը արել ենք ու շարունակում ենք անել: Արցախն ենք ազատագրել: Լաւ, իսկ դուք 100 տարի է՝ ի՞նչ էք արել…»:

«ՆՈՐԱՆՈՐ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here