Արտագաղթի Դէմն Առնելու Միակ Ճանապարհը

0
179

«ԱՐՄՈՒՈՐԼՏ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏ ԳԱԳԻԿ ԵԳԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգութեան սպառնալիք. ըստ վիճակագրական ծառայութեան՝ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ բնակչութեան թիւը նուազել է 15,200ով:

ԳԱԳԻԿ ԵԳԱՆԵԱՆ.- Նախ ասեմ, որ այս խնդիրը խիստ մտահոգում է մեր կառավարութեանը: Այդ մտահոգութեան վկայութիւնն այն է, որ եթէ մինչեւ 2012 թուականը այդ երեւոյթի վերաբերեալ տուեալները ստացւում էին միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական աջակցութեամբ իրականացուող հետազօտութիւնների շնորհիւ, ապա հիմա կառավարութիւնն ինքն է նման հետազօտութիւնների պատուիրատուն:

Նպատակն այն է, որ ունենանք մշտապէս թարմացուող տեղեկատուութիւն, եւ գործադիրի մատը միշտ լինի զարկերակի վրայ: Հայ-սլաւոնական համալսարանում կայ ձեւաւորուած թիմ, որը պետբիւջէի միջոցներով իրականացնում է նման հետազօտութիւններ:

Ցաւօք, դրական փոփոխութիւններ դեռ չեն արձանագրուել, նկատի ունեմ, որ բնակչութեան շրջանում աւելի շատ են արտագաղթելու տրամադրութիւնները: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանից մեկնողների թիւը անհամեմատ գերազանցում է ժամանողների թուին: Վերջին տարիներին չի եղել արտագաղթի կտրուկ աճ, սակայն այն թուերը, որ կան, անշուշտ, մտահոգիչ են:

Արտագաղթը մի երեւոյթ է, որի ծաւալների կրճատման մասին խօսելիս պէտք է նախ խօսենք ծնող պատճառների մասին: Իսկ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական տիրոյթում են:

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք ամենեւին չլինելով վատ սոցիալական վիճակում, այնուհանդերձ երկրից հեռանալ են ուզում, ասում են՝ ապագայի հանդէպ յոյս չկայ: Ու սա առանց հետազօտութիւնների, անզէն աչքով էլ նկատելի է: Ի դէպ, մտահոգիչն այն է, որ այդպէս մտածողների մէջ մեծ թիւ են կազմում երիտասարդները:

ԳԱԳԻԿ ԵԳԱՆԵԱՆ.- Այդ բոլորը դուք ասում էք՝ առանց հիմնուելու որեւէ հետազօտութեան վրայ, դա ձեր անձնական նկատառումներն են, ձեր սեփական եզրակացութիւնը, դրա համար թոյլ տուէք չընդունել որպէս ամենավերջին ճշմարտութիւն:

Արտագաղթը մի երեւոյթ է, որը միմիայն հնարաւոր է գնահատել հետազօտութիւնների ճանապարհով, քանի որ միայն այդպէս կարող ենք ստանալ ճիշդ տեղեկատուութիւն եւ տալ յստակ գնահատական: Մնացածը մարդկանց մտահոգութիւնների տիրոյթից են, նրանց անձնական, տեսողական դաշտի արդիւնք են: Երբեմն ասում են՝ արդարութեան պակասից են փախչում, ես էլ հարց եմ տալիս՝ անարդարութիւնից փախչելով ո՞ւր էք գնում՝ Ռուսաստա՞ն, արդար երկի՞ր էք գնում:

Ինչ վերաբերում է երիտասարդութեան շրջանում արտագաղթի բարձր թուերին, այն, որ 16-60 տարիքային խմբերի գերակշռող մասը՝ մինչեւ 80 տոկոսը, արտագաղթողներ են, նորութիւն չէ, այս իրավիճակը սկսուել է դեռ 90ականներից:

Ինչո՞ւ է այդպէս. պատասխանը դարձեալ հաստատում է իմ ասածը. պատճառը ընկերային վիճակն է՝ գործազրկութիւնը: Անշուշտ նաեւ կայ ապագայի նկատմամբ անվստահութիւն, կայ կայունութեան պակաս, բայց սրանք անհամեմատ փոքր տոկոս են կազմում:

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- Եւ ուրեմն՝ ի՞նչ յստակ քայլէր պէտք է անել այս վիճակը հնարաւորինս արագ շտկելու՝ արտագաղթը կասեցնելու, այն ներգաղթի վերածելու, ազգագրական խնդիրը լուծելու ուղղութեամբ:

ԳԱԳԻԿ ԵԳԱՆԵԱՆ.- Արտագաղթը կասեցնել նշանակում է վերացնել արտագաղթը ծնող պատճառները, խնդրի լուծումը այդտեղ պէտք է փնտռել: Երբեմն ինձ ասում են՝ ինչո՞ւ արտագաղթը կասեցնելու համար օրէնք չի ընդունւում: Բայց դա այնպիսի երեւոյթ չէ, որ մի օրէնքով հնարաւոր լինի կասեցնել:

Ես արդէն ասացի, որ հիմնական պատճառը, ըստ հետազօտութիւնների, սոցիալ-տնտեսական իրավիճակն է, ուրեմն արտագաղթը կասեցնելու համար պէտք է լինեն բարձր վարձատրութեամբ աշխատատեղեր, պէտք է վերանան տնտեսական կամ մասնագիտական գործունէութեամբ զբաղուելու դժուարութիւնները, Հայաստանում պէտք է փոխուի ներդրումային «կլիման», որպէսզի երկիրը դրա շնորհիւ դառնայ գրաւիչ, պէտք է փոխուի բարոյահոգեբանական մթնոլորտը:

Անվերջ՝ առաւօտից երեկոյ, լրատուամիջոցներով հաղորդւում, խօսւում է, թէ բոլորը գնացին, բոլորն արտագաղթեցին, ու մարդու մէջ տպաւորութիւն է ստեղծւում, թէ երեւի մենակ ինքը մնաց Հայաստանում:

Նաեւ տպաւորութիւն է ստեղծւում, որ գնալը շատ դիւրին բան է: Մինչդեռ ամենեւին էլ այդպէս չէ, գնալը կապուած է հազար ու մի վտանգ ներկացնող գործօնների հետ, նաեւ զգալի ծախսերի հետ: Ասեմ աւելին՝ գնացածներից շատերը դրսում յայտնւում են շատ աւելի վատ վիճակում, քան այստեղ են: Ուրեմն Հայաստանից արտագաղթելիս պէտք է տասը չափել ու նոր միայն մէկը կտրել:

Հարկաւոր է, որ տարբեր ոլորտներում իրականացուի նպատակային, ճիշդ քաղաքականութիւն, սա բազմաոլորտային աշխատանք է պահանջում: Միայն տարիների հետեւողական, նպատակասլաց աշխատանքի շնորհիւ կարող ենք դրական իրավիճակ ունենալ: Իհարկէ, իրավիճակի հիմնական պատասխանատուն կառավարութիւնն է, բայց հասարակութեան տարբեր շերտեր իրենց գործն ունեն անելու, այդ թւում՝ նաեւ լրատուամիջոցները՝ համապատասխան մթնոլորտ ձեւաւորելու միջոցով:

ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ.- ԱՄՆը պատրաստւում է փոխել «Գրին քարտ» ստանալու ներկայիս համակարգը, համաձայն որի՝ այն կը տրուի անձանց, որոնք ունեն մասնագիտական բարձր հմտութիւններ, շատ լաւ են տիրապետում անգլերէնին, ունեն սեփական ծախսերը հոգալու հնարաւորութիւն եւ կարողութիւն: Մի խօսքով, ԱՄՆը պատրաստւում է ուղեղների ներհոսք կազմակերպել: Իսկ մեր նման երկրները ուղեղների արտահոսքի դէպքում կը յայտնուեն լրջագոյն վտանգի առաջ, եթէ այսօր իսկ անհրաժեշտ քայլեր չձեռնարկուեն:

ԳԱԳԻԿ ԵԳԱՆԵԱՆ.- Այդ մօտեցումը միջազգային պրակտիկայում վաղուց է կիրառւում: Այն երկրները, որոնք գրաւիչ են, ունեն ներգաղթ կազմակերպելու մեծ ուժ, փորձում են այդ ճանապարհով լաւագոյն կադրերին տանել իրենց երկիր, այդ կերպ նպաստել սեփական տնտեսական առաջընթացին: Անգամ Աւստրալիայում, Անգլիայում գործում է բարձր որակաւորում ունեցող գաղթողներու ծրագիրը:

Եթէ նախկինում «Գրին քարտ» ստանալը վիճակախաղ էր, ապա հիմա ԱՄՆը նպատակ ունի ընտրովի ձեւով ընտրել լաւագոյններին, որպէսզի նրանք օգտակար լինեն իր երկրին: Դա իրենց երկրի համար ճիշդ քայլ է:

Իսկ ի՞նչ պէտք է անենք մենք: Արտագաղթի դէմն առնելու մի ճանապարհ կայ՝ երկիրը պէտք է երկիր սարքենք. դա այն է, ինչ անում է հիմա կառավարութիւնը, որին շատ ծանր բեռ է բաժին ընկել: Երկիրը երկիր կը դառնայ մի կողմից կառավարութեան նպատակասլաց, քրտնաջան աշխատանքի շնորհիւ, բայց միւս կողմից էլ հասարակութիւնն ունի իր անելիքը:

«ԱՐՄՈՒՈՐԼՏ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here