«Դրանք Տարածքներ Չեն, Դա Հայրենիք Է. Ինչպէ՞ս Ասեմ, Որ Հայրենիք Յանձնելը Ճիշդ Է». Պերճ Զէյթունցեան

0
166

«Երկիր».- Տեղեկացրել էինք արդէն, որ երկարատեւ, ծանր հիւանդութիւնից յետոյ, կեանքից հեռացաւ արձակագիր, թատերագիր, սցենարիստ (բեմագիր-Խմբ.) եւ թարգմանիչ Պերճ Զէյթունցեանը:

Ներկայացնում ենք Զէյթունցեանի մտքերը այս կամ այն խնդրի, հարցի առնչութեամբ. մտքերը վերցուած են «Ֆէյսբուք»ում գրողի պաշտօնական էջից.

«Իմ, դժուար էլ է հաւատալը, աւելի քան 60 տարիների գրական գործունէութեան ընթացքում միշտ համոզուած եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամէն օր գրասեղանի առջեւ նստի ու տքնի, սակայն այդպէս էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարէն՝ չեմ կարծում, թէ այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանուել եմ աշխարհի տասնմէկ լեզուով: Տասներկու թատերգութեան հեղինակ եմ, որոնցից միայն մէկն է՝ «Ապրելն Ու Մեռնելը», որ չի բեմադրուել: Վերջերս Ֆրանսիայում արժանացայ «Արարատ» գրական մրցանակին, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պաշտօնապէս յանձնեց, ԱՄՆում, «Ֆաունթեն» թատրոնում իմ երեք թատերախաղերի հիման վրայ, անգլերէն, ընթերցողական բեմադրութիւն ներկայացուեց, Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտութեան ամբիոնն ինձ Գրիգոր Նարեկացու անուան շքանշան շնորհեց: Ահա եւ իմ ապրած կեանքի համառօտ հանրագումարը»:

***

«Արտաքուստ ես շատ միօրինակ, միապաղաղ կեանքով եմ ապրում, այլազան զուարճանքների չեմ տրւում, մոլախաղերով չեմ տարւում: Պարզապէս խաղալ չգիտեմ, ժամանակին չեմ սովորել: Իմ թատերագրութիւնը, եթէ կարելի է այդպէս արտայայտուել, այդ խաղերին է փոխարինում, քանի որ ի վերջոյ նոյնպէս խաղ է: Անուանումն էլ է նոյնը վկայում՝ թատերախաղ. այսինքն՝ խաղ, որն ինձ զբաղեցնում է գործողութիւնների լարուածութեամբ, ներքին անակնկալներով, խարդաւանքներով, հէնց թէկուզ կառուցուածքային իւրայատկութեամբ: Ընթերցանութեան առումով էլ թատերգութիւնն ինձ համար սիրելի գրական ժանր է»:

***

«Մինչեւ 1988 թուականը ես հրապարակախօսութեամբ չեմ զբաղուել, մամուլում յօդուածներով հանդէս չեմ եկել:

1988ի շարժումն ինձ այլափոխեց՝ ես ամբողջ էութեամբ տարուեցի մեր ժողովրդի միասնականութեամբ, վճռականութեամբ, հաւատացի, որ պատմական իրադարձութիւնների էի մասնակցում: Դրանք, առանց չափազանցութեան, իմ կեանքի ամենաերջանիկ օրերն էին: Ես շարժման մասնակից ամենաանաղմուկ, բայց հաւատարիմ գրողն էի, Օպերայի հրապարակում իմ մշտական, մեկուսի տեղն ունէի, ամէն երեկոյ, առանց բացառութեան, բոլոր հռետորներին ծայրեծայր լսում էի: Եթէ հանրահաւաքը շատ ուշ էր վերջանում, ոտքով էի տուն վերադառնում: Որքան մեծ էր իմ ոգեւորութիւնը, այնքան էլ դառն ու խորը եղաւ յաջորդած հիասթափութիւնը, մանաւանդ որ նիւթականը իսկոյն փոխարինեց հոգեկանին, գրական ընթերցանութիւնը մոռացուեց, մշակոյթն ընդհանրապէս անտեսուեց: Իմ հրապարակագրութիւնը ներքին այդ բախումից է ծնուել, քանի որ ինձ համար օրէնքը հասարակութեան, երկրի բարոյականութեան հիմքն է»:

***

«Հայկական բանակը մեր պատմական նուաճումն է, որով ամէն հայ պիտի հպարտանայ: Հպարտանում է: Երբ ես փողոցում կամ հեռուստատեսութեամբ հայկական համազգեստով, զինանշաններով զինուորներ եմ տեսնում, ներքին բերկրանքս չեմ կարողանում սքօղել ու, երեւի տարիքից է, ուրախութիւնից քիչ է մնում լաց լինեմ: Այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեմ համակերպւում այն լուրերի հետ, որ մեր զօրամասերում ներքին բախումներ են պատահում: Դա իմ կարծիքով խորհրդային՝ բազմազգ բանակի տխուր ժառանգութիւնն է: Ամէն հայ նորակոչիկ համազգեստ հագնելու պահից պիտի մէկընդմիշտ հասկանայ, որ ինքը ծառայելու է իր հայրենակիցների՝ եղբայրների հետ, իսկ բոլորը միասին ծառայելու են համընդհանուր, համազգային նպատակի»:

***

«Հայաստանն իմ միակ հայրենիքն եմ համարում, Հայաստանից հեռու ինձ որպէս անհատ, առաւել եւս գրող չեմ պատկերացնում: Չնայած այսպէս կոչուած ձնհալից յետոյ էլ եմ շատ հալածուել: Իմ «Ոտքի՛, Դատարանն Է Գալիս» թատերախաղը հանրապետութեան կուսակցական ղեկավարները առանց դիտելու արգելեցին: Ես խորապէս վիրաւորուած էի ոչ այնքան իմ ստեղծագործութեան ճակատագրի, որքան այն անանձնական վրիժառուի համար, որը ցեղասպանութեան մոլագարութիւնը չյաղթահարած մեր ժողովրդին ազգային արժանապատուութիւն հաղորդեց, ում անգամ գերմանական դատարանն արդարացրեց»:

***

«Մարդը, ինչպէս սովորաբար ընդունուած է կարծելը, դիմակի է դիմում ոչ այնքան դիմացինի, որքան իր համար: Նա ձգտում է այնպիսին լինել, ինչպիսին ի՛նքն է իրեն պատկերացնում եւ ոչ այնպիսին, ինչպիսին ուզում է, որ ուրիշներն իրեն տեսնեն: Սա՝ ի միջի այլոց: Թերեւս ոչ այնքան իմիջիայլոց…»

***

«Չպիտի ջայլամի պէս գլուխներս խոթենք աւազի մէջ: Էս մէկուկէս միլիոն մարդու արտագաղթը մեծագոյն աղէտ է Հայաստանի համար: Մէկ-մէկ խօսում ենք, ուղղակի փնթփնթում ենք մենք: Սա պէտք է դառնայ ազգային հարց: Ղարաբաղի հարցին հաւասար ազգային հարց: Ղարաբաղը որ ունենանք եւ մէկուկէս միլիոն հայ չունենաք այսօր, ի՞նչ կը ստացուի: Չի փոխհատուցւում, չէ՞: Իսկ դրա համար պէտք է մտածենք, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հայը ոչ թէ ուզենայ արտագաղթել, այլ ներգաղթել: Մէկ խնդիր ունենք այսօր՝ ստեղծել բարեկեցիկ Հայաստան: Ստեղծենք մի երկիր, ուր բարոյական արգելանքներ լինեն: Այսօր չեմ տեսնում այդ բարոյական արգելքները: Դրա վերականգնման համար ես ունեմ մի միամիտ դեղատոմս ընդամէնը՝ պէտք է լինի օրէնքի գերակայութիւն: Եթէ դառնայ օրէնքի երկիր, երբ ոչ թէ օրէնքը կախուած լինի մարդուց, այլ մարդը օրէնքից, այդ դէպքում օրինականութեան հիմքերը կը դրուեն: Սա մէկ:

Երկրորդ հակասութիւնը՝ մեր մշակոյթը, մեր ողջ մշակութային ժառանգութիւնը եւրոպական մակարդակ ունի, իհարկէ հիմքը ազգային է, բայց հաւասարազօր է եւրոպականին: Ինչպէս Վարուժանն է ասել. «Մեր գրականութիւնը պէտք է ազգային ըլլայ, բայց անոր հիմքը պէտք է համամարդկային ըլլայ»: Այդպէս էլ մեր ողջ մշակոյթը եւրոպական է: Բայց մեր կենցաղը արեւելեան է: Նայէք մեր հարսանիքները, թաղումները, կնունքները, մենք մեր կենցաղով արեւելեան ենք: Բայց դրա կողքին Խաչատրեան, Սարեան, Բաբաջանեան ունենք, Կոջոյեան ունենք, որոնք կապ չունեն դրա հետ:

Ահա այս խզումը կայ: Նման խզումներ շատ կան, սրանք աստիճանաբար վերացնելու մասին նաեւ պէտք է մտածենք: Պէտք է նայենք նոյն ուղղութեամբ, ուր ընթանում է համաշխարհային արուեստը, օդանցքները բացել, տեսնել, թէ աշխարհում ինչ կայ եւ քո օդի մէջ բերել նաեւ այդ օդը, իհարկէ ազգայինը պահպանելով: Պատահական չէ, որ այսօր մեր պօէզիան թարգմանւում է եւ ամէնից շատ Սեւակն է ընդունելութեան արժանանում դրսում: Ինչո՞ւ, որովհետեւ նա համաշխարհային գրականութեանն ընթանում է համաքայլ: Նա լուսանցքում չէ: Լուսանցքում, որ ընկնես, քեզ ոչ ոք չի հասկանայ: Այ մենք պէտք է ձգտենք մնալով խիստ ազգային, հայ, բայց այնուամենայնիւ լուսանցքում չմնալ»:

***

«Այսպէս ասած «գրաւեալ տարածքները» ո՞րն են: Ես շատ դէմ եմ տարածքներ յանձնելուն: Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է: Ես ինչպէ՞ս ասեմ, որ հայրենիք յանձնելը ճիշդ է: Հերիք է կորցնենք, գոնէ մի անգամ ինչ-որ բանի տէր լինենք»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here