Նախագահ Սերժ Սարգսեան Սոչիի Մէջ Հանդիպեցաւ Վլատիմիր Փութինին

0
114

ՍՈՉԻ.- Նախագահ Սերժ Սարգսեան Չորեքշաբթի, 23 Օգոստոսին, Սոչիի մէջ հանդիպեցաւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետութիւններու ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով յարաբերութիւններու օրակարգին եւ համագործակցութեան վերաբերող հարցեր, անդրադարձան նախագահ Սերժ Սարգսեանի այս տարուան Մարտին Ռուսիա կատարած պաշտօնական այցին ժամանակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու իրագործման ընթացքին:

Նախագահները անդրադարձան նաեւ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) ծիրէն ներս զարգացող գործընթացներուն, միտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերու, որոնց շարքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ:

Ստորեւ՝ Հայաստանի նախագահի մամլոյ ծառայութենէն փոխանցուած հանդիպման ընթացքին նախագահներու ելոյթները.

«Յարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ ձեզ տեսնել:

Այս տարի մենք նշում ենք լաւ տարեդարձներ մեր համագործակցութեան շրջանակներում. լրացաւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակը, եւ մի քանի օրից՝ Օգոստոսի 29ին, կը լրանայ առանցքային՝ Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին պայմանագրի ստորագրման 20ամեակը:

Այս ժամանակահատուածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպէս երկու ինքնիշխան պետութիւնների միջեւ յարաբերութիւնները շատ լուրջ կերպով ամրապնդուել են:

Պահպանւում է ինտենսիւ (աշխոյժ-Խմբ.) քաղաքական երկխօսութիւն, ընթանում է երկկողմ համագործակցութիւն ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգութեան, ե՛ւ ռազմական ոլորտներում: Մենք ակտիւ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպութիւնների եւ մեր ինտեգրացիոն (համարկման-Խմբ.) միաւորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել եւ զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»:

Նախագահ Սարգսեան իր կարգին ըսաւ. «Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի,

Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար եւ շնորհակալ եմ հրաւէրի համար: Իրականում մենք մի քանի օրից նշելու ենք Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին պայմանագրի ստորագրման 20ամեակը: Յետագայ տարիները դարձան մեր միջպետական յարաբերութիւնների զարգացման ակտիւ շրջան:

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային յարաբերութիւններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիւ երկխօսութեամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում արդիւնաւէտ համագործակցութեամբ, անվտանգութեան, ռազմական եւ ռազմատեխնիկական (ռազմական արհեստագիտութեան-Խմբ.) ոլորտներում արգասաբեր համագործակցութեամբ:

Մեր առեւտրատնտեսական յարաբերութիւնները ինտենսիւ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առեւտրաշրաջանառութեան 15 տոկոսանոց աճ: Այս տարուայ առաջին վեց ամիսների ընթացքում այն աւելացել է գրեթէ 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարութիւնների ու խորհրդարանների միջեւ կապը: Մշտապէս զարգանում է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում համագործակցութիւնը:

Այս ամէնին, իհարկէ, նպաստում են բարձրագոյն եւ բարձր մակարդակներում մշտական այցերը: Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնութեան Դումայի նախագահը, Անվտանգութեան խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկուայում եղել պաշտօնական այցով, մեր խորհրդարանի նախագահը, վարչապետը: Աշնանը մենք Հայաստանում սպասում ենք Ռուսաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, նախարար Մանտուրովին՝ գործարարների եւ պետկառավարիչների մեծ պատուիրակութեան կազմում՝ Եւրասիական համագործակցութեան երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում:

Բառացիօրէն օրեր առաջ կայացան երեք կարեւորագոյն երկկողմ յանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիակական, առեւտրատնտեսական եւ խորհրդանական համագործակցութեան: Աշնանը Ռուսաստանում կ՛անցկացուեն Հայաստանի օրերը: Շատ կարեւոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացուելիք միջոցառումները չեն սահմանափակւում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով, միջոցառումներ կ՛անցկացուեն Ռուսաստանի 13 քաղաքներում:

Ցանկանում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել անտառային հրդեհների մարման ուղղութեամբ ցուցաբերուած օգնութեան համար»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here