Էդուարդ Նալբանդեան Կը Մատնանշէ Հոկլանտի Սխալներն Ու Վրիպումները

0
135

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Հայաստանի արտաքին գործոց նախարար էդուարդ Նալբանդեան, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ դեսպան Հոկլանտի յայտարարութիւնը, յայտնած է, որ իր հրապարակած կէտերուն մէջ Հոկլանտ տուած է որոշ անճշտութիւններ ու վրիպումներ:

«Ես այսօր արդէն առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին եւ նշել եմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, արտայայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերեալ ընդունուած հինգ յայտնի յայտարարութիւնների դրոյթները», ըսած է Նալբանդեան:

«Իր մեկնաբանութեան մէջ Հոգլանդ փորձել է հաւատարիմ մնալ դրանց, սակայն թոյլ է տուել որոշ անճշդութիւններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերեալ դիրքորոշումն արտայայտւում է ոչ թէ առանձին մեկնաբանութեան, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկութիւնների եւ յայտարութիւնների միջոցով, մասնաւորապէս, նախագահական մակարդակով ընդունուած հինգ յայտարարութիւններում, որոնք բազմիցս վերահաստատուել են եռանախագահների կողմից, ինչպէս օրինակ նախորդ տարուայ Դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների յայտարարութեան մէջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը»:

Ըստ նախարար Նալբանդեանի՝ բացի հիմնահարցի կարգաւորման վեց տարրերէն, եռանախագահ երկիրներու նախագահներու եւ արտաքին գործոց նախարարներու յայտարարութիւնները որպէս հակամարտութեան կարգաւորման հիմք կ՛ընդունին ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդներու իրաւահաւասարութեան ու ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականութեան միջազգային իրաւունքի երեք սկզբունքները:

«Հայաստանը բազմիցս է արտայայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս յայտարարութիւնների վերաբերեալ: Նոյնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ յայտարարութիւնները՝ ձեւացնելով թէ դրանք ընդհանրապէս գոյութիւն չունեն: Այսպիսով, Բաքուն բացայայտօրէն դէմ է դուրս գալիս համանախագահ երկրների մօտեցումներին:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգաւորման շուրջ մտացածին սցենարներ է յօրինում, կարգաւորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում եւ եռանախագահների շարունակական յայտարարութիւնները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքները իրականութեան հետ ոչ մի կապ չունեն:

Իր այս վերջին մեկնաբանութեան մէջ Հոգլանդը ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման տարրերի թուարկումը սկսում է կամարտայայտութեան միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումից, որն իրաւական պարտադիր ուժ պէտք է ունենայ՝ ներառեալ Ադրբեջանի համար», նշած է նախարարը:

Ըստ անոր՝ Պաքուի համար սովորական երեւոյթ դարձած է ետ կանգնիլը նախապէս ձեռք բերուած համաձայնութիւններէն:

«Մասնաւորապէս, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների յայտարարութիւնը նաեւ եւս մէկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերուած համաձայնութիւնները: Ինչպէս յայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտայայտել են դրանք իրականացնելու պատրաստակամութիւն, մինչդեռ Ադրբեջանը՝ հրաժարւում է, յետ է կանգնում իր ստանձնած յանձնառութիւններից:

Հայաստանը հետեւողականօրէն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղուած ադրբեջանա-ղարաբաղեան համակարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը», ամփոփած է Նալբանդեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here