ՕԳՏԱԿԱՐ Է ԻՄԱՆԱԼ-ԱՋԱՊԱՀՅԱՆ ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

0
312

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՄԻՔԱՅԵԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ
ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ, ՈՒՄ ԱՆՈՒՆԸ ՎԵՐՑՐԵԼ Է,
ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ:

ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ – իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում: Ժառանգաբար պահպանել են կաթողիկոսական խորհրդանիշ համարվող Սրբազան Աջերը (ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Սեղբեստրոսի, ս. Նիկողայոս Սքանչելագործի, ս. Պարսամի) և այլ սրբություններ: Այստեղից էլ՝ տոհմի անունը:
Ձեռագիր հիշատակարաններում արձանագրված ավանդության համաձայն, գերդաստանը սերել է Հեթում Բ թագավորի եղբայր՝ Հովհաննեսից: 1292-ի հուլիսի 28-ին եգիպտական զորքերը, գրավելով Հռոմկլան, գերեվարել են Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և տարել կաթողիկոսական բոլոր սրբություններն ու թանկարժեք անոթները: Մի քանի տարի հետո, մեծ ջանքերի գնով, Հեթում արքային ու Հովհաննես Արքայեղբորը հաջողվել է վերադարձնել սրբությունների մի մասը, որոնց թվում՝ նաև սրբազան Աջերը: Հետագայում, նման դեպքերից խուսափելու համար, դրանք հանձնվել են ի պահպանություն Հովհաննես Արքաեղբորն ու իր հաջորդներին: Այսպես հիմնվել է Աջապահյան տոհմը, որը մեծ դեր է կատարել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի, մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոսության (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո) եկեղեցական, վարչական, հոգևոր կյանքում: 1731-ին Հուսիկ քհն. Աջապահյանը մեկնել է Կ. Պոլիս և սուլթանից ստացել Կիլիկիայի կաթողիկոսության հրովարտակը, որով Ա-ին իրավունք է տրվել տնօրինելու կաթողիկոսության գահը:
1731 – 1866-ին, անընդմեջ, կաթողիկոս են օծվել Ա-ի Սսի ճյուղի ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ.
Ղուկաս Ա (1731-37) , Միքայել Ա (1737-58 ) , Գաբրիել Ա (1758-70) , Եփրեմ Ա (1771-84) , Եղիազար Ա (1772 , անվավեր) , Թեոդորոս Ա (այլ ցանկերում՝ Թորոս Գ, 1784-96), Կիրակոս Ա Մեծ (1797-1822) , Եփրեմ Բ (1823-33 ), Միքայել Բ (1833-55) , Կիրակոս Բ (1855-66):
Աջապահյան տոհմի կաթողիկոսները (Ղուկաս Ա, Միքայել Ա, Կիրակոս Ա) ծավալել են շինարարական, վարչական, հոգևոր-մշակութային և կրթական մեծ գործունեություն: Գրական գործունեությամբ աչքի է ընկել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը:
1860-ի Ազգային սահմանադրությամբ սահմանափակվել են Ա-ի իրավունքները, թեև, համաձայն գերդաստանի սրբագործված ավանդության, Ա-ի ժառանգներն իրենց տիրական ներկայությունը պահել են Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի միաբանության շարքերում: Մեծ Եղեռնի տարիներին նրանք նույնպես ենթարկվել են ջարդի և տեղահանության: Փրկվածները բնակություն են հաստատել Լիբանանում, որտեղից էլ հետագայում սփռվել են այլ երկրներ:
Աղբյուրը՝
« Քրիստոնեական Հայաստան» հանրագիտարան
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՄԻՔԱՅԵԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ, ՈՒՄ ԱՆՈՒՆԸ ՎԵՐՑՐԵԼ Է,
ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ:
ՄԻՔԱՅԵԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ՝
նահատակվել է 1909թ.-ին, Ադանայի եղեռնին, հայտնելով իր հավատարմությունը ՝ իր կրոնին, իր եկեղեցուն, իր պատմությանը ..
Նա առաջին Աջապահյանը չէ, նահատակ:
Աջապահյան գերդաստանը ունեցել է 10 կաթողիկոս, որոնցից 5-ը նահատակներ են թուքերի կողմից:
Միքայել Ծայրագույն Վարդապետ Աջապահյանը, ընդամենը վերջին օղակն է նահատակների:
Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը՝ ունի հարուստ պատմություն և կենսագրություն: Եվ նրա կենսագրության մաս են կազմում այս նահատակները:
Միքայել Սրբազանի մեջ, խոսում է այս նահատակների արյունը: Ինչում մենք համոզվել ենքՙ նրա ծառայության տարիներից ելնելով, ում գործելակերպը՝ պարզ և թափանցիկ է եղել բոլորի աչքի առջև: Իսկ ովքեր կասեն, թե ոչինչ չեն տեսել , ես կհակադարձեմ , տեսողության լուրջ խնդիրներ են առկա այդպիսինների մոտ …
Միքայել Սրբազանը, հարուստ ժառանգության կրող է: Եվ լինելով նման ժառանգության կրող, նա անհամեմատ համեստ, զուսպ կենցաղով ապրող, ազնիվ եւ նվիրյալ է իր առաքելությանը:
Հայ առաքելական Եկեղեցւո հավատքի, հայության համար հավատքի, նահատակված գերդաստանի զավակների ժառանգորդն է՝ Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:
Մի առիթով Սրբազան Հայրը ասել է,-
«Ինձ համար հավատարմությունը՝ գերագույն արժեք է: Դրա համար ես չեմ կարող հասկանալ դավաճանությունը … Ինձ համար անընդունելի է դավաճանությունը:
Ինձ համար անընդունելի է ուրացությունը:
Ինձ համար, որքան անընդունելի է հայրենիքի նկատմամբ դավաճանությունը, նույնքան անընդունելի է՝ Հայ Առաքելական Եկեղեցւո նկատմամբ դավաճանությունը:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ:
ՀՈԳԻ ԵՎ ՄԱՐՄԻՆ:
Չենք կարող հավատարիմ մնալ միայն նյութական հայրենիքի նկատմամբ, մոռանալով հոգևոր հայրենիքը:
Հոգևոր Հայրենիքով է , որ մենք ապրում ենք :
Հոգևոր հայրենիքն էր, որ ստեղծեց նյութական հայրենիքը, անկախ պետականության պայմաններում»:
Ձեռնադրվելիս Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, հատուկ կերպով վերցրել է Միքայել Ծայրագույն Վարդապետ Աջապահյանի անունը, որպեսզի Իր գործը շարունակի:
Նահատակ Հայր Սուրբը, 28 տարեկան հասակում, խժդժորեն է նահատակվել, անլուր չարչարանքների մեջ: Թերևս այդ չարչարանքների մեջ, շատ շատերը կուրանային, իրենց հավատն էլ, եկեղեցին էլ, հայրենիքն էլ և ամեն սրբություն ևս:
Այդ վարդապետը չի ուրացել:
Այս հարուստ պատմության ժառանգորդն է՝ Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը:
Աստված օգնական և պահապան լինի Սրբազան Հորը: Ամեն
Կազմեց՝ Յ.Սանդոյանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here