Մեր Լեզուն, Մեր Խօսքը

0
176

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Այս բառերը կարդալիս ամէն մի հայի մօտ կը զուգորդուի է ոչ թէ հայոց լեզուի եւ հայերէն խօսքի վերաբերեալ ինչ որ աշխատութիւն, այլ յարգուած Արտեմ Սարգսեան անխոնջ մշակի նուիրական անունը, ով տասնեակ տարիներ հեռուստատեսային էկրանից (պաստառէն-Խմբ.) մեզ է հրամցնում հայոց լեզուի եւ հայերէն խօսքի փիլիսոփայութիւնը: Այո, փիլիսոփայութիւն, որովհետեւ մենք այն ընկալում ենք որպէս բարձրագոյն խօսք, անթերի ու հասկանալի բացատրութիւն ստանալով ամէն մի հարցի վերաբերեալ: Նրա խօսքերը մատուցւում ու հնչում են վստահ, սահուն, գրագէտ հայերէնով, երբեմն էլ նուրբ հումորով (կատակաբանութեամբ, սրամտութեամնբ-Խմբ.) համեմուած: Մեր սերունդը մեծացել է «Մեր Լեզուն, Մեր Խօսքը» հեռուստահաղորդման հետ միասին, որը երբեք չկորցրեց իր հեղինակութիւնը, իր բարձրագոյն արժէքը՝ հայոց լեզուն եւ հայերէն խօսքը հեռուստադիտողին մաքրամաքուր հայերէնով մատուցումը:

Արտեմ Սարգսեանը ցանկալի եւ պահանջուած հիւր է ամէն մի միջոցառման ժամանակ, որովհետեւ բոլորն են ցանկանում լսել նրա կարճ (որովհետեւ իր խօսքով չի ցանկանում շատերի նման ձանձրացնել), բայց շատ բովանդակալից խօսքը կատարուող իրադարձութեան կամ մեծարուող անհատի, գրական ստեղծագործութեան եւ այլնի մասին: Ելնելով հանդիսատեսներից, նա իր խօսքը կարող է ուղղել ե՛ւ արեւելահայերէնով, ե՛ւ արեւմտահայերէնով, ե՛ւ գրաբարով, եւ թէկուզ ռուսերէնով: Բացի ՀՀում կատարած իր գործունէութիւնից, որպէս հայոց լեզուի եւ խօսքի մեծ մասնագէտ, նա երկար տարիներ աշխատել է Երուսաղէմում եւ Կիպրոսի Մելգոնեան վարժարանում, դասաւանդել եւ կրթել հազարաւոր ուսանողների եւ մարդկանց, որոնց թւում նաեւ մենք ենք՝ իր հեռուստահաղորդման հանդիսատեսը:

«Մեր Լեզուն, Մեր Խօսքը» հաղորդաշարի հետ զուգահեռ, շուրջ 40 տարի նա վարում է իր հեղինակած «Դարը» հաղորդաշարը, որը դիտելիս հեռուստադիտողը ոչ միայն ծանօթանում է աշխարհի տարբեր ծայրերում նկարահանած հայկական պատմութեան էջերին, այլ նաեւ լսում հայերէն խօսքը, պատմութեան մատուցման այն հմտութիւնները, որոնք յայտնի են միայն Արտեմ Սարգսեանին: Այդ հաղորդաշարի հիւրերն են լինում նաեւ հայ հասարակութեանը յայտնի գրողներ, գիտնականներ, իրենց գործունէութեամբ աչքի ընկնող մտաւորականներ…

Արտեմ Սարգսեանը նաեւ հաճելի զրուցակից է, ում հետ կարող ես ժամերով խօսել, լիաթոք ծիծաղել իր հետ պատահած զարմանալի եւ զաւեշտալի պատմութիւնները լսելիս: Ամէն մի զրոյց, ամէն մի պատմութիւն անպայման համեմւում է յանպատրաստի կատակներով եւ յանգաւորուած երկտողով կամ քառատողով եւ զրոյցն ընդանում է բաւականին անկաշկանդ մթնոլորտում:

Շատ հարուստ անցեալ է ունեցել Արտեմ Սարգսեանը: Թէ՛ իր պապերը, թէ՛ իր ծնողները, հարազատները նշանակալից դեր են ունեցել պատմական իրադարձութիւնների առիթով, որոնց մասին յուսով ենք կը կարդանք պարոն Սարգսեանի յուշերում: Բարեացակամ, կամեցող, համեստ անձնաւորութիւն է, ում հետ հանդիպումների, զրոյցների արդիւնքում անպայման բաժանւում ես մի նոր դիպուածով, մի նոր հետաքրքիր դէպքով, մի նոր անեկդոտով հարստացած: Շատ մեծ է իր վաստակը հայոց լեզուի ուսուցման, մատուցման, զարգացման գործում: Բազմաթիւ գիտական աշխատութիւնները, գեղարուեստական գրքերը կարդացւում են մեծ հետաքրքրութեամբ։

Ժողովուրդն Արտեմ Սարգսեանին ընկալում է որպէս ակադեմիկոսի, ուրիշ կերպ չեն պատկերացնում: Տարբեր առիթներով զրոյցների ժամանակ, երբ խօսքը վերաբերւում է Արտեմ Սարգսեանին, մարդիկ ներկայացնում են նրան որպէս ակադեմիկոսի, իսկ զրուցակիցն էլ հաստատում է դա: Այո, այնքան մեծ է նրա հեղինակութիւնը, վաստակը, որ մարդկանց պատկերացմամբ միայն ակադեմիկոսը կարող է այդպիսին լինել: Կարծում եմ, որ ժամնակն է, որ այդ բացը լրացուի եւ իր յոբելեանի առիթով նա արժանանայ իրեն արժանի տիտղոսին: Այսինքն, զինուորական լեզուով ասած՝ նա հայոց լեզուի եւ հայերէն խօսքի գեներալ է, լաւ շարունակում է հարստացնել մեր լեզուն, մեր խօսքը հայոց լեզուի միասնական ուղղագրութեան եւ միասնական բառապաշարի ստեղծ-ման ուղղութեամբ:

Հազարամեակների հեռաւորութիւնից պահպանուած ամենահին լեզուն եւ խօսքը Արտեմ Սարգսեանի շուրթերից արտաբերւում է այնպիսի ճկունութեամբ, բառերի այնպիսի շարադրանքով, ոչ մի բառի ընտրութեան համար չընկըրկող թեթեւութեամբ, որ լսողը ընկալում է որպէս «աստուածային լեզու» եւ հպարտանում, որ ինքն էլ է այդ լեզուի եւ խօսքի կրողը:

Լրանում է Արտեմ Սարգսեանի 75ամեակը, նրա մասին շատերն են գրել, մեծարել, արտայայտուել եւ դեռ էլի կը գրեն: Նա ԳԱԱ թղթակից անդամ է, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ժողովրդի կողմից յարգուած անձնաւորութիւն:

Իր յոբելեանական տարելիցի առիթով ցանկացայ ներկայացնել մեծ լեզուաբանին իմ պատկերացմամբ, իմ ընկալմամբ…

Իսկ իր պատմած հետաքրքիր պատմութիւնները, որոնք նոյնպէս բնութագրում են վաստակաշատ գիտնականին, գիտակցաբար չմէջբերուեցին, որպէսզի չխախտուի հեղինակային իրաւունքը: Կարծում եմ, հանրութիւնը դրանց հաղորդակից կը լինի շատ շուտով, ականաւոր գիտնականի հետաքրքիր մատուցմամբ:

Վաձքդ կատար պարոն Սարգսեան, մենք կարօտ ենք «Մեր Լեզուն, Մեր Խօսքը» եւ «Դարը» հաղորդաշարերին եւ ձեր բովանդակալից խօսքին…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here