Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ

0
108

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները շարունակում են լքել կուսակցությունը՝ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կուսակցությանն անդամակցելու նպատակով: Բալըքեսիրում ԱՇԿ 165 անդամ կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Հեռացողները նշել են, որ կուսակցությունը հեռացել է հիմնադրի՝ Ալփարսլան Թյուրքեշի քաղաքական գծից, ժողովրդավարական սկզբունքներից: Նրանք ընդգծել են, որ ԱՇԿ-ն այլևս չի ներկայացնում այն քաղաքացիների շահերը, որոնք ձայն են տվել կուսակցությանը:

Ազգայնական կուսակցության արդեն նախկին անդամները հայտնել են, որ միանում են Աքշեների կուսակցությանը:

Օգոստոսի 29-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մանիսա նահանգում ևս ԱՇԿ անդամ 549 մարդ հայտարարել են կուսակցությունից հեռանալու որոշման մասին:

Մերալ Աքշեները նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Ակնկալվում է, որ նրա կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի հոկտեմբերին: Նշվում է, որ կուսակցության անվանումը լինելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:

Թուրքիայում քննարկվում է այն հարցը, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում Աքշեները լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: Ուշագրավ է, որ նա կլինի առաջին կին քաղաքական գործիչը, ով թեկնածություն կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում:

http://armenpress.am/arm/news/903505/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here